Հղիության 1-ին շաբաթ

Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է կրկին առիթ հանդիսանա գնահատելու Ձեր ընդհանուր վիճակը, վերանայելու կենսակերպը: Դեռևս մի քանի ամիս մինչև բեղմնավորվելը պետք է հրաժարվել վտանգավոր սովորույթներից. թողնել ծխելը և խմելը, չօգտագործել դեղորայք: Միաժամանակ անհրաժեշտ է հրաժարվել վտանգավոր և նյարդային աշխատանքից:

Եթե դուք կամ Ձեր ընտանիքի որևէ անդամ տառապում է ինչ-որ բնածին հիվանդությամբ, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք հիվանդ երեխա ունենալու ռիսկը: Հղիության համար անհրաժեշտ է ձվարանների նորմալ աշխատանքը, այսինքն, այսպես կոչված, ձվազատում, որի ժամանակ Ձեր մարմնի ջերմությունը մի քիչ բարձրանում է: Եթե տեղի է ունեցել բեղմնավորումը, և պտղաձուն ենթարկվել է առաջին կիսման պրոցեսին, այսինքն` սկսվել է սաղմի զարգացումը, կնոջ օրգանիզմում միակ դրսևորումը ուղիղ աղիքի 37˚-ից բարձր ջերմության պահպանումն է: Չափելով ուղիղ աղիքի ջերմությունը` դուք կնկատեք ջերմության բարձրացում 37˚ և ավելի աստիճան:

Առողջ սնունդ

Քանի որ բոլոր սննդանյութերը պտուղը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, Ձեզ մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով և կկազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ 2 անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների (պրոտեինի) նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, կսկսի վերցնել մոր պաշարից: Սեփական պաշարի սպառումը դարձնում է մոր ոսկորները ավելի փխրուն: Շատ կարևոր է մյուս միկրոտարրի` երկաթի ընդունումը: Երկաթը շատ կարևոր է հեմոգլոբինի համար, պիգմենտի, որը մտնում է արյան կարմիր բջիջների մեջ: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը կախված է մոր սնման ռացիոնում երկաթի քանակից: Երկաթի և B12 պակասը կարող է հանգեցնել հղիի մոտ անեմիայի (սակավարյունության) առաջացման: Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը: Դրա համար մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել Ձեր ռացիոնի մեջ:

Անհրաժեշտ է ընդունել վիտամիններ, որպեսզի նյութափոխանակությունը լինի նորմալ.

1. խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից,
2. որքան հնարավոր է շատ մրգեր և բանջարեղեն,
3. որպեսզի ունենալ գեղեցիկ մաշկ, ապահովել արյան նորմալ շրջանառություն ու մարսողություն, պետք է ընդունել ոչ պակաս, քան 1,5 լ հեղուկ,
4. հիշեք, որ հղիության ընթացքում Ձեր շրջանառվող արյան ծավալը պետք է ավելանա մոտ 50 %-ով:

Հղիության 2-րդ շաբաթ

Երբեմն կինը զգում է, որ ինքը հղի է: Խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որոնք ապահովում են հղիության նորմալ ընթացքը: Այս հորմոնները հղիության առաջին շաբաթվա ընթացքում նպաստում են հղիության կասկածելի և հավաստի նշանների առաջացմանը:

Հավաստի նշաններից կարևոր է դաշտանի բացակայությունը, որը նորմալ դաշտանային ցիկլեր ունեցող կնոջ մոտ հղիության ամենակարևոր նշաններից է: Հղիության առաջին նշաններից է նաև լցված և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է միզուղիների վրա և առաջացնում է հաճախակի միզարձակման ցանկություն: Առաջանում է քնկոտություն և արագ հոգնածություն: Դա տեղի է ունենում շնորհիվ արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակի, որը ունի հանգստացնող (սեդատիվ) ազդեցություն: Ուժեղանում է նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը: Դրա համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

Սաղմը 1-2-րդ շաբաթում

Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2, հետո 4 մասի, այնուհետև, շարունակելով անհավասարաչափ բաժանվել, այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմն իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ հաշվվում է մոտ 32 բջիջ: Սաղմը այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն թթենու պտուղ):

Տղա, թե աղջիկ

Երեխայի սեռը կախված է սպերմատոզոիդներից, որոնք մասնակցում են բեղմնավորմանը: Ուստի ապագա երեխայի սեռը կախված կլինի 23 զույգ քրոմոսոմների միայն մեկ զույգից, որը կազմում է սեռական բջիջը: Սեռական բջիջները` սպերմատոզոիդը և ձվաբջիջը, տանում են միայն մեկ սեռական քրոմոսոմ: Իգական սեռական բջիջները ունեն միշտ X քրոմոսոմ, սպերմատոզոիդը` կամ X կամ Y: Եթե ձվաբջջի մեջ մտնում է սպերմատոզոիդը X քրոմոսոմով, դուք կունենաք աղջիկ, իսկ եթե Y, ապա` տղա: Այնպես որ, երեխայի սեռը կախված է հորից: X և Y քրոմոսոմներով սպերմատոզոիդները ունեն տարբեր բնութագրեր: Առաջին տեսակը ավելի խոշոր է, դանդաղաշարժ:

Երկվորյակներ ունենալու հավանականությունը 1:80 է (կազմում է 80 հղիությունից մեկը): Կան 2 տեսակի երկվորյակներ` միաձվանի և երկձվանի: Միաձվանին զարգանում է մեկ պտղաձվից, բեղմնավորված ձվաբջիջը վերածվում է 2 զիգոտի: Այդ զիգոտները վերածվում են 2 էմբրիոնի մեկ ընկերքով: Երկձվանի երկվորյակներ առաջանում են 2 բեղմնավորված ձվաբջիջներից, 2 առանձին սպերմատոզոիդներից: Յուրաքանչյուր էմբրիոնը ունի առանձին ընկերք, քրոմոսոմների սեփական հավաքակազմ: Ավելի հազվադեպ է հանդիպում հղիությունը երկուսից ավելի պտղով, երեք, ձորս և այլն:

Հղիության 3-րդ շաբաթ

Բեղմնավորումից 5-6 օր անց սաղմը` մորուլան, ամրանում է արգանդի ներքին պատին` էնդոմետրիումում: Բջիջների քանակը մորուլայում շարունակում է աճել, մինչև սաղմնային բշտիկի վիճակը: Այն արտադրում է հատուկ հորմոններ, որոնք առաջացնում են Ձեր օրգանիզմի հատուկ վերակառուցում, որի նշաններից մեկը դաշտանի ուշացումն է, որոշ կասկածելի նշանների առաջացումը` սրտխառնոց, փսխում, քնկոտություն և այլն:

Սաղմը 3-րդ շաբաթում

Հղիության առաջին շաբաթներում սաղմը արագ զարգանում է: Ամեն օր լինում են մեծ փոփոխություններ: 7 օրվա ընթացքում բեղմնավորված ձվաբջջից առաջանում է սաղմը` կազմված հարյուրավոր բջիջներից:

Չնայած անգամ մանրադիտակի տակ դժվար է տեսնել որևէ համակարգ, սակայն բոլոր բջիջները գործում են կազմակերպված: դրանց որոշ մասը կդառնա էմբրիոն, իսկ մյուսները կաշխատեն նրա կենսագործունեությունը ապահովելու համար:

Սաղմի զարգացման մյուս փուլը մորուլայից հետո բլաստոցիստի առաջացումն է, որն իրենից ներկայացնում է դատարկ, հեղուկով լցված սաղմնային բշտիկ և բջիջների կուտակում: Նա հազիվ երևում է անզեն աչքով:

Բլաստոցիստը կպնում է արգանդի խոռոչի վերին մասում, 6-րդ-7-րդ օրը, ավելի ամուր ամրանում է 10-րդ օրը: Բշտիկի մակերեսի վրա առաջանում են հատուկ թավիկներ (խորիոնային ելուստներ) և խրվում են էնդոմետրիումի մեջ, դրանց շնորհիվ արյան միջոցով մորից էմբրիոնը ստանում է սննդանութեր և արտաթորում է վերամաշկման արգասիքները: Աստիճանաբար արգանդի լորձաթաղանթը աճում է, հաստանում: Սաղմի տակ գտնվող հատվածը վեր է ածվում հատուկ ընկեցիկ (դեցիդուալ) թաղանթի, որը մասնակցում է պլացենտայի առաջացմանը: Դա այն կարևոր օրգանն է, որը կսնի և կպաշտպանի Ձեր երեխային ողջ հղիության ընթացքում:

Հղիության 4-րդ շաբաթ

Դուք դեռևս կասկածում եք, որ հղի եք: Սկզբնական շրջանում դա կարող է հաստատել միայն արյան հատուկ քննությունը: Պտղաձուն արտադրում է հատուկ նյութ` խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին, որը թափանցում է Ձեր արյան մեջ: Խորիոնային գոնադոտրոպինը հայտնաբերելու համար կարելի է օգտվել նաև մեզի մեջ խորիոնային գոնադոտրոպինի (խգ) հայտնաբերման հասարակ մի թեսթից: Սակայն դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ ժամկետը փոքր է: Քանի դեռ դուք կասկածում եք և սպասում եք հերթական դաշտանին, Ձեզ մոտ կհայտնվեն սիմպտոմներ, որոնք հիշեցնում են նախադաշտանային վիճակը` սրտխառնոց, կրծքերի ուռչեցում, որոշ դիսկոմֆորտ:

Սաղմը 4-րդ շաբաթում

Քաշը` 1-1,5 գրամ, երկարությունը` 5-10 մմ:

Այս շաբաթում սաղմի մեջ սկսում են առաջանալ սաղմնային 3 թերթիկները, որոնք հիմք ու սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների առաջացման համար: Մեզոդերմայից զարգանում է կմախքը, մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը, մյուս թերթիկից` էկտոդերմայից ձևավորվում է մաշկը, մազերը, աչքի ոսպնյակը, ատամների էմալը և նյարդային համակարգը: Այնուհետև զարգանում է էմբրիոնի գլխիկը, որը սկզբում նուրբ է, ինչպես ջրի կամ արցունքի կաթիլ: Երրորդ թաղանթից` տրոֆոբլաստից զարգանում են պտղաթաղանթները` խորիոնը, ամնիոնը:

Հղիության 5-րդ շաբաթ

Կասկածները այն մասին, որ դուք հղի եք, շարունակվում են: Մոտ 3 շաբաթով ուշացել է Ձեր դաշտանը: Սակայն դաշտանի բացակայությունը (ամենոռեան) կարող է ունենալ նաև այլ պատճառներ, ուստի անցկացրեք հղիության էքսպրես թեսթ: Չափեք ուղիղ աղիքի ջերմությունը առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, որը անպայման պետք է լինի 37˚-ից բարձր: Հղիությունը նորմայում տևում է 9 օրացույցային կամ 10 մանկաբարձական ամիս, կամ 40 շաբաթ:

Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է 3 շրջանի, որոնք կոչվում են եռամսյակներ (տրիմեստրներ):

Առաջին եռամսյակը տևում է մինչև հղիության 13-րդ շաբաթը: Այս շրջանում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը: Երկրորդ եռամսյակը 14-27 շաբաթն է, երրորդը` 28-41 շաբաթն է:

Սաղմը 5-րդ շաբաթում

Քաշը` 3-4 գրամ, երկարությունը` 12-15 մմ:

Բջիջների կիսման մեջ նկատվում է որոշակի օրինաչափություն: Արդեն կա որոշակի տարբերակում, թե որտեղ կլինի պտղի ոտքը, ձեռքը, գլուխը, մեջքը և փորիկը: Տարբերակվում է ողնային լարը և նրա շուրջ նյարդային խողովակը: Սա ողնաշարի և ողնուղեղի նախահիմքն է: Վերևում լայնանալով` նյարդային խողովակները հետագայում կդառնան գլխուղեղային առաջային մաս: Էմբրիոնի կենտրոնում ձևավորվում է հյուսվածքների մի կծիկ, որից կգոյանա սիրտը: Աստիճանաբար կսկսեն զարգանալ արյունատար անոթները:

Կան մի շարք մասնագիտություններ, որոնք նպաստում են վիժման, ներարգանդային ախտաբանությունների, պտղի զարգացման արատների ռիսկի բարձրացմանը. օրինակ` ծանր ֆիզիկական աշխատանք, աշխատանք` ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ, աշխատանքը թունավոր քիմիական արտադրություններում, ֆոտոլաբորատորիաներում, քիմիական մաքրման կետերում: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք Ձեր բժշկի հետ. եթե Դուք աշխատում եք գրասենյակում, Ձեր աշխատանքը կապված է համակարգչի և պատճենահանման հետ, Դուք պետք է անեք ընդմիջումներ` փոքրացնելով վտանգը պտղի համար: Եթե աշխատում են մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում, նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաների հետ, ապա մեծ է ռիսկը մանկական ինֆեկցիաներով հիվանդանալու, որոնք խիստ վտանգավոր են պտղի համար:

Հղիության փաստը արձանագրելուց հետո հղի կանանց ազատում են գիշերային, արտաժամյա աշխատանքից, գործուղումներից և պրոֆեսիոնալ վտանգավորություն ունեցող աշխատատեղերից տեղափոխվում են անվտանգ աշխատատեղ` պահպանելով նախկին աշխատավարձը: Բոլոր աշխատող կանայք իրավունք ունեն նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսվող արձակուրդի, աշխատատեղի պահպանումով:

Հղիության 6-րդ շաբաթ 

Կանանց որոշ մասի մոտ հղիության առաջին շաբաթներում կարող է լինել թուլություն, սրտխառնոց, փսխում, որոշ դիսկոմֆորտ, սակայն հնարավոր է, որ հղիությունն ընթանա առանց որևէ դրսևորումների: Երբեմն հղիներն ունենում են այնպիսի զգացողություն, կարծես ուր որ է կսկսվի դաշտանը: Կարող է ուռչել և ցավել կուրծքը: դրա պատճառը կրծքագեղձերի ուժեղացված աշխատանքն է: Բացի այդ, կարող եք դառնալ դյուրագրգիռ կամ քնկոտ, առանց որևէ պատճառի արագ հոգնել. Դրանք պայմանավորված են պրոգեստերոնի բարձր խտությամբ: Հղիության վաղ շրջանում պետք է ավելի շատ հանգստանալ, շփվել գեղեցիկի հետ, ուտել այն, ինչ շատ եք սիրում: Պետք է խուսափել այն գործոններից և հոտերից` օծանելիքի, ծխախոտի, խոհանոցի, որոնք կարող են սրտխառնոցի և փսխման պատճառ դառնալ:

Սաղմը 6-րդ շաբաթում

Քաշը` 5-6 գրամ, երկարությունը` 20-25 մմ:

Սաղմի նյարդային խողովակը արդեն ծածկվել է հյուսվածքով և նրա ծայրին սկսում է ծայրավորվել գլխուղեղը: Ապագա դեմքի երկու կողմերում ի հայտ են գալիս երկու փոքրիկ բաժականման գոյացություններ` յուրաքանչյուրում փոքրիկ պիգմենտային սկավառակ: Դրանք տեսողական բշտիկներ են, որոնք վերածվելու են աչքերի: Այս էտապում պտղի սիրտը իրենից ներկայացնում է փոքր խողովակ, բայց նա արդեն սկսում է բաբախել և կբաբախի ամբողջ կյանքում: Կան նաև փոքրիկ բողբոջներ, որոնցից ձևավորվում են ձեռքերը և ոտքերը:

Հղիության 7-րդ շաբաթ

Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է: Եվս մեկ փոփոխություն. արգանդի վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան: Այն առաջացնում է պատնեշ արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտում միկրոօրգանիզմների թափանցմանը հեշտոցից վերին հատվածներ: Այդ լորձային խցանը դուրս է մղվում, հեռանում ծննդաբերությունից անմիջապես առաջ:

Սաղմը 7-րդ շաբաթում

Քաշը՝ 7-8 գրամ, երկարությունը` 30-35 մմ:

Այս շաբաթում տեղի են ունենում նոր փոփոխություններ սաղմի մարմնում, հատկապես վերջույթներում և դեմքի վրա: Սկսում է ձևավորվել աղե-ստամոքսային համակարգը: Արդեն գոյություն ունի ուղիղ աղիքը: Դեռևս պահպանված է պոչիկը, սակայն 10-11-րդ շաբաթներում այն վերանում է: Էմբրիոնի մոտ ձևավորվում են նաև թոքերը: Ընկերքը հաստանում է, պորտալարը ամրանում է արգանդի պատին: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի, բերանի, քթի սաղմերը: Կարելի է նույնիսկ տարբերել քթանցքները: 

Կազմեք Ձեզ համար ճաշացանկ

Լիարժեք սնունդ չի նշանակում կալորիայի մեծ քանակություն: Սնունդը պետք է լինի որակով: Որոշ հանքային էլեմենտներ խիստ կարևոր են հղիության նորմալ ընթացքի համար: Պետք է այդ էլեմենտները ներառեք Ձեր ռացիոնի մեջ, որպեսզի Ձեր օրգանիզմը կարողանա հարմարվել հղիությանը: Ճաշացանկը հղիության ժամանակ պետք է լինի բազմազան: Տարբեր սննդամթերքներ պարունակում են տարբեր հանքային էլեմենտներ. որքան բազմազան է սնունդը, այնքան հավանականությունը մեծ է, որ Դուք կստանաք բոլոր էլեմենտները նորմալ քանակությամբ: Պետք է սնվել հաճախ և քիչ-քիչ:

Հղիության 8-րդ շաբաթ

Արգանդը սկսել է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է Ձեր և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով: Չանհանգստանաք, եթե ունենաք որոշ դիսկոմֆորտ. Ձեր օրգանիզմը հարմարվում է հղիության ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններին:

Սաղմը 8-րդ շաբաթում

Քաշը` 10-12 գրամ, երկարությունը`40 մմ:

Սաղմի ձեռքերի և ոտքերի վրա ձևավորվում են մատները, իսկ ձեռքերը ծալվում են արմունկում և դաստակում: Սկսում են ձևավորվել ականջախեցիները: Դեմքի վրա առաջանում է վերին շրթունքը և քիթը: Աչքերը շատ հեռու են տեղակայված, բայց արդեն երևում են կոպերը: Աղիները դառնում են այնքան երկար, որ երբեմն դուրս են գալիս պորտի շրջանից, դա ֆիզիոլոգիական ճողվածքն է:

Կանանց մեծամասնությունը առաջին շաբաթներից սկսած հեշտ է տանում հղիությունը, առանց անախորժ դրսևորումների, իսկ որոշ կանայք զգում են դիսկոմֆորտ և սրտխառնոց: 

Սրտխառնոց

Հղիության առաջին եռամսյակում հղի կանանց հիմնական գանգատը հոգնածությունն է, սրտխառնոցը, երբեմն նաև փսխումը: Երբեմն այդ իրավիճակը անվանվում է առավոտյան սինդրոմ, չնայած դա կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին: Սրտխառնոց հաճախ նկատվում է, երբ կինը անբավարար է սնվում կամ ունի ստամոքս-աղիքային խանգարումներ: Անհրաժեշտ է դիմել բուժաշխատողի` սրտխառնոցի վերաբերյալ ավելի մանրամասն և անհատական խորհրդատվություն ստանալու համար: Հղիների մոտ ցանկացած ուտելիք կարող է առաջացնել սրտխառնոց, նույնիսկ հղիի սիրած օծանելիքը, նաև ամուսնու մաշկի, ծխախոտի հոտը:

Հղիության 9-րդ շաբաթ

Ձեր կազմվածքից դեռ չի նկատվում, որ դուք հղի եք: Արյան մեջ խորիոնային հորմոնի քանակը շարունակում է բարձրանալ: Դուք արդեն զգում եք որոշ փոփոխություններ. մաշկը դարձել է ավելի հարթ և հավասար: Կրծքագեղձերը մեծանում են, դառնում ավելի զգայուն: Երբեմն նկատվում է բնորոշ լորձա-շճային արտադրություն հեշտոցից: Սակայն սա բնական է և անհանգստության պատճառ չպետք է հանդիսանա: 

Սաղմը 9-րդ շաբաթում

Քաշը՝ 13-14 գրամ, երկարությունը՝ 50-60 մմ:

Գլուխը անհամաչափ մեծ է և թեքված դեպի կուրծքը: Աչքերը բավականին ձևավորված են, սակայն փակված են թաղանթով: Էմբրիոնի մոտ արդեն կան մկաններ, և պտուղը կամաց-կամաց սկսում է շարժվել, սակայն դա հնարավոր է տեսնել միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում` թաթիկները ձևավորվում են ավելի արագ, քան տոտիկները: Մատների արանքների թաղանթները սկսում են անհետանալ: 

Բուժաշխատողին այցելելու նպատակը

Առաջին այցը մանկաբարձ-գինեկոլոգին պետք է լինի հղիության մինչև 12 շաբաթական ժամկետը: Մինչև հղիության 28 շաբաթը պետք է այցելել բուժաշխատողին ամիսը մեկ անգամ, հետո` ավելի հաճախ: Մինչև 36 շաբաթը ամիսը 2 անգամ, իսկ հետո յուրաքանչյուր շաբաթ:

Առաջին այցի ժամանակ բուժաշխատողը մանրակրկիտ տվյալներ կհավաքի Ձեր և Ձեր ընտանիքի առողջության մասին: Բժիշկը կամ մանկաբարձը կկատարեն մի շարք հետազոտություններ: Կշոշափեն Ձեր որովայնը, կլսեն սիրտը և թոքերը, կչափեն արյան ճնշումը, քաշն ու հասակը: Յուրաքանչյուր հետագա այցերի ժամանակ հետազոտության արդյունքները գրանցվում են հղիության քարտում և Ձեր օրագրում: Եթե ուզում եք, որ ծննդաբերությանը մասնակցի ամուսինը կամ հարազատ որևէ անձ, ապա նրա հետ անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիայի պարապմունքներին: Դուք կարող եք ընտրել Ձեր բժշկին և կոնսուլտացիա այցելել միայն նրա մոտ: Բաց մի թողեք ոչ մի կոնսուլտացիա, հղիությունը պետք է լինի հսկողության տակ: Ձեր և ապագա մանկան առողջությունը կախված է Ձեր խոհեմությունից, գիտելիքներից և վարքագծից:

Հղիության 10-րդ շաբաթ

Հորմոնների բարձր մակարդակը ազդում է հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության վրա: Նկատվում է բարձր գրգռվածություն, հաճախ թուլություն, քնկոտություն, տրամադրության փոփոխություն, ոչ հազվադեպ` անկում: Ֆիզիկական առումով հղին սկսում է քաշ հավաքել, լնդերը դառնում են փխրում, վահանաձև գեղձը փոքր-ինչ մեծացած է: 

Սաղմը 10-րդ շաբաթում

Քաշը՝ 15-16 գրամ, երկարությունը մոտ 70 մմ:

10-րդ շաբաթը պտղի համար համարվում է ինքնատիպ ժամանակ: Արդեն հիմնադրված են մարմնի գլխավոր չափանիշները:

Պտղի մատները արդեն առանձնացված են, ի հայտ է գալիս լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Ուղեղը շարունակում է զարգանալ, ի դեպ, ֆենոմենալ արագությամբ` մեկ րոպեում արտադրվում են քառորդ միլիոն նոր նեյրոններ: Էմբրիոնի սիրտը նույնպես կազմավորված է: Ճիշտ է, արտաքին սեռական օրգանները դեռևս չեն տարբերվում, սակայն եթե տղա է, սկսում է արտադրվել տեստոստերոն` արական հորմոն: 

Եթե մինչև 10-րդ շաբաթը էմբրիոնի անատոմիական կառուցվածքում ամեն ինչ նորմալ է, ապա նշանակում է, որ նրա մոտ բնածին անոմալիաների առաջացման հավանականության ռիսկը խիստ կրճատվում է:

Հղիության 11-րդ շաբաթ 

Հաճախ հղիությունը ընթանում է հօգուտ հղի կնոջ արտաքինի. լավանում է մազերի և մաշկի որակը: Թավշյա մաշկ, փայլուն ինչպես մետաքս մազեր, պայծառ հայացք: Այս բոլորը հղիության հորմոնների բարենպաստ ազդեցության հետևանք են, որոնք պահում են մաշկի խոնավությունը, ինչի հետևանքով այն դառնում է հարթ: Ավելացած արյունամատակարարումը ներկում է հղիի այտերը վարդագույն:

Երբեմն լինում է նաև հակառակը` հորմոնների բարձր մակարդակն արյան մեջ կարող է առաջացնել տհաճ փոփոխություններ կնոջ արտաքինում, օրինակ` հիպերպիգմենտացիա և այլ խնդիրներ:

Հիպերպիգմենտացիա

Որոշ կանանց մոտ` դեմքի վրա, ի հայտ են գալիս պիգմենտային բծեր (խլոազմաներ): Դրանք առաջանում են մաշկի տարբեր հատվածների հիպերպիգմենտացիայի հետևանքով: Որպեսզի քողարկվեն այդպիսի դեֆեկտները, գոյություն ունեն տարբեր կոսմետիկական միջոցներ: Նկատի ունեցեք, որ խլոազման հատկապես ուժեղանում է, եթե երկար ժամանակ մնաք արևի տակ: Ծննդաբերությունից հետո, երբ հորմոնների քանակը հասնում է նորմայի, խլոազմաները անհետանում են:

Այլ կոսմետիկ պրոբլեմներ

Մաշկի այն հատվածները, որոնք բնականից մուգ են, այսինքն` պտուկների շրջակայքը և պեպենները, դառնում են ավելի մուգ: Պորտից մինչև ցայլային շրջան ընկած հատվածում կարող է ի հայտ գալ մուգ բիծ: Պիգմենտային բծերը և գծերը կարող են պահպանվել ծննդաբերությունից հետո ևս որոշ ժամանակ, սակայն նրանք նույնպես աստիճանաբար կանհետանան:
Արյունատար անոթների լայնացումը և արյունազեղումը մաշկի մեջ առաջացնում է սարդանման բծեր և ձեռքի ափերի կարմրություն, բայց այս երևույթները ևս կանցնեն ծննդաբերությունից հետո:

Սաղմը 11-րդ շաբաթում

Քաշը՝ 18-20 գրամ, երկարությունը՝ մոտ 80 մմ:

Այս շաբաթը նշանավորվում է էմբրիոնալ շրջանի ավարտով, և ապագա երեխան կոչվում է պտուղ: Այժմ, ընդհուպ ծնվելը, տեղի է ունենում նրա արագընթաց աճը: Ավելանում է պլացենտայում արյունատար անոթների քանակը: Ականջները աստիճանաբար տեղափոխվում են իրենց տեղը գլխի վրա: Գլուխը այս փուլում անհամաչափ մեծ է (զբաղեցնում է մարմնի կեսը): Փոքրիկի օրգանիզմում սկսում են զարգանալ ներքին օրգանները: Աղիների մի մասը արտանկում է պորտալարի մեջ (այս պրոբլեմը լուծվում է զարգացման մյուս շաբաթներում): Պտղի մոտ սկսվում է աղիների գործունեությունը առաջացնելով կծկանքներ, որոնք հիշեցնում են գալարակծկանքներ (պերիստալտիկա): Ավելի ուշ ժամկետներում պտղի աղիներով սկսում են արտաթորվել մեռած բջիջներ և հարապտղային ջրեր` որպես առաջնային կղանք` մեկոնիում:

Հղիության 12-րդ շաբաթ

Հղիության ժամանակ օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն թույլ են տալիս հեշտ հարմարվել նոր վիճակին, այլև պատրաստում են հղի կնոջը մանկածնման պրոցեսին:

Մարզանքը (ֆիզիկական վարժությունների մանրամասն նկարագրությունը) կձգի մկանները, կբարձրացնի տոնուսը և կավելացնի արյունամատակարարումը, բացի այդ, ֆիզիկական վարժությունների ժամանակ տեղի է ունենում հատուկ նյութերի՝ էնդորֆինների մեծ քանակի արտանետում արյան մեջ, որոնք հանում են լարվածությունը: Այս ֆերմենտները կարող են թափանցել պլացենտայի մեջ և պտղի վրա բարենպաստ ազդեցություն ունենալ: Ֆիզիկական լավ վիճակը հղիության ժամանակ հանդիսանում է բարեհաջող ծննդաբերության գրավական, ինչպես նաև նպաստում է ծննդաբերությունից հետո կնոջ նախկին կազմվածքի հեշտ վերականգնմանը: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ քիչ-քիչ և հաճախ, քան հազվադեպ, բայց երկար: 

Բժիշկների մեծ մասը գտնում է, որ առաջին եռամսյակում, երբ բարձր է վիժման վտանգը, պետք է խուսափել ինտենսիվ վարժություններից: Անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: 
Եթե Դուք մինչև հղիությունը կանոնավոր զբաղվել եք ինչ-որ սպորտաձևով, ապա կարող եք շարունակել պարապմունքները և առաջին, և երկրորդ եռամսյակներում: 

Լողը և զբոսանքը ֆիզիկական ակտիվության իդեալական ձևեր են հղիների համար, հատկապես, եթե հղին մինչ այդ զբաղվել է լողով: Զբոսանքները լավացնում են արյան շրջանառությունը և մարսողությունը: Լողը լավացնում է մկանների տոնուսը և դիմադրողականությունը: Քանի որ Ձեր մարմինը գտնվում է կիսաանկշռելիության վիճակում, այդ պատճառով չկա ոչ մի վտանգ, որ Դուք կծանրաբեռնվեք: 

Եթե Դուք չեք այցելել մանկաբարձուհուն կամ մանկաբարձ-գինեկոլոգին, անպայման այցելեք, որի ընթացքում կհետազոտվեք և կստանաք անհրաժեշտ խորհրդատվություն:

Պտուղը 12-րդ շաբաթում

Քաշը՝ 20-25 գրամ, երկարությունը՝ մոտ 90 մմ:

Գերձայնային (էխոսկոպիկ) հետազոտություն

Բարձր հաճախականության ձայների միջոցով, որոնք անդրադառնում են սաղմի կողմից, հնարավոր է նրան տեսնել էկրանի վրա: Գերձայնը հայտնաբերվել է 60-ական թվականներին: Սկզբում այն օգտագործել են ձկնային արդյունաբերության մեջ, որպեսզի օվկիանոսում հայտնաբերեն ձկներին: Ներկայում ուլտրաձայնը լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, այդ թվում` մանկաբարձությունում, որպեսզի պարզեն սաղմի, պտղի, պլացենտայի վիճակը: Առաջին գերձայնային հետազոտությունը կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: գերձայնային տոմոգրաֆի միջոցով այս ժամկետում կարելի է պարզել երեխայի ներարգանդային տարիքը, պտղի քանակը` մեկ կամ ավելի, որտեղ է տեղակայված` արգանդում, թե փողում, ինչպես է զարգանում: Հետագայում գերձայնը հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը: 

Ինչպես պատրաստվել էխոսկոպիկ հետազոտությանը

Հղիության վաղ ժամկետներում գերձայնային պատկերը ավելի տեսանելի է, երբ կինը հետազոտվում է լիքը միզապարկով, այդ պատճառով անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկ և չմիզել 1 ժամ մինչև հետազոտությունը: Գալով գերձայնային հետազոտության, Դուք պառկում եք մեջքի վրա, համակարգչի մոտ գտնվող թախտին: Հետազոտող բժիշկը կքսի որովայնին հատուկ գել` ձայնային ալիքների հաղորդիչ, և կսկսի սահեցնել Ձեր որովայնով հատուկ ընդունիչ, որը նման է միկրոֆոնի: Ընդունիչի մեջ կան կվարցային բյուրեղներ, որոնք ընդունում և հաղորդում են մոնիտորին ձայնային ալիքները, որոնք վեր են ածվում էկրանի վրայի պատկերի: Պատկերը կարող է լինել ոչ պարզ, այդ պատճառով, ցանկության դեպքում խնդրեք բժշկին բացատրել` ինչ է ինքը տեսնում էկրանի վրա: Շատ մասնագետներ վերջում տալիս են պտղի տպած պատկերը: Ամբողջ պրոցեդուրայի տևողությունը 30 րոպեից ոչ ավել է: Կարող եք խնդրել Ձեր մանկան առաջին պատկերը: 

Էխոսկոպիկ հետազոտության անվտանգության մասին

Կային մտավախություններ, որ գերձայնային հետազոտությունը վտանգավոր է պտղի համար: Հետագայում դրանք չհաստատվեցին: Ի տարբերություն ռենտգենի, գերձայնը չի տալիս ոչ մի ճառագայթում, բայց և այնպես, պետք է այն կատարել միայն անհրաժեշտության դեպքում: Ներկայումս խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում: Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակ` արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան:

Հղիության 13-րդ շաբաթ

Արգանդը մեծանում է մինչև 10 սմ լայնությամբ: Նրա համար կոնքազդրային շրջանը դառնում է նեղ, և այն սկսում է բարձրանալ դեպի որովայնի խոռոչ: Օգտվելով գերձայնային հետազոտությունից` բժիշկը, պտղի չափերից ելնելով, արդեն հստակ կարող է որոշել ծննդաբերության ժամկետները: 

Հղի կնոջ սիրտը աշխատում է ավելի արագ: Սկսում է խփել րոպեում մի քանի զարկով ավել, որպեսզի կարողանա հաղթահարել արյան ավելացած շրջանառությունը: 

Հղիության առաջին եռամսյակում (առաջին 13 շաբաթներ) հղիի միջին քաշը սովորաբար ավելանում է 1,5-2 կգ-ով: 

Պտուղը 13-րդ շաբաթում

Քաշը՝ 40-50 գրամ, երկարությունը՝ մոտ 10-11 սմ:

Պտղի աճը ընթանում է արագընթաց: Վերջին 3 շաբաթվա ընթացքում դիմագծերը նմանվում են մարդկայինի: Ճիշտ է, օրգանիզմի հիմքը արդեն դրված է, սակայն շարունակաբար կատարվում են փոփոխություններ: Այսպես, զարգանում է ձեռքերի և ոտքերի եղունգների սաղմը: Մկանային համակարգը բավականին զարգացած է, սակայն շարժումները դեռևս անկառավարելի են: Իմպուլսները հաղորդվում են ողնուղեղ, քանի որ գլխուղեղը զարգացած է ոչ բավարար: Աղիները այլևս դուրս չեն գալիս որովայնի խոռոչից: 

Եթե պտուղը արական սեռի է, ապա նրա մոտ իգական ռեպրոդուկտիվ օրգանները վերափոխվում են` տեղի տալով արականին: Պտղի կոպերը սերտաճած են, աչքերը 4 ամիս հետո նոր կբացվեն: Թաթիկները բավականին երկար են, պտուղը սկսում է ծծել մեծ մատը, բայց ընդհանրապես ծծել բառը չափազանցված է, քանի որ նա ուղղակի մատը մոտեցնում է բերանին: Սկսում է զարգանալ այն հյուսվածքը, որից պետք է ձևավորվեն երեխայի ոսկորները` հատկապես գլխի և վերջույթների: Արդեն նշմարվում են մի քանի կողեր: Քիթը և կզակը ընդգծված են ավելի հստակ: Մի քանի շաբաթ հետո պտուղը սկսում է շարժվել: Նրա կրծքավանդակը սկսում է շարժվել, ինչպես շնչառության ժամանակ, նույնիսկ սովորում է կուլ տալ քիչ քանակով պտղաջրեր, որը նա կարտաթորի միզելու միջոցով: Այս շրջանում պտղի սնումը, թթվածնով ապահովումը և վերամշակված արգասիքների հեռացումը կատարում է պլացենտան, իսկ հետագա ամիսներին կարևոր նշանակություն են ունենում պտղաջրերը: 

13-րդ շաբաթում պլացենտան արդեն հուսալիորեն կազմավորված է և պատրաստ է ձվարաններից ընդունել հորմոններ արտադրելու էստաֆետը, այնպիսի հորմոններ, ինչպիսիք են պրոգեստերոնը և էստրիոլը, որոնք մեծ դեր են խաղում հղիության զարգացման համար:

Հղիության 14-րդ շաբաթ

Հղիության 14-րդ շաբաթից սկսվում է հղիության երրորդ եռամսյակը: Հղիները ավելի ակտիվ են դառնում: Արգանդը մեծանում է ամեն շաբաթ, որի մեծացումը դառնում է նկատելի: Եթե առաջ արգանդի հատակը (նրա վերևի մասը) գտնվում էր ցայլային շրջանի մոտ, այժմ այն գտնվում է պորտի և ցայլքի միջև:

Ռելաքսացիա

Հղիի վիճակը, հատկապես նրա նյարդային վիճակը բացասաբար է անդրադառնում պտղի վրա: Ուստի լիցքաթափվելու կարողությունը ոչ միայն նպաստում է հղիության նորմալ ընթացքին, այլև համարվում է լավ նախապայման ծննդաբերության համար, քանի որ կծկանքների ժամանակ մկանները գտնվում են չափից դուրս լարվածության մեջ, և ռելաքսացիան ի վիճակի է թեթևացնել ծննդաբերական ցավերը:

Հետևյալ տնային վարժությունների միջոցով կարելի է սովորել թուլացնել լարվածությունը`

Պետք է հագնել ազատ հագուստ, նստել հարմար դիրքով մահճակալին, հատակին կամ աթոռի վրա: Անհրաժեշտ է տակը դնել այնքան բարձեր և բարձիկներ, որքան Ձեզ հարմար է: Սկսել ներբանի մկանների լարումով մի քանի վայրկյան տևողությամբ: Այնուհետև անհրաժեշտ է թուլացնել մկանները: Նույն ձևով վարժեցրեք ձկնամկանները, ազդրերը, փորը, հետույքը, այնուհետև ձոռքերը, ափերը, դեմքը: Հերթականորեն լարեք և թուլացրեք մարմնի բոլոր մկանները: Փակեք աչքերը, բարձրացրեք հոնքերը վեր, ապա թուլացրեք: Կրկնեք վարժությունները սկզբից մինչև վերջ: Այսպիսի համալիր վարժություններից հետո մարմնում կզգաք զգալի թեթևություն: Այսպես պարապեք օրվա մեջ մի քանի անգամ: 

Ճիշտ շնչելու իմացությունը կօգնի հղիին հաղթահարել ծննդաբերության լարվածությունը: Վերահսկելով շնչառությունը, անհրաժեշտ է սովորել թուլանալ, այնուհետև հաղթահարել լարվածությունը: Աշխատեք կատարել խորը ներշնչում քթով, այնուհետև դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ առավելագույնս թուլացրեք բոլոր մկանները: Պետք է շնչառությունը չպահել, քանի որ դրա հետևանքով մկանները լարվում են: 

Վարժությունների ժամանակ կարող է Ձեզ օգնել ամուսինը՝ կատարելով թեթև մերսում, հատկապես այն հատվածների, որոնց Ձեր ձեռքը չի հասնում (սրբոսկր, ոտքի ներբաններ): 

Պտուղը 14-րդ շաբաթում

Քաշը՝ 50-60 գրամ, երկարությունը՝ մոտ 10-11 սմ:

Շարունակում է կազմավորվել ապագա երեխայի դեմքը: Արդեն ընդգծված են դառնում քիթը և թշիկները: Ականջները պարանոցի կողմնային մասերից սկսում են մոտենալ իրենց տեղը: Այս շաբաթվա գլխավոր ձեռքբերումը համարվում է լանուգոյի` սաղմնային աղվամազի ի հայտ գալը: Մատների բարձիկների վրա ի հայտ է գալիս մատնահետքերի նկարը (դակտիլոգրաֆիան), որը կդառնա նրա այցեքարտը հետագա ողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ լանուգոն ունի պաշտպանիչ ֆունկցիա: Նա պահում է մոմանման նյութը` արտազատուկը, որը արտադրվում է պտղի օրգանիզմի կողմից: Դեռևս ներարգանդային կյանքում լագունոյի փոխարեն կաճի ավելի հաստ և կոպիտ աղվամազ, որով էլ կծնվի երեխան: 

Այս շրջանը կարևոր է ներքին սեկրեցիայի գեղձերի համար: Պտղի վահանագեղձի զարգացումը թույլ է տալիս, որպեսզի այն արտադրի հորմոններ: Տղաների մոտ ի հայտ է գալիս շագանակագեղձը, իսկ աղջիկների մոտ` ձվարանները, որոնք որովայնի խոռոչից իջնում են կոնքազդրային շրջան:

Հղիության 15-րդ շաբաթ

Սովորաբար այս շրջանում հղիի նախկին հագուստը, հատկապես անդրավարտիքը և կիսազգեստը նեղում է այնպես, որ անհրաժեշտ է մտածել հատուկ զգեստի մասին: Հագուստը պետք է լինի լայն, ազատ: Եթե զգուշորեն շոշափեք որովայնը, կզգաք, որ արգանդի վերին մասը տեղադրված է մոտավորապես 7-8 սմ պորտի մակարդակից ցածր: Երկրորդ եռամսյակը ամենաբարվոք ժամանակաշրջանն է հղիության համար: Ձեզ այլևս չեն անհանգստացնում հղիության առաջին եռամսյակի փոքր շեղումները, մասնավորապես` սրտխառնոց, փսխում:

Պտուղը 15-րդ շաբաթում

Քաշը՝ 60-80 գրամ, երկարությունը՝ մոտ 12-13 սմ:

Պտղի մաշկը բարակ է և թափանցիկ, որի տակ երևում են բազմաթիվ արյունատար անոթներ: Շարունակում են աճել մազերը գլխիկի վրա, խտանում են հոնքերը: Եթե երեխային տրված է լինել մուգ մազերով, նրա մազերի ֆոլիկուլները սկսում են արտադրել հատուկ պիգմենտներ: Պտուղը դառնում է շարժուն և ամուր: Թաթիկները ծալվում են արմնկային և դաստակային հոդերում, նա կարող է սեղմել թաթիկը (բռունցք): Շարունակվում է ձևավորվել կմախքը և ողնաշարը: Թափանցիկ մաշկի տակ, ճակատի վրա, կարելի է տեսնել արյունատար անոթների մանրագույն ցանց:

Հղիության 16-րդ շաբաթ

Արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն նորմալ աճի համար: Պտղաջրերի քանակը այս փուլում կազմում է մոտավորապես 250 մլ: Որոշ դեպքերում հղիության 16-20 շաբաթներում իրականացվում են հատուկ հետազոտություններ և թեսթեր, որոնցից են ալֆաֆետոպրոտեինի որոշման և եռակի թեսթերը` ալֆաֆետոպրոտեին, խորիոնային գոնադոտրոպին, Էստրիոլ: Այս թեսթերը անվտանգ են և հնարավորություն են տալիս հայտնաբերելու Դաունի հիվանդությունն ու ողնաշարի ճողվածքի հնարավորությունը:
Որոշ հղիների համար երբեմն առաջանում է հատուկ հետազոտման անհրաժեշտություն, մասնավորապես ամնիոցենտեզ` խորիոնի թավիկների և պլացենտայի բիոպսիայի նպատակով:

Սեռական կյանք

Հղիության ընթացքում սեռական կյանքը օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու սիրո բերկրանքը: Հղիության ընթացքում կինը կարող է նույնիսկ ունենալ բարձրացած սեռական հակում, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, որի պատճառը սեռական հորմոնների գերարտադրությունն է: Հենց այդ հորմոններն են, որ հղիի աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը: Այս շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառության ավելացման հետևանքով սեռական գրգռվածությունը ավելին է, ավելին է նաև սեռական բավարարվածությունը և հաճույքը:

Որոշ տղամարդիկ խուսափում են սեռական կոնտակտից` վախենալով վնասել երեխային: Սեռականակտիվությունը հղիության ընթացքում չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է բացառվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը: Սեռական հարաբերության ժամանակ երեխային վնասելու մտահոգությունից կարող եք Ձեզ ազատել, քանի որ փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Սեռական հարաբերությունները դրական են ազդում կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:

Պտուղը 16-րդ շաբաթում

Քաշը՝ 100-120 գրամ, երկարությունը՝ մոտ 16 սմ:

Պտուղը արդեն կարող է գլուխը ուղիղ պահել: Դեմքի մկանները ձևավորված են, դրա համար նա սկսում է դեմքը «ծամածռել», բացել բերանը, մռայլվել: Արդեն կուտակվել է բավականին կալցիում, որպեսզի ձևավորվեն ոսկորները: Եթե պտուղը իգական սեռի է, ապա ձվարանները, որոնք պարունակում են ավելի քան 5 մլն ֆոլիկուլներ, իջնում են որովայնից կոնքային շրջան:

Հղիության 17-րդ շաբաթ

Որպեսզի ընկերքի միջոցով ապահովվի աճող պտղի սնուցումը, շրջանառվող արյան ծավալը մեծանում է մոտ 48 %, հղիի սիրտը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Արյան շրջանառությունը մեծանում է, ծանրաբեռնվածությունը արյունատար փոքր անոթներում ավելանում է, մասնավորապես` լնդերում և քթի խոռոչի մազանոթներում: Հնարավոր է քթային փոքր արյունահոսություն, ինչպես նաև արյունահոսություն լնդերից: Արգանդը արդեն տեղակայված է պորտի մակարդակից 3.5-5 սմ ցածր:

Պտուղը 17-րդ շաբաթում

Քաշը՝ 150 գրամ, երկարությունը՝ մոտ 17-18 սմ:

Արագ աճում է պտուղը և պլացենտան: Եթե պլացենտան հղիության առաջին շաբաթների ընթացքում իրենից ներկայացնում էր թաղանթ` խորիոնային թավիկներով, ապա հղիության վերջում այն ամուր սկավառակ է` 2.5 սմ հաստությամբ, 480-500 գ քաշով, 16-18 սմ տրամագծով: 17-րդ շաբաթում ընկերքը լրիվ ձևավորված է` արյունատար անոթների խիտ ցանցով, որի միջոցով ընդունվում են օրգանական նյութեր և արտազատվում են նյութափոխանակության մնացորդային արգասիքները: 

Հղիության 18-րդ շաբաթ

Առաջնահղիների մոտ 17-18-րդ շաբաթը առավել հետաքրքրական ժամանակ է: Այդ շրջանում կինը սկսում է զգալ պտղի շարժումները` որպես պտղի խաղ: Սովորաբար կրկնահղիները պտղի խաղը զգում են 14-15-րդ, առաջնահղիները17-18-րդ շաբաթում: Որոշ կանայք դժվարանում են նկարագրել այդ երևույթը, սովորաբար այն հիշեցնում է վիճակ` ստամոքսի խանգարման պատկերով, աղիների գալարակծկանքներով:

Պտուղը 18-րդ շաբաթում

Քաշը՝ 160-180 գրամ, երկարությունը՝ մոտ 10-21 սմ:

Պտուղը սկսում է զգալ արտաքին աշխարհը և խփում է ոտիկով Ձեր որովայնին, նաև լսում է Ձեզ: Քիչ-քիչ զգայուն է դառնում աչքի ցանցաթաղանթը: Քանի դեռ արգանդի խոռոչում կա ազատ տարածություն, պտուղը ակտիվ շարժվում է, խաչում է ոտիկները, հետ է թեքվում, ծծում է ձեռքի մեծ մատը, կատարում սալտո-մորտալե: 

Կա կարծիք, որ պտուղը զգում է արտաքին աշխարհի փոփոխությունները: Եթե հղին մերկ որովայնը պահի արևի վառ ճառագայթների տակ, ապա պտուղը կտեսնի բաց վարդագույն ճառագայթում: Այս շաբաթից պտուղը սկսում է ընտելանալ ծնողների կյանքի ռիթմի հետ:

Հղիության 19-րդ շաբաթ 

Հղին աստիճանաբար ընտելանում է պտղի շարժումներին, հետևում, թե ինչպես է նա շարժվում արգանդում: Շարունակվում է հղիի քաշի ավելացումը. ազդրերը լայնանում են, մեծանում է որովայնը, որը չի կարող չազդել կեցվածքի վրա և անհանգստություն է առաջացնում հատկապես քնելու ժամանակ: Հղիության ժամանակ ցանկալի է ընտրել քնելու հետևյալ դիրքերը. 

Երկու ընդհանուր սիրված դիրքերը` փորի վրա և մեջքին, լավագույնը չեն հղիության ժամանակ: Մեջքին պառկելը, չնայած թվում է ամենահարմարը, գցում է ամբողջ հղի ծանրությունը մեջքի, աղիների և ստորին սիներակի վրա, որը կարող է պատճառել տարբեր բարդություններ, ինչպիսիք են թութք (հեմորոյ), արյան ճնշման իջեցում և այլն: 

Ամենանախընտրելի ձևը հղիի և պտղի համար ոտքերը կծկած կամ ձգված պառկելն է մի կողքի վրա, գերադասելի է ձախ կողքին, մի ոտքը խաչած մյուսին և բարձը դրած նրանց արանքը: Մի անհանգստացեք, եթե արթնանաք մեջքի վրա պառկած դիրքով: Վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի նորից շրջվեք կողքի վրա: Դուք կարող եք մի քանի գիշեր զգալ անհարմարավետություն, բայց շուտով կհարմարվեք նոր դիրքին:

Պտուղը 19-րդ շաբաթում

Քաշը՝ 230-250 գրամ, երկարությունը՝ մոտ 22-23 սմ:

Շաբաթվա գլխավոր ձեռքբերումը պտղի գլխուղեղի շարունակվող աճն է: Պտղի մեծ, անհամաչափ գլուխը նշան է այն կարևոր դերի, որը խաղում է գլխուղեղը պտղի զարգացման համար: Նեյրոնները, նյարդային բջիջները կապ են հաստատում ուղեղի և մկանների միջև, երեխայի շարժումները դառնում են ավելի կարգավորված: Գլխիկի վրա երևում են փոքր ականջները: Ձևավորվում են ատամների սաղմերը: Ծայրանդամները ունեն համաչափ չափսեր: Երեխայի ներբանը ունի 2,5 սմ երկարություն, նրա հարաբերությունը ազդրին և սրունքին արդեն կլինի մշտական:

Հղիության 20-րդ շաբաթ 

Բեղմնավորումից անցել է արդեն 20 շաբաթ, և հղիությունը արդեն նկատելի է: Ձեր իրանը նախկինը չէ, իսկ փորը էականորեն մեծացել է: Արգանդի հատակը գտնվում է պորտից մի քիչ ցածր: Աճող արգանդը միջնորդավորված ձևով ճնշում է և՛ թոքերի, և՛ ստամոքսի և՛ երիկամների վրա, այդ պատճառով կարող է լինել հևոց, մարսողության խանգարում, հաճախամիզություն: Հնարավոր է արգանդը այնպես ճնշի փորի վրա, որ պորտը դուրս գա կոճակի նման: Որովայնի, ազդրի շրջանում կարող են ի հայտ գալ շագանակագույն, արծաթագույն կամ կարմիր բծեր:

Պտուղը 20-րդ շաբաթում

Քաշը՝ 280-300 գրամ, երկարությունը՝ մոտ 25 սմ:

Այս շաբաթում պտղի մաշկը հաստանում է և դառնում քառաշերտ: Ճարպագեղձերը սկսում են արտադրել մոմանման արտազատուկ, որը կոչվում է նախնական քսուք: Այդ քսուքը կպահպանի պտղի նուրբ մաշկը, որը մշտապես ողողվում է պտղաջրերով` ամնիոտիկ հեղուկով: Նախնական քսուքը պահպանվում է մաշկի վրա առաջնային աղվամազերով` լանուգոյի միջոցով: Սկսում են աճել գլխի մազերը, ոտքերի և ձեռքերի մատիկների վրա առաջանում են եղունգներ: Էլեկտրոնային մոնիտորի միջոցով բժիշկը կարող է տալ Ձեզ լսելու պտղի սրտի բաբախումները:

Հղիության 21-րդ շաբաթ

Հետագա 10 շաբաթը հղիները կտրուկ քաշ են հավաքում: Այս ժամանակաշրջանում քաշի ավելացումը կազմում է ավելացած ընդհանուր քաշի մոտավորապես կեսը: Հղիները զգում են ախորժակի ավելացում: Արագացած նյութափոխանակությունը կպահանջի լրացուցիչ կալորիաներ: Անհրաժեշտ է լավ սնվել, բայց պետք չէ չարաշահել միայն մի տասակի սննդամթերք, հատկապես, եթե դա վերաբերում է ճարպոտ սննդամթերքին և այն սննդամթերքներին, որոնք պարունակում են քիչ սննդարար նյութեր: 

Մի զարմացեք, եթե դուք հանկարծ կուզենաք ուտել անսովոր ինչ-որ մի բան: Դա կոչվում է խեղաթյուրված ախորժակ: Եղել են կանայք, որոնք ցանկացել են խմել մի բուռ հող, կավիճ և այլն: Անհրաժեշտ է կառավարել այդ անսովոր ցանկությունը և խորհրդակցել բժշկի հետ: Արգանդի վերին եզրը տեղակայված է պորտի մակարդակից մոտավորապես 1-1.5 սմ բարձր:

Պտուղը 21 -րդ շաբաթում

Քաշը՝ 350-400 գրամ, երկարությունը՝ մոտ 23-24 սմ:

Պտուղի արյան մեջ արդեն բավականին բարձր է արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտների) քանակը: Սկսում են արտադրվել արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք պատասխանատու են ինֆեկցիայի ընկճման համար: 

Լեզվի վրա սկսում են ձևավորվել համային պտկիկները, մարսողական համակարգը արդեն ի վիճակի է անջատել պտղի կուլ տված ամնիոտիկ հեղուկից ջուրը և շաքարը. պրոցեսը տեղի է ունենում ստամոքսից մինչև ուղիղ աղիք: 

Շատ կարևոր է չնյարդայնանալ հղիության ժամանակ, կարողանալ լավ հանգստանալ: Պտուղը արդեն ռեակցիա է տալիս արտաքին ազդակներին, դրա համար հաճախ շոյեք որովայնը: Պտղին դուր է գալիս, երբ մայրը և հայրը խոսում են նրա հետ, երգում են նրա համար, միացնում են երաժշտություն: Այն երեխաները, որոնք հաճախ լսել և ընկալել են ծնողների ձայնը դեռ արգանդում, ավելի հանգիստ են իրենց պահում ծնվելուց հետո: Ճանաչում են ծնողների ձայները: 

Պտղի շարժումը կարևոր չափանիշ է նրա վիճակը գնահատելու համար: Եթե փոխվում են շարժումների ինտենսիվությունն ու բնույթը, ապա խորհրդակցեք բժշկի հետ: 

Հղիների հագուստը

Հղիության ժամանակ հարմար է կրել լայն և ազատ ոճի ցանկացած հագուստ: Ցանկալի է կրել ազատ տաբատներ և կոմբինիզոններ: Վրայից կարելի է հագնել վերնաշապիկ կամ մեծ չափի սվիտեր:

Արյան շրջանառության պատճառով հղիները հաճախ քրտնում են, այդ պատճառով հագուստը պետք է լինի բնական կտորներից: Կոշիկը պետք է լինի հարմար, ցածր և լայն կրունկով: Ցանկալի է, որպեսզի կոշկակապեր չլինեն: 

Լուրջ գանգատներ, որոնք պահանջում են բժշկական խորհրդատվություն և համապատասխան բուժում

1. ձեռքերի և ոտքերի այտուցը, 
2. կարճ ժամանակում քաշի գերավելացում,
3. ճնշման բարձրացումը, այտուցները և սպիտակուցի առկայությունը մեզի մեջ նշանակում է ծանր ախտաբանություն` պրեէկլամպսիա: Նման խանգարումները վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար: Անմիջապես դիմեք բժշկի և կատարեք նրա հանձնարարությունները: 
4. եթե դուք տառապում եք դիաբետով, լուծով, ունեք սրտխառնոց և փսխում օրը մի քանի անգամ, դիմեք բժշկի, որովհետև այդ վիճակը կարող է հանգեցնել ջրաաղային փոխանակման խանգարմանը և քաշի իջեցմանը:
5. արյունային արտադրության, ցավոտ կծկումների, ուժեղ գլխացավի, ջերմության բարձրացման, տեսողության և այլ խանգարումների դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Հղիության 22-րդ շաբաթ

Հղիների արյան ծավալը շարունակում է ավելանալ, մեծ մասամբ՝ պլազմայի հաշվին: Պլազման արյան հեղուկային մասն է, որը հատկություն ունի իր մեջ պահելու արյան ձևավոր մասնիկները` էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Այդ պատճառով շատ հղիների մոտ հայտնաբերվում է ֆիզիոլոգիական սակավարյունություն (անեմիա): Արյան նոսրացման, ջրիկացման աստիճանը որոշվում է հատուկ ցուցանմուշի` հեմատոկրիտի միջոցով: Հեմատոկրիտի ամենացածր մակարդակները հայտնաբերվում են այս շրջանում: Ֆիզիոլոգիական անեմիան նորմալ երևույթ է, բայց, այնուամենայնիվ, խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտ է օգտագործել հատուկ սնունդ կամ երկաթի պատրաստուկներ:

Պտուղը 22-րդ շաբաթում

Քաշը՝ 450 գրամ, երկարությունը՝ մոտ 25-26 սմ:

Պտղի զգացողությունը կատարվում է օրըստօրե: Նրա ուղեղը արդեն պարունակում է նեյրոնների լրիվ հավաքածու: Շոշափումը, հպումը պտղի համար շրջապատը ընկալելու միջոց է: Շոշափումը նրա կարողություններից մեկն է: Նա սկսում է հասկանալ, սովորել, թե ինչպես ծալել թաթիկները և տոտիկները, ինչպես շարժել դրանք, որտեղ են տեղադրված մարմնի տարբեր մասերը, ինչպես են նրանք հարաբերված միմյանց հետ: Պտուղը սովորում է դիպչել իր սեփական երեսին, շոշափել իր ձեռքերը և ոտքերը: Եթե նա ցանկանա ծծել իր մատը, ապա կարող է կամ մատը մոտեցնել բերանին կամ թեքվել գլխով: Այս հատկությունները ամրանում են ծնվելուց հետո, երեխան սկսում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանով ընկալել: Ձեռքին ընկած ամեն ինչ երեխան տանում է բերանին, դա երեխայի հետաքրքրությունների ու ճանաչողությունների կարևոր դրսևորում է:

Հղիության 23-րդ շաբաթ

Հղիության երկրորդ կեսում հղին կարող է ունենալ կծկանքներ, որոնք ըստ հեղինակի կոչվում են Բրեքստոն-Հիքսի կծկանքներ. դրսևորվում են արգանդի հանկարծակի պնդանալու և թեթև սպազմի ձևով: Հղիության զարգացմանը զուգընթաց այս կծկանքները կարող են հաճախանալ, սակայն սրանք ոչ մի դեպքում չի կարելի շփոթել իսկական ծննդաբերական կծկանքների հետ: Դրանք շատ կարճատև են և շատ արագ անհետանում են:

Պտուղը 23-րդ շաբաթում

Քաշը՝ 500 գրամ, երկարությունը՝ մոտ 27-28 սմ:

Չնայած պտուղը արագացված ձևով ճարպ է հավաքում, նրա գույնը դեռևս կարմրավուն է: Դա լինում է այն պատճառով, որ յուրաքանչյուր շերտ կազմավորվում է ավելի արագ, քան նրա տակ հասցնում է զարգանալ բավականաչափ ճարպային հյուսվածքը: Այդ պատճառով մաշկը դեռևս թորշոմած է: Կարմրությունը կապված է մաշկում պիգմենտների կուտակման հետ, որը դարձնում է այն ավելի թափանցիկ: Պտուղը ցուցաբերում է ավելի ու ավելի ակտիվություն, սակայն տոտիկներով հրում է և խփում շատ փափուկ: Պտղի ֆետոսկոպիայի ժամանակ դիտարկվել է, թե ինչպես երեխան, գտնվելով արգանդում, ձեռքերով բռնում է պորտալարը և հրվում դեպի ամնիոնը` պտղաջրերը, որը նրա համար համարվում է շրջապատող միջավայր: Պտուղը շարունակում է կուլ տալ քիչ քանակով պտղային հեղուկ և այն հեռացնել օրգանիզմից` մեզի տեսքով: Խոնավությունը և շաքարը, որը նա անջատում է պտղաջրերից, համարվում է ևս մեկ սնուցման աղբյուր, պլացենտայից և պորտալարից ստացած սննդի հետ մեկտեղ:

Հղիության 24-րդ շաբաթ 

Հղիության նորմալ ընթացքի կարևոր ցուցանիշներից է արգանդի հատակի բարձրությունը, որը սկսած հղիության 24-րդ շաբաթից համապատասխանելու է շաբաթների թվին, օրինակ, հղիության 24-րդ շաբաթում արգանդի հատակի բարձրությունը ցայլի վերին եզրից հաշված կազմում է 22-24 սմ:

Պտուղը 24-րդ շաբաթում

Քաշը՝ 600-650 գրամ, երկարությունը՝ մոտ 30 սմ:

Պտղի դեմքը ձևավորվել է, ունի արդեն այն տեսքը, ինչպիսին կլինի ծնվելու ժամանակ: Աչքերը, չնայած դեռ փակ են, սակայն այդպես հեռու չեն դասավորված: Առաջացել են թաթիկները: Գլխի վրա շարունակում է ձևավորվել մազածածկը: Պտուղը դարձել է ավելի մեծ, գրավում է ամբողջ արգանդը: Նա արդեն չի կարող շրջվել պտղային ջրերում, բայց առաջվա նման բռնվում է պորտալարից և ձեռքերով շոշափում է շրջապատը: Պտուղը ավելի ու ավելի լավ է սկսում լսել արտաքին աշխարհը, մոր վախը փոխանցվում է պտղին, նա նույնպես սկսում է վախենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ պտուղը կարող է գրգռված վիճակում մնալ շատ ավելի երկար, որն այնուհետև փոխակերպվում է արգելակման շրջանով:

Հղիության 25-րդ շաբաթ

Արգանդը մեծացել է այնքան, որ արդեն ճնշում է ստոծանուն, ենթակողային շրջանի, ստամոքսի վրա: Այս բոլոր գործոնները պրոգեստերոնի ազդեցության հետ մեկտեղ, որը դանդաղեցնում է ստամոքսի աշխատանքը, հանգեցնում է ստամոքսահյութի ժամանակ առ ժամանակ բարձրացմանը վերև` դեպի կերակրափող` առաջացնելով այրոցներ, հատկապես շատ ուտելուց հետո: 

Պտուղը 25-րդ շաբաթում

Քաշը՝ 700-750 գրամ, երկարությունը՝ մոտ 30-31 սմ:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լսվում է պտղի սրտի բաբախը: Բժիշկները դա շատ լավ լսում են ստետոսկոպի կամ հատուկ խողովակի օգնությամբ, բայց սիրտը կարող է լսել առանց որևէ միջոցի, եթե որևէ մեկը (օրինակ հայրը) ականջը դնի Ձեր որովայնի վրա, իսկ սենյակում լինի բացարձակ լռություն: Երեխայի սեռը արդեն վերջնականորեն ձևավորված է: Տղայի ամորձիները սկսում են իջնել փոշտ, աղջիկների մոտ ձևավորվում է հեշտոցը: Ձեռքի մատները կարող են բռունցք առաջացնել: Ձեռքերից որևէ մեկին երեխան տալիս է նախապատվություն: Այստեղից արդեն սկսում են տարբերվել ապագա աջլիկները և ձախլիկները: Մատների վրա լիովին ձևավորված է այն անկրկնելի նախշը, որը լավ հայտնի է դակտիլոսկոպիայի մեջ որպես մատնահետքեր: Այդ ժամանակ արդեն երեխայի մոտ սկսում է ձևավորվել քնի և աշխուժության նրան հատուկ ռեժիմը: Այն մասին, որ նա արթուն է, իմաց է տալիս իր հրումներով, հատկապես այն ժամանակ, երբ կինը հանգստանում է:

Հղիության 26-րդ շաբաթ

Մարմնի քաշի ավելացման և հղիության առաջընթացի հետ մեկտեղ կարող են առաջանալ որոշ զգացողություններ: Դա կարող է լինել ոտքերի ջղաձգություն, ցավեր իրանի և կոնքի շրջանում, այտուց, փորկապություն և այլն: 

Պտուղը 26-րդ շաբաթում

Քաշը՝ 750-780 գրամ, երկարությունը՝ 32-33 սմ:

Այս շաբաթում պտուղը կարողանում է բացել աչքերը: Դրանք լրիվ ձևավորված են, ակնագնդի բոլոր շերտերը նույնն են, ինչ-որ ծնվելու ժամանակ: Աչքի գույնը վերջնականապես պարզված չէ, այն դառնում է հստակ ծնվելուց մի քանի ամիս հետո: Այս շրջանում պտուղը լինում է թույլ, նիհար, քանի որ ճարպը կուտակվում է հղիության ավելի ուշ շրջանում:

Մաշկը կարմրավուն է, թորշոմած, սակայն ենթամաշկային ճարպաբջջանքի ավելացման հաշվին դառնում է հարթ և բաց գունավորման: Պտուղը արդեն ունի թարթիչներ, եղունգներ, որոնք շարունակում են աճել:

Հղիության 27-րդ շաբաթ

Հղիության այս ժամկետներում կնոջ արյան մեջ բարձրանում է խոլեստերինի քանակը: Խոլեստերինի օգնությամբ ընկերքը արտադրում է զանազան հորմոններ, այդ թվում նաև պրոգեստերոն, որը իջեցնում է արգանդի լարվածությունը և կարգավորում կրծքագեղձերի ֆունկցիան: 

Նորմալ հղիության ժամանակ երկրորդ եռամսյակում (14-27 շաբաթ) քաշի ավելացումը կազմում է 5.5-6.5 կգ, այսինքն` շաբաթական մոտավորապես 0.5 կգ: Եթե դուք նիհար եք, հնարավոր է, որ քաշի մեծ ավելացում արձանագրվի: Ինչպես քաշի ավելացումը, այնպես էլ պակասը սպառնում է Ձեր երեխայի առողջությանը և բարդացնում հղիության ընթացքը:

Պտուղը 27-րդ շաբաթում

Քաշը՝ 800-900 գրամ, երկարությունը՝ մոտ 33-34 սմ:

Այս շաբաթում, եթե լինի վաղաժամ ծննդաբերություն, երեխայի ապրելու հավանականությունը կլինի շատ փոքր: 28-29-րդ շաբաթից սկսած երեխան համարվում է կենսունակ, բայց լրիվ հասունանալու համար դեռևս պահանջվում է 12-13 շաբաթ: Դրա համար էլ վաղաժամ ծննդաբերության ժամանակ առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ:

Ճարպային հյուսվածքի անբավարար զարգացման հետևանքով դժվար է պահպանել ջերմային բալանսը: Երեխային պետք է տեղավորել հատուկ տեղ և միացնել արհեստական շնչառության սարքը, քանի որ թոքերը նույնպես լրիվ զարգացած չեն: Լյարդի գործունեությունը թույլ է, ուղեղը անբավարար զարգացած, իմունային համակարգը անկատար, թույլ, չի կարող պաշտպանել երեխային ինֆեկցիայից:

Հղիության 28-րդ շաբաթ

Անհրաժեշտ է այցելել բժշկին: Այս շաբաթում անհրաժեշտ է հանձնել մի շարք անալիզներ, այդ թվում՝ որոշել երկաթի քանակը արյան մեջ, հանդուրժողականությունը գլյուկոզայի նկատմամբ: Եթե ունեք բացասական ռեզուս պատկանելիության արյուն, պետք է որոշել հակամարմինների քանակը: Այս թեսթը ցույց է տալիս մոր արյան մեջ եղած հակամարմինների առկայությունը` երեխայի արյան էրիթրոցիտների նկատմամբ, այսինքն, չկա՞ արդյոք իմունոլոգիական կոնֆլիկտ` ռիսկ երեխայի համար: Հակամարմինների բարձր քանակը կարող է առաջացնել խնդիրներ ներկա և հետագա հղիությունների ժամանակ: Երեխաները կարող են ծնվել տարբեր տեսակի բարդություններով` սկսած հոմոլիտիկ անեմիայից, վերջացրած ընդհանուր այտուցով և մեռելածությամբ: 

Անհրաժեշտ է շարունակել ընդունել կալցիումով հարուստ կաթնամթերք, որը անհրաժեշտ է ոսկրերի աճի համար, ինչպես նաև երկաթի պատրաստուկներ և պոլիվիտամիններ:

Պտուղը 28-րդ շաբաթում

Քաշը՝ 1000-1200 գրամ, երկարությունը՝ 35 սմ:

Եթե նորածինը ծնվում է այս շրջանում, իրավաբանորեն նա համարվում է անձ, քաղաքացի, որը ենթակա է գրանցման: Գլխուղեղի կեղևը արդեն ունի գալարներ, իսկ ուղեղը շարունակում է ավելանալ: Գլխի մազերը ավելի են երկարել: Արգանդի խոռոչում նա հաճախ տեղակայված է գլխով դեպի ցած: Եթե նա տեղակայված է տոտիկներով կամ հետույքով, դեռևս ունի ժամանակ գլխով ներքև շրջվելու համար:

Հղիության 29-րդ շաբաթ

Այս շրջանում կրծքագեղձերից արտազատվում է կաթնախեժ: Դա կպչուն, ջրային հեղուկ է, որը պետք է դառնա երեխայի առաջին սնունդը ծնվելուց անմիջապես հետո: Կաթնախեժը նախորդում է իսկական կաթին, որն արտադրվում է ծննդաբերությունից մեկ կամ 2 օր հետո: Կրծքագեղձերը գործում են պրոլակտին հորմոնի ազդեցության տակ: Կաթի գոյացումը և արտազատումը խթանվում է երեխային կրծքով կերակրման դեպքում: 

Արգանդը ավելի է մեծանում և սկսում է ճնշել ներքին օրգաններին, ինչպես նաև միզապարկին, որը հանգեցնում է հաճախամիզության:

Պտուղը 29-րդ շաբաթում

Քաշը՝ 1200-1300 գրամ, երկարությունը՝ 36-37 սմ:

Պտղի մակերիկամները սկսում են արտադրել անդրոգենանման նյութեր, որոնք շրջանառվում են արյունատար համակարգում և հասնելով ընկերքին` վերածվում են էստրոգենի (էստրիոլի): Ենթադրվում է, որ դա է խթանում պրոլակտինի առաջացումը օրգանիզմում: 

Սոցիալ-հոգեբանական աջակցություն ծննդաբերության ժամանակ

Յուրաքանչյուր կնոջ համար ծննդաբերությունը ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածություն է: Այդ իսկ պատճառով հարազատ մարդկանց օգնությունը և աջակցությունը ուրախությամբ է ընդունվում: Ծննդաբերության ընթացքում հոգեբանական աջակցություն կարող է ցուցաբերել ամուսինը, քույրը, մայրը կամ ընկերուհին: 

Խնդրեք աջակցողներին, որ Ձեզ հետ միասին մասնակցեն ապագա մոր համար կազմակերպվող պարապմունքներին: Վատ չի լինի, եթե պարապմունքների ժամանակ և տանը զբաղվեք ճիգերի իմիտացիայով, շնչառության տեխնիկայով և թուլացման հնարքներով, որպեսզի աջակցողը կարողանա վարժվել այն ամենին, ինչ որ պետք է անի ծննդաբերության ժամանակ` Ձեզ օգնելու համար:

Հղիության 30-րդ շաբաթ 

Քաշի ավելացման հետ մեկտեղ կնոջ շարժումները դառնում են ավելի դանդաղ: Քայլելիս կամ նստելիս չպետք է մոռանալ ճիշտ կեցվածքի մասին: Նախքան անկողնուց վեր կենալը թեքվեք կողքի վրա: Դա շատ կարևոր է, քանի որ որովայնի մկաններն արդեն ձգված են մեծացած արգանդի շնորհիվ:

Պտուղը 30-րդ շաբաթում

Քաշը՝ 1300-1400 գրամ, հասակը՝ 37-38 սմ:

Երբեմն այս շրջանում կարող են լինել կծկանքներ: Կծկանքները, չնայած տհաճ են պտղի համար, բայց վնաս չեն պատճառում նրան, քանի որ նա պաշտպանված է պտղաջրերով: Պտուղը սկսում է մարզել թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը, որի ժամանակ երբեմն պտղաջրերը թափանցում են կոկորդ և առաջացնում են զկռտոց:

Հղիության 31-րդ շաբաթ 

Հղիության ուշ շրջանում մեջքի ցավերը անխուսափելի են: Դրանց պատճառն այն է, որ մեջքի կապանները և մկանները կծկվում են, թուլանում և պատրաստվում են ծննդաբերության ընթացքին: Ստորին վերջույթների երակների լայնացումը դառնում է ավելի հավանական: Այս ժամանակում ավելացած քաշը արդեն կազմում է 8-9 կգ: Քաշը ավելանում է պտղի, ընկերքի, պտղաջրերի, արգանդի, արյան ընդհանուր քանակի, ինչպես նաև ճարպերի, պրոտեինների և ջրի կուտակման մեծացման հաշվին: 

Պտուղը 31-րդ շաբաթում

Քաշը՝ 1400-1500 գրամ, երկարությունը՝ 38-39 սմ:

Եթե նորածինը ծնվել է այս շրջանում, ապա նրա ապրելու շանսերը փոքր-ինչ մեծացել են շնորհիվ թոքային հյուսվածքի հասունության: Չնայած ավելի վաղ շրջանում բրոնխների ալվեոլները ձևավորվում են, բայց երեխան նորմալ շնչել չի կարողանում: Այժմ ալվեոլյար պարկերում հայտնվում են էպիթելյար բջիջներ, որոնք արտադրում են սուլֆակտանտ: Այս ակտիվ նյութը ուղղում է թոքերը, թույլ է տալիս շնչել ինքնութույն: Րոպեում մոտավորապես 500 մլ արյուն է անցնում արգանդի արյունատար համակարգով, որը գտնվում է սերտ կապի մեջ պլացենտայի մազանոթային համակարգի հետ: Մոր արյունը երբեք չի խառնվում պտղի արյան հետ, չնայած նրանք բաժանված են նուրբ միջնապատով` ընկերքային պատնեշով, որի միջոցով տեղի է ունենում նյութափոխանակությունը: Պտուղը կուլ է տալիս պտղաջրեր, որը արտաթորվում է պտղի մեզի հետ:

Հղիության 32-րդ շաբաթ

Արգանդի հատակը շարունակում է բարձրանալ, ինչը դառնում է որոշ անհանգստությունների պատճառ: Պտղի գլուխը սովորաբար ուղղված է դեպի ցած կոնքամուտք, իսկ ոտքերը հպվում են մոր կողերին, այդ պատճառով ամեն շարժումը կարող է որոշ ցավ առաջացնել կրծքավանդակի շրջանում: Անհրաժեշտ է նստել առավելագույն ուղիղ դիրքով: Հղի կնոջ ներքին օրգանները այժմ մի փոքր սեղմված են: 

Այս շրջանում օրգանիզմում կարող է առաջանալ ջրի որոշ կուտակում, որի հետևանքով ուռչում են երակները, այտուցվում մատները: Շարունակեք ընդունել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սննդային հավելումներ, Ձեր պտուղը զգում է դրա կարիքը:

Պտուղը 32-րդ շաբաթում

Քաշը՝ 1500-1600 գրամ, երկարությունը՝ 40 սմ:

Հղիության վերջին շրջանում պտուղը հիանալի լսում է, թե ինչ է կատարվում շրջապատում: Նա ճանաչում է մոր սրտի բաբախումները, ծանոթ է գալարակծկանքների ձայներին և պորտալարով հասնող արյան աղմուկին: Այս բոլոր ձայների մեջ պտուղը հատուկ առանձնացնում է մոր ձայնը և ծնվելով անմիջապես ճանաչում ու վստահում է նրան:

Հղիության 33-րդ շաբաթ 

Բեղմնավորման պահից հետո հղիի արգանդը նկատելիորեն մեծացել է: Ֆիզիոլոգիական սակավարյունությունը նվազում է, քանի որ արյան կարմիր գնդիկների քանակը մեծանալով սկսում է համապատասխանել շիճուկի քանակին: Չնայած պտուղը գտնվում է արգանդում, նա արդեն տիրապետում է բոլոր գործընթացներին, որոնք հատուկ են նորածնին:

Այս շրջանում նա շատ է քնում: Հնարավոր է, որ այս փուլում պտուղը ինչ-որ ստվերներ է տեսնում, բայց ամենակարևորը սովորում է, քանի որ այս շրջանում նրա ուղեղում միլիարդավոր նեյրոններ ստեղծում են տրիլիոնավոր նոր կապեր:

Հղիության 34-րդ շաբաթ

Օրվա մեջ հնարավոր է Բրեքստոն-Հիքսի կծկանքների առաջացումը: Դրանք կծկանքանման ցավային զգացողություններ են, որոնք առաջանում են արգանդի վերին մասում, այնուհետև տարածվում են դեպի ներքև և վերջապես ավարտվում, բայց դրանք հազվադեպ են, խիստ կարճատև և սովորաբար արագ անհետանում են: Երբ այդ կծկանքները դառնում են ուժեղ և կանոնավոր, այսինքն վերածվում են իսկական ծննդաբերական կծկանքների, անհրաժեշտ է դիմել բժշկի: 

Պտուղը 34-րդ շաբաթում

Քաշը՝ 2000 գրամ, երկարությունը՝ 42-43 սմ:

Պտղի մազերը խտացել են, չնայած գույնը դեռ այն չէ, որը կլինի ավելի ուշ տարիքում: Աղվամազը արդեն թափվել է, իսկ առաջնային քսուքի շերտը նկատելի հաստացել: Մակերիկամները այս շրջանում առաջացնում են 10 անգամ ավելի մեծ քանակությամբ ստերոիդային հորմոն (անդրոգենանման նյութ, որը խթանում է կաթնարտադրությունը), քան հասուն մարդկանց մոտ: 

Մակերիկամների չափը նույնն է, ինչ մեծերի մոտ, բայց ծնվելուց հետո դրանք, իհարկե, փոքրանում են: Մինչ այդ երեխան շարունակում է վերցնել մոր օրգանիզմի կալցիումը` օգտագործելու իր ոսկրային հյուսվածքի կառուցման համար: Եթե ծննդաբերությունը սկսվի այս շաբաթվա ընթացքում, նորածինը կլինի անհաս. այս ժամկետում վաղաժամ ծնված երեխաները ինքնուրույն շնչում են, սակայն կարող են ունենալ ինտենսիվ խնամքի կարիք: Բժիշկները կարող են ստուգել թոքերի հասունության աստիճանը պտղապարկի պունկցիայի միջոցով ստացված պտղաջրերի օգնությամբ, եթե դրա կարիքը զգացվում է:

Հղիության 35-րդ շաբաթ

Հղիի որովայնը սեղմում է կրծքավանդակին, որի պատճառով շնչառությունը և սննդի ընդունումը դժվարացած է: Անհրաժեշտ է սնվել հաճախ, քիչ քանակությամբ և հաճախակի հանգստանալ: Այտուցներից խուսափելու համար մի նստեք ու մի կանգնեք երկար մի դիրքում: Եթե մեքենայով եք երթևեկում, հաճախակի կանգ առեք, դուրս եկեք և քայլեք: 

Պտուղը 35-րդ շաբաթում

Քաշը՝ 2100-2300 գրամ, երկարությունը՝ 43-44 սմ:

Այս շաբաթվա ընթացքում պտղի եղունգները արդեն աճել են մինչև մատների ծայրերը: Հնարավոր է, որ իր ծննդյան օրը նա ունենա երկար եղունգներ, որոնցից դեմքի վրա կարող են քերծվածքներ լինել: Այժմ արգանդի խոռոչը նեղ է և անհարմար նրա համար: Շարունակվում է ճարպային բջջանքի կուտակումը հատկապես հարուսային գոտում: Երեխայի ուսերը դառնում են կլորիկ ու փափուկ: Բոլոր նորածինների աչքերը երկնագույն են, բայց ժամանակի ընթացքում դրանց գույնը փոխվում է:

Հղիության 36-րդ շաբաթ

Այս շրջանում արգանդի հատակը գրավում է ավելի բարձր դիրք և գտնվում է կրծոսկրի տակ: Շնչառությունը դժվարացած է, երբեմն երեխան հրում է ոտքով կարծես ուղիղ սրտի տակ:

Հղիությունը երբեմն ուղեկցվում է մի տհաճ երևույթով: Հղիության ընթացքում արտադրվող հորմոնները նպաստում են մաշկի մազակալմանը, դիմագծերի կոպտացմանը, ոտնաթաթերի մեծացմանը: Պետք չէ անհանգստանալ,ծննդաբերությունից հետո այդ ամենը կանհետանա:

Պտուղը 36-րդ շաբաթում

Քաշը՝ 2400-2500 գրամ, երկարությունը՝ 45 սմ:

Պտղի դեմքը կլորացել է, թշիկները թմբլիկացել են, իսկ մաշկը` հարթվել: Փոքրիկի կլոր թշերը պայմանավորված են ենթամաշկային ճարպի կուտակմամբ: Դրան գումարած մատի ակտիվ ծծումը ներարգանդային կյանքի ընթացքում լավ մարզում է ծծողական մկանները: Երեխայի ձայնը բավականին փափուկ է, ծննդաբերական ուղիներով անցնելուց այն մի քիչ կբարձրանա:

Հետագա 3-4 շաբաթների ընթացքում պտուղը պատրաստվում է լույս աշխարհ գալուն:

Հղիության 37-րդ շաբաթ

Սկսած հղիության 37-38 շաբաթներից (եթե առաջին հղիությունը չէ) սովորաբար առաջանում են ծննդաբերության նախանշաններ: 

Պտղի գլուխը իջնում է կոնքամուտք, հպվում կամ ֆիքսվում է կոնքի մուտքին, որի հետևանքով իջնում է արգանդի հատակը, և կինը որոշ թեթևություն է զգում: Ներքին օրգանների ճնշվածությունը թուլանում է, շնչելը և ուտելը՝ հեշտանում: Սակայն արգանդը ավելի ուժեղ է սեղմում միզապարկին և միզարձակության կարիքը ավելի հաճախ է առաջանում: Պտուղը շարունակում է արագ աճել, և 40 շաբաթականում  նրա տոտիկները հպվում են մոր կրծոսկրին:

Պտուղը 37-րդ շաբաթում

Քաշը՝ 2600-2700 գրամ, երկարությունը՝ 46-47 սմ:

Պտուղը լրիվ զարգացած է և պատրաստ է ծնվելուն: Դա, իհարկե, չի նշանակում, որ նա այլևս չի աճում և զարգանում: Ճարպի կուտակումը շարունակվում է, իսկ որոշ նեյրոնների միելինային շերտը նոր է սկսում առաջանալ (այն շարունակվում է նաև ծնվելուց հետո): Կրկնածինների մոտ ծննդաբերությունը կարող է ավելի շուտ սկսվել: Շուտ կարող է սկսվել նաև ծննդաբերությունը զույգ պտուղի դեպքում:

Հղիության 38-րդ շաբաթ 

Մինչ իսկական ծննդաբերության կծկանքները, հղի կինը կարող է ունենալ կեղծ կծկանքներ: Պետք չէ շփոթել դրանք Բրեքստոն-Հիքսի կծկանքների հետ: Կեղծ կծկանքները կարող են լինել նույնքան ցավոտ, ինչքան իսկականները: Ինչպե՞ս դրանք տարբերակել: Հարկ է նշել, որ դրանք վերանում են, երբ Դուք սկսում եք շարժվել: Անհրաժեշտ է հետևել դրանց և խորհրդակցել բժշկի հետ: 

Պտուղը 38-րդ շաբաթում

Քաշը՝ 2800-3000 գրամ, երկարությունը՝ 47-48 սմ:

Հղիության վերջին շաբաթների ընթացքում պտղի աղիքներում կուտակվում են կենսագործունեության արգասիքներ: Այդ սևականաչավուն նյութը կոչվում է մեկոնիում (առաջնային կղանք) և բաղկացած է արյան քայքայված բջիջներից, աղիքային մահացած բջիջներից, մաշկի թեփուկներից, սաղմնային աղվամազից, որոնք կուլ է տվել պտուղը պտղաջրերի հետ և այլն: Մեկոնիումը առաջնային կղանք է, և երեխան այն դուրս կբերի ծնվելուց հետո: Մեկոնիումը կարող է անջատվել մինչև ծննդաբերությունը, եթե երեխայի մոտ կա հիպոքսիա (թթվածնաքաղց): Այդ դեպքում պտղաջրերը դառնում են կեղտոտ, կանաչավուն, և պտուղը ծնվում է կանաչավուն լորձով պատված: Եթե ծնվում է տղա, ապա նրա ամորձիները արդեն իջել են ամորձապարկի մեջ: Ամեն դեպքում ծնվելուց դա անպայման պետք է տեղի ունենա: Չնայած տղաների 1%-ի մոտ ծնվելիս ամորձիները չեն իջնում ամորձապարկ: Այդ թերությունը հետագայում կարող է լինել անպտղության կամ տեստիկուլյառ քաղցկեղի պատճառ, ուստի բժիշկը պետք է ստուգի ամորձիների տեղադրությունը և բացակայության դեպքում զգուշացնի ծնողներին:

Հղիության 39-րդ շաբաթ

Հղիության վերջին շաբաթներին օրգանիզմում, հատկապես նեյրո-հումորալ համակարգում կատարվում են նշանակալի փոփոխություններ: Բարձրանում է էստրոգենային հորմոնների, որոշ միկրոէլեմենտների (Ca,Mn,Co), բիոգեն ակտիվ նյութերի (կատեխոլամիններ, կինիներ, ացետիլխոլին) կոնցենտրացիան, որոնք նպաստում են արգանդի կծկողականությանը և զգացողության բարձրացմանը կծկող նյութերի (հատկապես օքսիտոցինի) նկատմամբ:

Պտուղը 39-րդ շաբաթում

Քաշը՝ 3000-3200 գրամ, երկարությունը՝ 48-49 սմ:

Պտուղը արդեն կորցրել է աղվամազի մեծ մասը, բացառությամբ թերևս ուսերի և մաշկի ծալքերում թաքնված տեղերի: Ոտքերի եղունգները լավ աճել են: Հնարավոր է, որ պորտալարը հանգույցներ առաջացնի կամ ոլորվի երեխայի շուրջը, իսկ նրանով պտուղը դեռ շարունակում է սնուցող նյութեր ստանալ և ավելացնում է քաշը: Մոր հակամարմինների մի մասը կարող են անցնել ընկերքային պատնեշով և թափանցելով երեխայի արյան մեջ` պաշտպանել նրան ինֆեկցիայից: Այս տեսակի հակամարմինները երեխայի օրգանիզմը կյանքի առաջին ամիսների ընթացքում չի սինթեզում, չօգտագործման դեպքում դրանք կես տարի հետո անհետանում են, և դրանց փոխարինելու են գալիս երեխայի օրգանիզմում սինթեզվածները:

Հղիության 40-րդ շաբաթ

Արգանդի հատակը այս շաբաթում գտնվում է այնպիսի բարձրության վրա, ինչպես մեկ ամիս առաջ էր թրաձև ելունի և պորտի միջև ցայլքից 30-32 սմ բարձր: Հղին իրեն ավելի թեթև է զգում, թեթևացել է շնչառությունը: Զգում է թույլ կծկանքանման ցավեր, ինչ-որ լորձային արտադրության շատացում սեռական ճեղքից, այսինքն` օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերության: 

Այս ընթացքում փորձեք հանգստություն պահպանել: Բրեքստոն-Հիքսի կծկանքների (կեղծ կծկանքների) ընթացքում սովորեք ռելաքսացիայի և ճիշտ շնչառության եղանակները: 

Սովորաբար նորածնի հասակը կազմում է 48-55 սմ, իսկ միջին քաշը՝ 3500 գ, չնայած հնարավոր են տատանումներ: 

Ծննդաբերական ուղիներով անցնելիս պտղի գլուխը ենթարկվում է կոնֆիգուրացիայի, և ծնվելիս գլուխը կարող է ոչ ճիշտ ձև ունենալ, չնայած դա արագ, 1-2 օրվա ընթացքում անցնում է: Երեխայի մաշկը կարող է լինել կապտավուն, գորշ և նույնիսկ դեղնավուն, ծածկված առաջնային քսուքով, արյունով, աղվամազերի մնացորդներով, մեկոնիումով: Բացի այդ, հորմոնների բարձր մակարդակը բերում է նրան, որ սեռական օրգանները ուռչում են, իսկ պտուկներից կաթ է արտադրվում:

Հղիության 41-րդ շաբաթ

Հղիության 40 շաբաթից հետո ծննդաբերության ուշացումը 1-2 շաբաթով հղիների մոտ պետք է առաջացնի որոշ անհանգստություն: Անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել: Այդ ընթացքում կկատարվեն բոլոր անհրաժեշտ թեսթերը` պտղի վիճակը գնահատելու նպատակով: Դրանց թվին է պատկանում գերձայնային հետազոտությունը, պտղի բիոֆիզիկական պրոֆիլը, որը թույլ է տալիս գնահատել երեխայի սրտի զարկերը, պտղաջրերի քանակը, պլացենտայի վիճակը և այլն: 

Եթե պտուղը դեռևս արգանդում է գտնվում, նա շարունակում է ավելացնել քաշը: Ծնվելիս պտուղը լավ պատրաստված է արտարգանդային կյանքի փոփոխություններին: Թոքերը ի վիճակի են լիովին ապահովելու նրան թթվածնով: Իհարկե, ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում սրտում: Դեռ վերջերս սրտի միջնապատերում գոյություն ուներ անցք, որը անջատում էր թոքերը արյան շրջանառությունից. ծնվելուց հետո անցքը միանգամից փակվում է, և արյունը սկսում է շրջանառվել թոքերով: Նորածնի բնածին ռեֆլեքսները (ծծման, որոնման, հափշտակման, պաշտպանման) ապահովում են մոր և մանկան միջև շփումը:

Հղիության 42-րդ շաբաթ

Հղիների 90%-ը ծննդաբերում է մինչև 42-րդ շաբաթը: Եթե Ձեր հղիությունը գերազանցում է 41 շաբաթը, պետք է մտահոգվել և անպայման դիմել բժշկի ծննդալուծման հարցը որոշելու համար:


Աղբյուրը՝ Doctors.am