Տղամարդկանց մոտ միզուկաբորբը բնորոշվում է միզուկից արտադրությամբ և/կամ դիզուրիայով: Կարող է լինել ֆիզիոլոգիական արտադրություն միզուկից, ինչպես նաև միզուկաբորբ առանց միզուկից տեսանելի արտադրության: Հարկ է նշել, որ նույնիսկ տեսանելի արտադրություն ունեցող որոշ հիվանդներ կարող են չնկատել իրենց հիվանդությունը:
Միզուկաբորբի ախտորոշումը պետք է հաստատվի առաջնային միզուկում բազմակորիզ լեյկոցիտների քանակի ավելացմամբ (միզուկային քսուկի կամ մեզի առաջնային շիթի քննություն): Միզուկաբորբը համարվում է գոնոկոկային վարակ, եթե հայտնաբերվում է N. gonorrhoeae, և ոչ գոնոկոկային (ՈԳՄ)` եթե գոնոկոկ չի հայտնաբերվում: ՈԳՄ-ի դեպքերի մեծ մասը պայմանավորված է քլամիդիայով: Այն դեպքերը, երբ առկա չեն ոչ քլամիդիա և ոչ էլ գոնոռեա, դիտարկվում են որպես ոչ գոնոկոկային, ոչ քլամիդիային միզուկաբորբեր կամ ավելի հակիրճ` ոչ յուրահատուկ միզուկաբորբ (ՈՅՄ):

Կարևորություն
- Միզուկաբորբը բարձրացնում է սեռական հարաբերության ժամանակ ՄԻԱՎ-ի փոխանցման և/կամ ձեռքբերման վտանգը:
- Միզուկային արտադրության հարուցիչները, մասնավորապես գոնոկոկը և քլամիդիան կանանց մոտ հաճախ անպտղություն պատճառ են հանդիսանում: - Միզուկաբորբը կարող է առաջացնել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են սեռականորեն ձեռքբերված ռեակտիվ արթրիտը, իսկ հետին միզուկի ընդգրկման դեպքում` նաև մակամորձու և շագանակագեղձի բորբոքումները:

Պատճառագիտություն
- N. gonorrhoeae
- Ոչ գոնոկոկային միզուկաբորբերի դեպքում (ՈԳՄ)
- 30-50% դեպքում հարուցիչն է C. trachomatis-ը
- Ureaplasma urealycticum-ը և Mycoplasma genitalium-ը առաջացնում են ՈԳՄ և կազմում ընդհանուր դեպքերի 10-20%-ը` համապատասխանաբար:
- Այլ հարուցիչներ ավելի հազվադեպ են հանդիպում: ՈԳՄ-ի 1-17% դեպքերում հայտնաբերվում է հեշտոցային տրիքոմոնիազ: Neisseria meningitidis-ով, հասարակ հերպեսի վիրուսով, Candida sp.-ով, միզային համակարգի բակտերիալ վարակով, միզուկի լուսանցքի նեղացումով և օտար մանրէներով կարող են պայմանավորված լինել դեպքերի միայն փոքր մասը (10%-ից պակաս): Չի բացառվում հնարավոր կապը բակտերիալ վագինոզի հետ:

Ախտորոշում

Կլինիկական ախտանշաններ
- Ուրեթրալ արտադրություն
- Դիզուրիա
- Առնանդամի գրգռվածություն

Կլինիկական նշաններ
- Արտադրությունը կարող է հայտնվել միայն միզուկի մերսման դեպքում: - Բալանոպոսթիտ. հայտնի չէ արդյոք սա դիստալ ուրեթրիտի ոչ սպեցիֆիկ պատճառ է, թե ուրեթրիտի նշան, կամ թե երկուսը միասին:
- Մակամորձու բորբոքում:

Բարդությունները
Առավել հաճախ պայմանավորված են գոնոկոկով կամ քլամիդիայով: - Մակամորձու, ամորձու բորբոքում:
- Սեռականորեն ձեռքբերված ռեակտիվ հոդաբորբ:
- Ռեյտերի համախտանիշ:
Արտադրությունից, դիզուրիայից գանգատվող տղամարդկանց պետք է մանրամասն զննել արտադրության առկայության կապակցությամբ: Չերևալու դեպքում` հիվանդը մերսում է միզուկը` առնանդամի սկզբից դեպի միզուկի բացվածքը:

Լաբորատոր հետազոտություններ

Մանրադիտակաին հետազոտության հնարավորություն.
Տղամարդկանց մոտ միզուկաբորբի ախտորոշումը պետք է հաստատվի առաջնային միզուկում բազմակորիզ լեյկոցիտների առկայությամբ: Միզուկից քսուքի կամ մեզի առաջնային շիթի քննությունը հետազոտման վստահելի մեթոդ է: Երկու թեստով էլ կարելի է ճշտել հիվանդության առկայությունը:
- Գրամի մեթոդով մշակված քսուքը, որի մեջ կան 5 կամ ավելի լեյկոցիտներ, x1000 մանրադիտակային դաշտում (միջինում ավելի քան հինգ դաշտում) և/կամ
- Գրամի մեթոդով մշակված մեզի առաջնային շիթի նմուշի տարբերակումը, որի մեջ առկա են 10 կամ ավելի լեյկոցիտ, x1000 մանրադիտակային դաշտում (միջինում` ավելի քան հինգ դաշտում):

Վերոհիշյալ թեստերի ճշգրտությունը կախված է այն բանից, թե վերջին անգամ երբ է միզել այցելուն: Սովորաբար պահանջվում է, որ նա միզած չլինի 3 ժամվա ընթացքում:

- Գոնոռեան ժխտելու նպատակով` Գրամի մեթոդով մշակված Գրամ բացասական դիպլոկոկի առկայության հետազոտությունը:

Մանադիտակային հետազոտության անհնարինության դեպքում
- Զննելիս` լորձաթարախային կամ թարախային արտադրություն, կամ
- լեյկոցիտար էսթերազայի դրական թեստը մեզի առաջնային շիթի նմուշում, կամ`
- Մեզի երկու բաժականի դրական թեստ. այցելուին առաջարկվում է ամբողջովին հետ տանել թլիփը և միզել երկու մաքուր բաժակի մեջ. առաջինում` 10-20 մլ, իսկ երկրոդում` մնացած մեզը: Մեզը պղտորող ֆոսֆորի բյուրեղները լուծելու համար մի քիչ ավելացնել 5%-ոց քացախաթթու: Առաջային միզուկի վարակի դեպքում առաջին բաժակի մեզի պղտորությունը կմնա` պայմանավորված թարախային բջիջների, թելիկների կամ փաթիլների առկայությամբ, իսկ երկրորդ բաժակի պարունակությունը կպարզվի: Եթե երկու բաժակներում էլ մեզը պղտոր է, ապա վարակը թափանցել է նաև հետին միզուկ, միզապարկ կամ երիկամներ: Սա ամենայն հավանականությամբ վկայում է միզային համակարգի բակտերիալ վարակի մասին, որը կարող է լինել ծանր միզուկաբորբի նշան` հաճախ պայմանավորված գոնոռեայով: Երբեմն էլ այցելուն մոռանում է միզել երկու բաժակներում և մեզը լցնում է մեկ բաժակից մյուսի մեջ:
Թե լեյկոցիտար էսթերազայի և թե երկու բաժականի մեզի թեստերը առավել քիչ զգայունություն ունեն մանրադիտակային քննության համեմատ, ուստի մանրադիտակային հետազոտության հնարավորության դեպքում տևական ՈԳՄ-ի ախտորոշման նպատակով խորհուրդ չի տրվում դրանց իրականացումը և նրանց վրա հիմնված եզրակացությունը:

Ախտանշաններ կրող այցելուներ, որոնց մոտ միզուկաբորբ չի հայտնաբերվել. - պետք է կրկնել հաստատող քննությունը, որից առաջ հիվանդը պետք է միզած չլինի գիշերվա ընթացքում.
- այս հիվանդների էմպիրիկ բուժումը ցուցված չէ, բացառությամբ հետևյալ դեպքերի`
-վարակման բարձր ռիսկ
-կա մեծ հավանականություն, որ հիվանդը չի գա կրկնակի հետազոտության:

Հավելյալ քննություններ` հնարավորության դեպքում.
- Միզուկային ցանքս` N. gonorrhoeae-ի համար
- Հետազոտել նաև C. trachomatis-ի համար
- Միզուկային ցանքս` տրիքոմոնիազի համար
- Խոցերի առկայության դեպքում` տես խոցերով ուղեկցվող ՍՎ-ներ:

Վարում

Ընդհանուր խորհուրդներ

Անհրաժեշտ է քննարկել հետևյալը`

- միզուկաբորբի և դրա առաջացման պատճառները, հատուկ շեշտելով, թե բուժում չստանալու դեպքում` ինչպես այն կանդրադառնա այցելուի և նրա զուգընկերոջ (զուգընկերների) առողջական վիճակի վրա.
- բուժման կողմնակի ազդեցությունների մասին, նշանակված բուժումը լիարժեք կատարելու մասին, և ինչ անել, եթե այցելուն մոռացել է կամ չի ընդունել մեկ չափաբաժին.
- զուգընկերների վիճակի գնահատման և բուժման կարևորությունը.
- սեռական ժուժկալություն` մինչև բուժման ավարտը.
- անվտանգ սեռական վարքագիծ:

Բուժում
Եթե գոնոռեայի ախտորոշումը միանշանակ բացառվել է լաբորատոր թեստով, արտադրություն ունեցող այցելուի բուժումը պետք է ընդգրկի.
- Առանց բարդությունների գոնոռեայի բուժման թերապիա և
- ՈԳՄ-ի թերապիան (ընդունում քլամիդիալ վարակի բուժումը) և
- Հեշտոցային տրիքոմոնիազի բուժման դիտարկումը:

Առանց բարդությունների գոնոռեայի դեպքում խորհուրդ է տրվում բուժման հետևյալ ռեժիմը.
- Ցիպրոֆլոքսացին 500 մգ, գումարած ՈԳՄ-ի բուժում
- Գոնոռեայի բուժման համար կարող են ընտրվել տարբեր հակաբիոտիկներ` կապված նրանց նկատմամբ կուլտուրայի զգայունությունից:
N. gonorrhoeae այլընտրանքային բուժման ռեժիմ
- 250 մգ ցեֆտրիաքսոն, մ/մ
- 400 մգ ցեֆիքսիմ
- ամոքսիցիլին+կլավուլանատ 3 գ և 1 գ պրոբենիցիդ:
Որպեսզի կայունություն չստեղծվի ցեֆտրիաքսոնի և ցեֆիքսիմի նկատմամբ, նպատակահարմար է դրանք օգտագործել այն դեպքում, երբ առկա են հետբուժական հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններ:

ՈԳՄ-ի բուժման ռեժիմներ
- 100 մգ դոքսիցիկլին` օրը երկու անգամ, 7 օր
- 1 գ ազիթրոմիցին, խմելու, միանվագ:

ՈԳՄ այլընտրանքային բուժման ռեժիմներ
- 500 մգ էրիթրոմիցին, օրական 4 անգամ, 7 օր
- 200 մգ օֆլոքսացին, օրական 2 անգամ կամ 400 մգ` օրական մեկ անգամ, 7 օր
- 500 մգ տետրացիկլին, օրական 4 անգամ, 7 օր:

T. vaginalis բուժման ռեժիմներ
- 2 գ մետրոնիդազոլ, խմելու, միանվագ:
Ուշադրություն. Մետրոնիդազոլ ընդունող հիվանդներին պետք է նախազգուշացնել, որ չի կարելի ալկոհոլ օգտագործել:

Բուժման հարմարվելը
Բուժմանը հարմարվում են, երբ`
- Հիվանդի և բժշկի միջև հաստատվում են դրական փոխհարաբերություններ և կա համաձայնություն բուժման վերաբերյալ
- Դեղերի ընդունումը չի գերազանցում օրական 2 անգամը
- Բուժման կողմնակի ազդեցությունները շատ չեն
- Բուժումը նվազագույն չափով է անդրադառնում հիվանդի առօրյայի վրա:

Զուգընկերների վարումը
Անհրաժեշտ է ստուգել վարակման վտանգի ենթակա բոլոր սեռական զուգընկերներին և առաջարկել բուժում: Հարկավոր է պահպանել գաղտնիություն` բացահայտված զուգընկերների հարցում: Գանգատներ ունեցող տղամարդկանց դեպքում` պետք է նկատի առնել այն զուգընկերներին, որոնց հետ հարաբերվել է գանգատների ի հայտ գալուց 4 շաբաթ առաջ, իսկ անախտանշան դեպքերում` մինչև 6 ամիս:
Բուժման ռեժիմը պետք է լինի այնպիսին, ինչպես առանց բարդությունների C. trachomatis վարակի դեպքում: Այն պետք է ընդգրկի նաև գոնոռեայի համար նախատեսված բուժումը, եթե նման բուժում նշանակված է զուգընկերոջ համար:

Հսկողություն բուժումից հետո
Հետբուժական շրջանում հիվանդների վերահսկումը ՙմիզուկային արտադրության՚ վարման կարևոր պայմաններից է և պետք է իրականացվի բուժումն սկսելուց 7-14 օր հետո: Սակայն որոշ այցելուներ կարող են այլ¢ս չայցելել բժշկին` բավարարվելով նախնական խորհրդատվությամբ: Հետագա այցը ունի հետևյալ խնդիրները.
- Ճշտել, թե արդյոք զուգընկերը տեղեկացվել է հիվանդության մասին և ինչ քայլեր են ձեռնարկվել

Այցելուի լուսաբանումը առողջապահական խնդիրների շուրջ
- Այցելուին ևս մեկ անգամ վստահեցնել դրական ակընկալիքների վերաբերյալ
- Գնահատել բուժման համապատասխանությունը և արդյունավետությունը
- Կատարել քսուքի կրկնակի հետազոտություն և ՄԱՇ նմուշ` տևական միզուկաբորբի (բուժման թեսթ) առկայությունը պարզելու համար:

Տևական /կրկնվող միզուկաբորբ
Տևական կամ կրկնվող ախտանշանները կամ արտադրությունը կարող են կապված լինել`
- Ոչ համապատասխան բուժման հետ
- Կրկնակի վարակի հետ
- Կայուն շտամներ ունեցող N. gonorrhoeae վարակի հետ
- T. vaginalis-ի վարակի հետ
- Իդիոպատիկ` հաճախ պատճառը հնարավոր չէ պարզել
- Չկան ապացույցներ այն մասին, որ տևական/կրկնվող ՈԳՄ ունեցող տղամարդկանց կին զուգընկերների մոտ մեծանում է ԿԲՀ-ի ռիսկը, եթե նրանք ստացել են համապատասխան բուժում:
- Միայն հազվադեպ դեպքերում է տևական/կրկնվող ուրեթրիտը պայմանավորված տևական քլամիդիային վարակով, եթե այցելուն և իր զուգընկերները ստացել են համապատասխան բուժում:

Կարևոր է, որ գոնոռեայի հետ միասին ճշտորեն ախտորոշվի և բուժվի տևական վարակը:

Տևական/կրկնվող միզուկաբորբի ախտորոշումը
Անհրաժեշտ է կիրառել ախտորոշիչ թեստեր միայն այն դեպքում, եթե.
- հիվանդը ունի ախտանշաններ կամ
- զննման ժամանակ հիվանդի մոտ առկա է նկատելի արտադրություն կամ
- հիվանդը ունի գոնոկոկային միզուկաբորբ:

Մանրէաբանական քննություն
- Վարել ինչպես ՙմիզուկային արտադրության դեպքում
- եթե միզուկաբորբի օբյեկտիվ ախտանշաններ չեն հայտնաբերվել, հարկավոր է վերցնել քսուք վաղ առավոտյան, բացասական պատասխանի դեպքում հիվանդին տեղեկացնել այդ մասին:
Մանրէաբանական քննության բացակայության դեպքում՝
- Վարել ինչպես ՙմիզուկային արտադրության դեպքում:

Տևական/կրկնվող միզուկաբորբի վարումը
- Պետք է բացառել տևական գոնոռեան: Եթե մանրէաբանական հետազոտությունը հնարավոր չէ, այցելուին պետք է ուղարկել լաբորատոր հետազոտության:
- Համոզվեք, որ այցելուն ստացել է բուժման նախնական կուրսը, հակառակ դեպքում` դիտարկեք նախնական բուժման կրկնությունը:
- Համոզվեք, որ սեռական զուգընկերները բուժվել են և դրա պատճառը կրկնակի վարակը չէ:
- Եթե այցելուն չունի ախտանշաններ և եթե բացառվել են քլամիդիան և գոնոռեան, նրան պետք է տեղեկացնել այդ մասին:

Բուժումը
- 500 մգ էրիթրոմիցին, օրական 4 անգամ, 2 շաբաթ և - Մետրոնիդազոլ 2 գ միանվագ կամ 400 մգ մետրոնիդազոլ օրական երկու անգամ` 5 օր շարունակ:
- Գոնոռեայի շարունակման դեպքում հակաբիոտիկի ընտրությունը պետք է հիմնված լինի զգայունության թեստի տվյալների վրա:
- Հակաբիոտիկի նկատմամբ կայունության զարգացումից խուսափելու համար անհրաժեշտ է առանձնացնել միկրոօրգանիզմի ցանքսը և ճշտել հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:
- Ուրոլոգիական քննությունը խորհուրդ է տրվում այն դեպքում, երբ այցելուի մոտ առկա է միզապահություն: Տարբերակիչ ախտորոշման մեջ հարկավոր է դիտարկել քրոնիկ ոչ բակտերիալ պրոստատիտը, պրոստատոդինիան և հոգեբանական ու սեքսուալ պատճառները:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ