Երեխա ժամանակ հավանաբար մեզանից շատերին են ծնողները սաստել՝ «Դանդաղ կե՛ր»: Պարզվում է՝ նրանք հենց այնպես խորհուրդ չէին տալիս: Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ արագ ուտելու եւ ճարպակալման միջեւ կապ կա:

Հետազոտությունն իրականացվել է 59, 717 մարդու շրջանում, որոնք երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեն: Այս մարդկանց խնդրել են դասակարգել իրենց՝ արագ ուտողների, միջին արագությամբ ուտողների եւ դասնդաղ ուտողների:

«Այն մարդիկ, որոնք պատասխանել են, թե դանդաղ են ուտում, ճարպակալման ավելի քիչ ռիսկ ունեն: Նրանք, որոնք միջին արագությամբ են ուտում, ունեն ճարպակալման փոքր ռիսկ, իսկ արագ ուտողների մոտ այդ ռիսկն ամենաբարձրն է»,- նշում է Cleveland Clinic-ի գիտաշխատող Լեսլի Հեյբերգը:

Նրա խոսքով՝ ուտելու ընթացքում ուղեղը ստանում է հագեցման ազդանշաններ, եւ դա ոչ միշտ է արագ ստացվում: Այսպիսով, եթե մարդն արագ է ուտում, նա ավելի շատ է ուտում, քան նրան անհրաժեշտ է հագենալու համար:

Ուտելու գործընթացը պետք է տեւի 20-30 րոպե, որի ժամանակ կառաջանա հագեցվածության զգացողություն, եւ մարդն ավելի շատ չի ուտի:
Դանդաղ ուտելու սովորությունը պետք է ձեռք բերել աստիճանաբար, օրինակ՝ սկսել ուտելու ժամանակը կառավարել թայմերի միջոցով, ավելի շատ քնել, չուտել հեռուստացույց դիտելու ընթացքում եւ այլն»:


Աղբյուրը՝  Clevelandclinic.org