«Ես հաճախ եմ սիրում ասել, որ մարդն է ցավում, ոչ թե ատամը: Ցավը շատ բարդ ֆենոմեն է և չի կարող լինել միայն ֆիզիկական: Այն ենթադրում է տառապանք, հետևապես ազդում է նաև մեր հոգեկան առողջության վրա»,-նշում է ավելի քան 30 տարվա կլինիկական փորձ ունեցող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Նարինե Մովսիսյանը «Ցավ. մոլեկուլներից մինչև բարձր տեխնոլոգիաներ» թեմատիկայով գիտաժողովի ընթացքում:
Էմիլ Իսագուլյանը և Նարինե Մովսիսյանը
Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած այս գիտաժողովը կազմակերպել էր Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (ՑՈՒՀԱ) նախագահ Նարինե Մովսիսյանը Ռուսաստանի Նեյրոմոդուլյացիայի Ասոցիցացիայի (ТЫК) և Ռուսաստանի Ցավերի Ինտերվենցիոն Ասոցիացիայի (FBK<) հետ համատեղ:
Գիտաժողովի ընթացքում երեք երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան և Իսրայել, ներկայացված խոսնակները անդրադարձան ոլորտի կարևորագույն հարցերին:
Մասնավորապես Ռուսաստանից ժամանած առաջատար հայ մասնագետ Էմիլ Իսագուլյանը, որը զբաղվում է նեյրոմոդուլյացիայով (ցավի բարձր տեխնոլոգիական բուժում), ներկայացրեց, թե ինչպես են կիրառվում բարձր տեխնոլոգիաները քրոնիկ ցավային համախտանիշների համակարգային բուժման մեջ:
Էմիլ Իսագուլյանը
Գիտաժողովի խոսնակները անդրադարձան նաև հետևյալ հարցերին՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված միգրենի և այլ գլխացավերի վարում, դիաբետիկ ցավոտ նեյրոպաթիա՝ որպես տառապանքի աղբյուր, ցավի հոգեբանական ասպեկտներ, քաղցկեղային ցավ և այլն:
Կոնֆերանսի մասնակիցները տարբեր ոլորտների մասնագետներ էին՝ բիոքիմիկոսներ, բիոֆիզիկոսներ, ուռուցքաբաններ, հոգեբաններ, հոգեբույժներ, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ուսանողներ:
«Սա նմանատիպ թեմատիկայով առաջին կոնֆերանսն է Հայաստանում: Հիմնական նպատակն այն է, որ ցավի խնդրով զբաղվող մասնագետները միավորվեն, ճանաչեն իրար և հասկանան, թե ինչպես կարող են համագործակցել: Մենք պետք է կարողանանք միասնական մոտեցում ցուցաբերել և թիմի զգացողություն ձևավորել մասնագետների մոտ, ինչպես տեղի է ունենում զարգացած երկրներում, որտեղ կան ցավի կլինիկաներ, ցավի խնդրով զբաղվող մասնագետներ»,- հավելում է Նարինե Մովսիսյանը:
ՑՈՒՀԱ նախագահ Նարինե Մովսիսյանը
Կոնֆերանսի թեմատիկան առավել քան արդիական է Հայաստանում՝ բժշկությունը և մասնավորապես ցավի խնդիրը սկսում են զարգանալ պատերազմից հետո, երբ բազմաթիվ վիրավորներ կան և առողջական այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այդ այնքան էլ ակտուլ չեն եղել:
«Ցավոք սրտի, մեր զինվորների մոտ եղած նեյրոպաթիկ ցավը հետևանք է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տրավմայի: Շատ դեպքերում մարդն արդեն ֆիզիկապես առողջ է, սակայն շարունակում է տառապել հոգեկան ցավից: Իսկ այդ տառապանքը կրկին փոխկապակցված է մոլեկուլների ավելցուկի կամ պակասի, օրինակ՝ դոֆամինի կամ սերոտոնինի ոչ բավարար քանակով արտադրման հետ»,-ամփոփելով մեզ հետ իր զրույցը՝ ասաց Նարինե Մովսիսյանը:
Այսպիսով, «Ցավ. մոլեկուլներից մինչև բարձր տեխնոլոգիաներ» գիտաժողովը օգնեց ոչ միայն քննարկել ցավի խնդրի հետ կապված ակտուալ հարցերն ու բուժման նորագույն մեթոդները, այլ նաև նպաստեց ոլորտի մասնագետների հաղորդակցությանն ու հիմք ստեղծեց հետագա համագործակցության համար:
Նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, ներկայացրեց «Միգրենի և այլ գլխացավերի վարումը հիմնված ապացուցողական բժշկության վրա» թեման
Արմեն Ոսկանյանը, ներկայացրեց «Ցավը և թույները» թեման
Հմայակ Իգիթյանը, ներկայացրեց «Իգլի համախտանիշ», կլինիկական դեպքի քննարկում թեման
Ելենա Աղաջանովան (ներկայացրեց Դիաբետիկ ցավոտ նեյրոպաթիան՝ որպես տառապանքի աղբյուր թեման) և Նարինե Մովսիսյանը
Գիտաժողովը լուսաբանեց Doctors.am-ի թիմը