Հղի կնոջ օրգանիզմն աշխատում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Հղիությունն, իհարկե, հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Այնուամենայնիվ, ցանկալի է, որ հղի կանայք պահպանեն զգուշավորություն եւ զգոնություն:

Ահա՛ մի քանի «չի կարելի»՝ հղիության ընթացքում:

Գրիպ եւ սուր շնչառական այլ հիվանդություններ

Հղիության առաջին 8 շաբաթների ընթացքում, երբ ձեւավորվում են պտղի օրգանները, պետք է խուսափել հղիության վրա բացասաբար ազդող գործոններից, օրինակ՝ վարակային հիվանդություններով անձանց հետ շփումից: 

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը պարունակում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ:

Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում: Ավելորդ է նշել նաեւ, որ գրիպի ակտիվացման շրջանում պետք է խուսափել հյուր գնալուց եւ ընդունելուց, հասարակական տրանսպորտով երթեւեկելուց, ինչպես նաեւ սահմանափակել հիվանդ երեխաների հետ շփումը:

Ավելորդ քաշ

Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը: Որոշ դեպքերում, օրինակ, երբ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ կան, կամ հորմոնների տատանումների արդյունքում հղի կինը կարող է ավելի շատ քաշ հավաքել: Այդ դեպքում նա պետք է էնդոկրինոլոգի հղկողության տակ գտնվի: Այնուամենայնիվ, թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամ ավելորդ քաշը:

Ֆիզիկական ակտիվություն

Այն, որ չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն ունի հղի կնոջ օրգանիզմի վրա, փաստ է, սակայն պետք է բացառել վարժությունները, որոնք կապված են վազքի, թռիչքների եւ կտրուկ շարժումների հետ:

Մասնագետները կարծում են, որ հղի կանանց համար իդեալական է զբոսանքը, լողը եւ աէրոբիկան: Միանգամայն օգտակար են նաեւ յոգան, պիլատեսը եւ կարդիովարժությունները՝ ադապտացված ապագա մայրիկների համար:

Հղիության երրորդ եռամսյակում անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ բացառել դրանք քրոնիկ եւ սուր հիվանդությունների ժամանակ:

Ծխախոտ

Հղիությանը պատրաստվող կինը պետք է թողնի ծխելը հղիանալուց առնվազն չորս ցիկլ առաջ, քանի որ ծխելու հետևանք  կարող է լինել՝

  • ինքնաբեր վիժումը
  • պլացենտայի աննորմալ տեղակայումը կամ նորմալ տեղակայվածի անժամանակ շերտազատումը
  • պտղաջրերի վաղ հեռացումը նախածննդյան շրջանում
  • պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը կամ հանկարծակի մահվան համախտանիշը կամ թվարկվածի համադրությունը։

Սահմանափակել սուրճը եւ թեյը

Կոֆեինի մեծ չափաբաժինները (օրական 4 և ավելի բաժակ սուրճ կամ 100մգ կոֆեին), նույնպես կարող են ինքնաբեր վիժման խթանիչներ կամ պատճառ դառնալ։ Ուստի ցանկալի է սահմանափակել դրանց օգտագործումը:

Սեռական կյանք

Բժշկագիտական տեսակետից՝ հղիության ժամանակ սեռական կյանքը հակացուցված չէ։ Սակայն որոշ դեպքերում հարկ է խուսափել սեռական հարաբերությունից: Դրանք են՝ 

  • կրկնվող վիժումներ նախկինում
  • տվյալ հղիության ընդհատման վտանգ
  • սեռական օրգաններից արյունային արտազատումներ 
  • ընկերքի ցածր դիրք
  • ցերվիկալ անբավարարություն
  • բազմապտղային հղիություն (20-րդ շաբաթից սկսած)։

Հիգիենա

Հղիության ժամանակ կնոջ հիգիենան էականորեն չի տարբերվում, սակայն հղիության ընթացքում հիգիենայի նկատառումներով հեշտոցի ներլվացումները հակացուցված են:
 


Աղբյուրը՝ Doctors.am