Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան արագ են երեխաները դադարում հետաքրքրվել ծանոթ պատկերներով և տարվում նորերով, այնքան լավ են նրանք զարգանում նախադպրոցական տարիքում, գրում է Science World Report պարբերականը: Այն երեխաները, որոնց շուտ են ձանձրացնում ցուցադրված պատկերները, ապագայում ցուցաբերել են լավ մտածողական հմտություններ: Նրանց խոսքը նույնպես եղել է առավել զարգացած: 
 
Գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե արդյոք երկու լեզվով խոսող երեխաներն ունեն առավելություն այդ իմաստով: Փոքրիկներին ցույց են տվել արջի կամ գայլի գունավոր պատկերները: Խմբի կեսի համար արջն արդեն «ծանոթ» պատկեր էր, իսկ գայլը՝ «նոր», իսկ մյուս խմբի համար՝ հակառակը: Հետազոտողները բացատրել են, որ վաղ մանկական հասակում երկու լեզվով խոսող երեխաներն ավելի արագ են սովորում հին կերպարներին և ուշադրությունն ուղղում նորերին, քան միայն մի լեզու իմացող երեխաները: 
 
«Երեխաների հետ կատարվող հետազոտություններում շատ դժվար է տվյալներ հավաքել: Տեսողական սովորույթը՝ հիանալի միջոց է: Այն խլում է ընդամենը մի քանի րոպե, և միևնույն ժամանակ օգնում կանխատեսել մտածողության զարգացումն ավելի ուշ տարիքում» - ասում է հետազոտության հեղինակ Լեհեր Սինգխը:  Մեծերի համար երկրորդ լեզվի ուսուցումը բարդ խնդիր է: Իսկ երեխաներին այն տրվում է հեշտությամբ: Բացի այդ, պարզվում է, որ վաղ մանկական տարիքում լեզվի ուսուցումը շատ օգտակար է երեխայի կոգնիտիվ ֆունկցիայի զարգացման համար: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com