Doctors.am-ը մեթոդին ծանոթացավ վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.թ. Արտակ Գալստյանի օգնությամբ:

Արդեն ավելի քան 3 տասնամյակ է, ինչ թրոմբոցիտներով հարուստ պլազման (ԹՀՊ) կիրառվում է վիրաբուժության, իմպլանտոլոգիայի և կոսմետոլոգիայի մեջ։

Նորմայում մարդու արյան մեջ թրոմբոցիտների կոնցենտրացիան կազմում է 150-350 հազար/մկլ-ում, միջինում` 200 հազար/մկլ-ում։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ թրոմբոցիտար զանգվածի ներարկումը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ թրոմբոցիտների կոնցենտրացիան կազմում է 1 մլն/մկլ-ում։ Այդ պատճառով ներկայումս, երբ ասում են թրոմբոցիտներով հարուստ պլազմա՝ հասկանում են հենց այդ կոնցենտրացիան։

Ի՞նչ արդյունավետություն ունի ԹՀՊ կիրառումն օրթոպեդիայում

ԹՀՊ-ն պարունակում է աճի գործոններ և կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են ստացված վնասվածքի օջախում վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։

ԹՀՊ-ի՝ վնասված հյուսվածքների վրա վերականգնողական հատկությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն պարունակում է աուտոգեն կենսաբանական ակտիվ նյութեր` աճի գործոններ և սեկրետոր սպիտակուցներ, որոնք ուժեղացնում են վնասված հյուսվածքների վերականգնումը բջջային մակարդակով։

Ներկայուս ԹՀՊ-ն լայնորեն կիրառվում է տարբեր բարդության արթրոզների բուժման նպատակով՝ ներհոդային ներարկումների տեսքով։ Վերջինիս կիրառումը բավական արդյունավետ է հատկապես երկրորդ աստիճանի արթրոզների ժամանակ։ Կարճ ժամանակ անց նկատվում է ցավային համախտանիշի կտրուկ նվազում և շարժումների ծավալի վերականգնում։

Ինչպե՞ս է կատարվում թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ստացումը

ԹՀՊ ստանալու համար հիվանդից վերցվում է արյուն մոտ 50մլ, վերջինս ենթրկվում է հատուկ մշակման, անջանտվում են թրոմբոցիտները և կատարվում է վերջիններիս ներարկում։

Լիովին անվտանգ է

Անհրաժեշտ է նշել, որ ԹՀՊ-ի ներարկումը լիովին անվտանգ է, այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, քանի որ ստացվում է հիվանդի սեփական արյունից։


 

 

Աղբյուրը՝ Doctors.am
10 ապրիլի, 2017թ.