Հաշվի առնելով այն փաստը, որ ստոմատոլոգիան զարգանում է ժամ առ ժամ, արդիականացվում են ստոմատոլոգիական համասարքերը, տեխնիկան, նյութերի բազմազանությունը և գործիքակազմը, մոտեցումներն ու բուժման տակտիկան, միևնույնն է, ամենախոցելի հարցերից մեկը մնում է նյարդա-հոգեբանական մոտեցումները և բուժառուների հոգեբանական ասպեկտները։

Որոշ բուժառուների այցը ստոմատոլոգի մոտ կարող է ուղեկցվել հոգեհուզական սթրեսով։

<<Ըստ Սելյեի՝ սթրեսը օրգանիզմի ոչ յուրահատուկ (ոչ սպեցիֆիկ) պատասխանն է, ռեակցիան միջավայրի ցանկացած փոփոխության (յուրահատուկ ազդակներին)։ Օրգանիզմը պատասխան ռեակցիաներ է տալիս ներքին և արտաքին ազդեցություններին, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է՝ ադապտացիան։
 

Նման բուժառուների մոտ, բուժման ընթացքում կարող են դիտվել հեմոդինամիկ ցուցանիշների փոփոխություն, արյան մեջ շաքարի քանակի բարձրացում, շնչառական խանգարումներ, առատ քրտնարտադրություն, արդեն իսկ առկա սոմատիկ (մարմնական) հիվանդությունների սրացում, ինչն էլ խանգարում է բժիշկի աշխատանքին։

Տագնապային իրավիճակները մեր կյանքից անբաժան են․ առողջ մարդկանց մոտ տագնապը առաջանում է որպես ժամանակավոր ռեակցիա՝ սթրեսների նկատմամբ։ Ադեկվատ ռեակցիայի դեպքում, արտաքին միջավայրի պայմաններին օրգանիզմը ադապտացվում է և տագնապը նահանջում է։ Երբ ադապտացիոն մեխանիզմները խախտված են, օրգանիզմի պատասխանը ուղեկցվում է վախով ու տագնապով։

Ստոմատոլոգիական պրակտիկայում չափազանց կարևոր է բուժառուներին ցուցաբերել անհատական հոգեբանական մոտեցում։ Այդ դեպքում բուժումն ավելի արդյունավետ կլինի։ Կարևոր է և հարկ է նշել տարիքային առանձնահատկությունները, որոնք ստորաբաժանվում են ըստ խմբերի։

3-6 տարիքային խմբի երեխաներին բնորոշ է լյաբիլ նյարդային համակարգը (անկայուն նյարդային համակարգ), երբ դիտվում է տրամադրության կտրուկ փոփոխություն և վերը նշվածը ուղեկցվում է վախի առաջացումով, անգամ եթե նախկինում բուժումը անցել է բարեհաջող։ Նման երեխաների հետ պետք է լինենք ավելի ուշադիր և զգոն, քանի, որ նրանք անկանխատեսելի են։ Մեծ դեր ունեն ինչպես ծնողները, այնպես էլ բուժանձնակազմը, այդ տարիքային խմբի երեխաները շատ զգայուն են և ընկալունակ։ Ծնողների ներկայությունը ցանկալի չէ 4-6 տարիքային խմբի երեխաների մոտ, քանի որ նրանք դառնում են ավելի ագրեսիվ։ Շատ հաճախ պրակտիկայում կիրառում ենք <<պլացեբո էֆեկտ>>-ը՝ դատարկ հաբ, օր՝քաջության հաբ, որը բավականին արդյունավետ ազդեցություն է ունենում երեխաների հոգեհուզական վիճակի վրա։

7-10 տարիքային խմբի երեխաներ: Սովորաբար այս տարիքի երեխաները բավականին հետաքրքրասեր են և շատ հարցեր են ուղղում բժշկին, դա պայմանավորված է նրանց տագնապային բարձր ցուցանիշով։ Սովորաբար այս տարիքում առաջ է գալիս գիտակցումն ու համբերատարությունը։ Այս տարիքային խմբի երեխաների շրջանում նույնպես ցանկալի է բացառել ծնողների ներկայությունը։ Վարքագիծը հետևյալն է՝ <<ես մեծ եմ, ես քաջ եմ, բայց միևնույնն է, վախենում եմ>>։ Այս շրջանում նույն պես երեխաները սիրում են ստանալ նվերներ, իրենց այս կամ այն խոստումը կատարելու համար։

11-18 տարիքային խմբի դեռահասներին ևս բնորոշ է  լյաբիլ նյարդային համակարգը, նեգատիվիզմը, չափազանց ինքնամփոփ վիճակը, կամ հակառակը, չափազանց էմոցիոնալ արտահայտվածությունը։ Տարիքային այս շրջանը ուղեկցվում է ֆիզիոլոգիական և նյարդահոգեբանական փոփոխություններով, ինչով էլ պայմանավորվում է նրանց ինքնաարտահայտումը։ Ծնողների ներկայությունը կտրականապես բացառում ենք, իսկ բժշկի աշխատանքի դրական ցուցանիշի գրավականը դա համբերությունն ու ըմբռնումն է։

20-25 տարիքային խմբի բուժառուները ունեն ավելի ճկուն մտածելակերպ և նոր տեղեկատվությունը, որը պետք է ներկայացվի իրենց, ընդունվում է բավականին հեշտ։ Բացառություն է կազմում այն խումբը, որ նախկինում ունեցել է ստոմատոլոգիական բուժման անհաջող փորձ։ Նման դեպքերի վարումը նույնպես կատարվում է անհատական մոտեցմամբ։

Հեղինակ՝ ընտանեկան բժիշկ-ստոմատոլոգ

 Արմեն Միշայի Այունց