Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է 1928թ․ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ,դոցենտ Հայկ Կանայանի կողմից՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը, Ե․ Մեսրոպյանը և Սերգեյ Մալայանը: Վերջինս գիտությունը, կրթությունը և պրակտիկան մեկ տեղում կազմակերպելու գաղափարի կողմնակից էր, և մեծ ներդրում ունի ամբիոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։ Սերգեյ Մալայանի արժանի իրավահաջորդը նրա որդին է՝ Ալեքսանդր Մալայանը, ով 1991 թ.-ից առ այսօր ղեկավարում է ամբիոնը: Նրան հաջողվեց ոչ միայն կայացնել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը՝ որպես ժամանակակից պահանջներին համապատասխանող բուժկենտրոն, այլ նաև այն դարձնել ակնաբույժների պատրաստման լավագույն դարբնոց․ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի կլինիկական հիմնական բազան Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ ուսանել են և մասնագիտական հմտություններ ձեռք բերել ՀՀ ներկայիս լավագույն ակնաբույժների մեծամասնությունը։
Ամբիոնի կողմից ակնաբուժության ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին: Հետդիպլոմային ուսուցումը ակնաբուժության ուղղությամբ շարունակել ցանկացող ուսանողների համար գործում է կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ուսուցման ծրագիր՝ երկուսն էլ 3 տարի տևողությամբ։
Ամբիոնի կողմից ԵՊԲՀ ուսանողների համար իրականացվող ուսուցման ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Կլինիկական օրդինատորներին դասավանդում են Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լավագույն մասնագետները՝ պրոֆեսորներ, դոցենտներ, բաժանմունքների ղեկավարներ։ Կլինիկական օրդինատորներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Դասախոսների գերնպատակը մեկն է՝ նոր սերնդին փոխանցել իրենց գիտելիքները, փորձը, հմտությունները, ծանոթացնել ժամանակակից զարգացումներին, նորարարություններին, պատրաստել կրթված և գործնականում հմուտ մասնագետներ։
Գործնական պարապմունքներն իրականացվում են դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով: Կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում գործնական դասընթանցեր անցնել բոլոր բաժանմունքներում, մասնակցել վիրահատություններին՝ որպես բժշկի օգնական և ուսումնառության երկրորդ տարում կողմնորոշվել, թե նեղ մասնագիտական որ ուղղությամբ են նախընտրում շարունակել իրենց մասնագիտացումը։
Հատկանշական է, որ Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի ՀՀ-ում եզակի անասնաբուժական լաբորատորիա, որտեղ կան միկրոսկոպներ, մուլյաժներ (կաղապարներ), որոնց օգնությամբ օրդինատորները ձեռք են բերում վիրաբուժական հմտություններ, գիտակցում՝ արդյոք կարող են զբաղվել վիրաբուժությամբ։
Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.
• ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժումը,
• շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժումը,
• ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտությունը,
• գլաուկոմայի վիրահատական բուժումը,
• ցանցենու անոթային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժումը,
• դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
• անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշումը և լազերային բուժումը։
Ամբիոնում հետդիպլոմային կրթությունը շարունակել ցանկացողների թիվը տարեց տարի ավելանում է, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ակնաբույժ Ելենա Մալայանի հավաստմամբ՝ տարեկան մոտ տասնհինգ օրդինատոր է ընդունվում ամբիոն, ինչը խոսում է այն մասին, որ ակնաբուժսւթյունը պահանջված մասնագիտություն է և մեծ հաջողությունների է հասել Հայաստանում։
«Ես մոտ հինգ տարի է, ինչ դասախոսում եմ ամբիոնում, և պետք է նշեմ, որ մեր կենտրոնում խրախուսվում է գիտության և կրթության անքակտելի կապի ամրապնդումը, մասնագետների ներգրավումը դրանում, ինչը երաշխավորում է ակնաբուժության սրընթաց զարգացումը մեր երկրում»։
Ամբիոնի կրթական ծրագրում կարևորվում է ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելը, այլ նաև կոչումով բժշկին հատուկ մարդկային որակներ կերտելը, որոնք անհրաժեշտ են գործընկերների և հիվանդի հետ փոխհարաբերություններում։
«Բժշկությունը և հատկապես՝ ակնաբուժությունը պրակտիկ աշխատանքից զատ՝ նաև փիլիսոփայություն է, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր բժիշկ և կանխի բժշկից զուտ մեխանիկական աշխատանք կատարողի վերածվելու վտանգը։ Իրականում բժշկի հաջողության խորքում թաքնված է հիվանդի հետ շփման, նրան բուժմանը նախապատրաստելու և այդ գործընթացն իրականացնելու նուրբ վարպետությունը, որին պետք է տիրապի իրեն հարգող յուրաքանչյուր բժիշկ»,-նշեց ԵՊԲՀ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի ղեկավար, դոցենտ, ՀՀ Ան գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։