Կյանքի ամենահրաշալի և բարդ փուլերից մեկին՝ հղիությանը շատ կարևոր է պատրաստվել ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես: Կան տասնյակ լուրջ խնդիրներ, որոնցից հետագայում խուսափելու համար, պարզապես անհրաժեշտ է հղիության պլանավորումից առաջ մի քանի քայլ կատարել: Հղիության նախապատրաստմանը վերաբերող բոլոր հարցերի մասին խոսել ենք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի  գինեկոլոգ Պավել Սոցկու հետ:

Ինչպե՞ս պատրաստվել հղիության:

Նախևառաջ, կարևորենք կնոջ նախապատրաստումը հղիությանը: Երբ կինը պլանավորում է հղիություն, ապա դեռ մի քանի ամիս առաջ պետք է նախապատրաստվել: Դրա մասին գիտեն բոլորը, բայց թե ինչպես՝ քչերը: Առաջին հերթին պետք է առողջ ապրելակերպ վարել: Առողջ ապրելակերպն իր մեջ ներառում է նաև սննդակարգի ճիշտ պահպանում, որը պետք է պարունակի բուսական և սպիտակուցներով լի սնունդ:
Ինչ վերաբերում է վատ սովորույթներին՝ տղամարդիկ ոգելից խմիչքի և ծխախոտի օգտագործումը պետք է ընդհանրապես դադարեցնեն կամ նվազեցնեն հղիության պլանավորումից երեք ամիս առաջ, իսկ կանայք՝ կես տարի առաջ:
Կինը հղիության պլանավորումից երկու կամ երեք ամիս առաջ պետք է օգտագործի ֆոլաթթու:

Հայտնի է, որ ֆոլաթթուն կանխում է բազմաթիվ արատների առաջացումը, և շատ դեպքերում արատներն առաջանում են հենց ֆոլաթթվի պակասից:

Խորհուրդ է տրվում վերցնել 5 մգ-ոց չափաբաժինը և ուտելուց հետո օգտագործել: Շատ կարևոր է նաև օգտագործել Օմեգա 3 և ցանկացած վիտամինային կոմպլեքս: Սրանք անհրաժեշտ են օրգանիզմն ամրապնդելու համար: Եթե որևէ հանքանյութի կամ վիտամինի պակաս կա, ապա պետք է լրացվի: Մյուս խորհուրդը  պարտադիր այցն է ստոմատոլոգին, որպեսզի կինը, եթե որևէ խնդիր ունի, կարգավորի և հղիության ընթացքում ստոմատոլոգի այցելելու կարիք չլինի: Եթե կալցիումի հետ կապված խնդիրներ կան, ապա կարելի է նախօրոք կալցիում  խմել, քանի որ հղիության ընթացքում առաջանում է նաև կալցիումի պակաս:

Հղիության պլանավորումից առաջ ի՞նչ պարտադիր հետազոտություններ պետք է անցնեն և՛ կինը, և՛ տղամարդը:

Ամուսնական զույգը հղիություն պլանավորելուց առաջ պարտադիր պետք է հանձնի վարակների անալիզներ, որպեսզի  տեղյակ լինի` օրգանիզմում կա որևիցե խնդիր, թե ոչ:
Կնոջ համար շատ կարևոր է փոքր կոնքի ՈՒՁՀ-ն: Եթե առկա են հարակից այլ օրգան համակարգի հիվանդություններ, ապա անպայման այդ հարցերը պետք է նախօրոք կարգավորել: Խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձը, քանի որ Հայաստանը հանդիսանում է յոդի պակասի էնդեմիկ օջախ: Հաճախ ենք հանդիպում հիպոտերիոզով, այսիքն՝ յոդի պակաս ունեցող կանանց, որոնք բուժման և  հորմոնի մակարդակը վերահսկելու կարիք ունեն: Եթե զույգերի ցեղում կան գենետիկ խնդիրներ, ապա անպայման պետք է հանձնել գենետիկ թեստ, օրինակ՝ կարիոտիպի թեստ: Եթե հատուկ այլ խնդիրներ էլ են առկա, օրինակ՝ պարբերական հիվանդություններ և այլն, ապա նույնպես պետք է հանձնել այդ անալիզը:
Ամուսնու համար, բացի վարակների անալիզներից, խորհուրդ է տրվում անպայման հանձնել սերմի անալիզ, որպեսզի տղամարդն իմանա իր սերմի որակի մասին. կա՞ արդյոք բուժման կարիք, թե՞ ոչ, ի՞նչ փուլում է ինքը գտնվում: Նվազագույն հետազոտությունները դրանք են: Մնացյալ հետազոտությունները կարող են ավելանալ կոնկրետ մարդկանց գանգատներից, խնդիրներից և գենետիկ հիվանդություներից կախված:

Հղիության պլանավորումից առաջ, ո՞ր դեղամիջոցների օգտագործումն է անհրաժեշտ դադարեցնել:

Կա դեղամիջոցների բավականին մեծ ցանկ, որոնցից մաքրվելու համար օրգանիզմին ժամանակ է անհրաժեշտ: Առաջին տեղում հոգեմետ դեղորայքն է, նվազագույնը վեց ամիս է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը մաքրվի: Ինչ վերաբերում է ցավազրկողներին, հակաբիոտիկներին, ապա մեկ ամիս առաջ դադարեցումը բավական է: Հաճախ են հարցնում հակաբեղմնավորիչների մասին։ Ասեմ, որ հակաբեղմնավորիչների դադարեցումից հետո միանգամից կարելի է պլանավորել հղիություն:

Իսկ ի՞նչ կասեք վիրահատական միջամտությունների մասին:

Կախված վիրահատությունների և միջմտությունների տեսակից՝ անհրաժեշտ է նվազագույնը երկուսից երեք ամիս սպասել, ապա նոր պլանավորել հղիություն: Եթե մեծ վիրահատություններ են, օրինակ՝ միոմաների հեռացում և այլն, ապա խորհուրդ է տրվում  հղիանալ նվազագույնը վեց ամիս հետո:

Հնարավո՞ր է արդյոք պլանավորել երեխայի սեռը, թե՞ դա միֆ է:

Այո, հնարավոր է, այդպիսի հասկացություն կա: Այսօր կան բազմաթիվ գրաֆիկներ, հաշվարկներ, բայց դրանք գիտական որևէ ապացույց չունեն: Միայն մի մեթոդ կա, որը քիչ թե շատ գիտական բացատրություն ունի, բայց կրկին 100%-ով ապացուցված չէ: Դա  ձվազատման օրը որոշելու եղանակով սեռի պլանավորումն է: Բացատրությունը հետևյալն է. սերմնաբջիջները լինում են երկու տեսակի՝ X քրոմոսոմ պարունակող և Y քրոմոսոմ պարունակող: Y քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջներն առավել շարժունակ են, բայց կենսունակ չեն: Հենց սրա վրա է հիմնված ձվազատման միջոցով երեխայի սեռը պարզելու մեթոդը:

Եթե ազատ սեռական հարաբերության օրը համընկնում է ձվազատման օրվա հետ, ապա ձվաբջջին առաջինը հասնում են Y քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջները, այսինքն՝ մեծանում է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Ձվազատման օրվանից դուրս ավելի բարձր է աղջիկ բեղմնավորելու հավանականությունը:


Եթե զույգը պլանավորել է հղիություն, սակայն չի ստացվում, ե՞րբ  պետք է անհանգստանալ և բժշկի դիմել: 

Եթե մինչև 30 տարեկան երիտասարդ զույգ է, որն ապրում է կանոնավոր սեռական կյանքով, առողջական որևէ գանգատ չի նշում, և արդեն լրացել է մեկ տարին, ապա անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և մանրամասն հետազոտություններ անցնել: 35 և ավելի տարիք ունեցողները 6 ամիս հետո կարող են դիմել բժշկի՝ հասկանալու համար, թե ինչն է պատճառը:

 


Պատրաստեց Արմինե Սարգսյանը