Ուլտրաձայնային հետազոտությունն անցավ, ինֆորմատիվ և անվտանգ մեթոդ է, սակայն երբեմն ապագա մայրիկները խուսափում են դրանից՝ հետևելով այն թյուր կարծիքին, թե ուլտրաձայնային ալիքները կարող են վնասել պտղին: ՈՒՁՀ-ի վերաբերյալ՝ հղիների կողմից ամենից հաճախ տրվող հարցերին պատասխանել է գինեկոլոգ Թերեզա Քարտաշյանը։ 

 

Արդյո՞ք ուլտրաձայնային ալիքները վնասակար են:

ՈՒՁՀ-ի ժամանակ չի կիրառվում ճառագայթ: Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն ո՛չ մայրիկի, ո՛չ էլ ապագա երեխայի համար:  Վնասակար չէ նաև գելը, որով պատվում է մաշկը՝ նախքան ՈՒՁՀ-ն: Այն չի առաջացնում ալերգիաներ:

Քանի՞ անգամ է պետք ՈւՁ հետազոտություն անցնել հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում պարտադիր է կատարել երեք սքրինինգային հետազոտություն:

Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է 11-14 շաբաթականում (հայտնաբերվում են քրոմոսոմային անոմալիաները):

Երկրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 20-22 շաբաթականում (պարզվում է պտղի օրգանոգենեզը):

Երրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 30-31 շաբաթականում (գնահատվում է պտղի դիրքը, ընկերքի վիճակը և այլն):

Հավելյալ ՈւՁ հետազոտության անհրաժեշտությունը կախված է հղիի օրգանիզմից, պտղի վիճակից և կարող է ցուցվել հղիությունը վարող բժշկի կողմից:

Ինչպե՞ս պատրաստվել ՈւՁ հետազոտությանը:

ՈւՁՀ-ին հատուկ պատաստվելու կարիք չկա: ՈւՁՀ-ից առաջ կարելի է սնունդ ընդունել, սակայն ցանկալի է խուսափել գազեր առաջացնող մթերքից (քաղցրեղեն, լոբազգիներ, թարմ հաց, բանջարեղեն, մրգեր):

Ի՞նչ է 3D և 4D ՈՒՁՀ-ն:

3D ՈՒՁՀ-ն պտղի տարածական, եռաչափ պատկերի հետազոտությունն է։ 4D-ն պտղի տարածական եռաչափ պատկերն է` ժամանակի, շարժման ընթացքում:

Ե՞րբ է հնարավոր առաջին անգամ լսել սրտի աշխատանքը:

Ժամանակակից սարքերի շնորհիվ 5 շաբաթականից արդեն հնարավոր է լսել պտղի սրտի աշխատանքը (տրանսվագինալ հետազոտությամբ), իսկ տրանսաբդոմինալ տարբերակով` 6 շաբաթականից:

Նախքան ծննդաբերությունը ՈՒՁՀ -ն անհրաժեշտությո՞ւն է:

Ծննդաբերությունից առաջ ՈՒՁ հետազոտությունը պարտադիր չէ, որովհետև այդ ժամանակ երեխայի գլուխն արդեն շատ ցածր է տեղակայված և մանրամասն հետազոտություն հնարավոր չէ իրականացնել: Դրանից զատ, այդ ժամանակ արդեն ՈՒՁՀ կարիք չի լինում: ՈՒՁՀ կատարվում է միայն հատուկ ցուցումների դեպքում: