Երևի դժվար գտնվի այնպիսի մի կին, որը հղիության 9 ամիսների ընթացքում վարակված չլինի սուր շնչառական հիվանդություններով: Դրանց ռիսկը մեծանում է հատկապես ձմռանը:
Սովորական մրսածությունը վտանգ չի ներկայացնում պտղի համար, ինչը չես ասի գրիպի մասին: Գրիպի նախանշանները բոլորին են հայտնի՝ բարձր ջերմություն, թուլություն, հազ, գլխացավ: Գրիպով չեն հիվանդանում պարզապես ոտքերը սառեցնելու հետևանքով. այն վիրուս է, որն օրգանիզմ է ներթափանցում օդակաթիլային եղանակով: Հղիության ընթացքում գրիպով վարակվելը պարունակում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ, և յուրաքանչյուր հղի կին, որը վարակվում է գրիպով, անհանգստանում է՝ արդյոք վիրուսը կազդի երեխայի վրա, թե ոչ: Սրա պատասխանը 100 տոկոսով չի կարող տալ և ոչ մի բժիշկ: Միանշանակ կարելի է պնդել միայն այն, որ գրիպն ամենից շատ վտանգ է ներկայացնում հղիության մինչև 12 շաբաթականը, երբ տեղի է ունենում պտղի օրգանների ձևավորում:
Պետք է հիշել, որ գրիպի բուժումը նշանակվում է բժիշկի կողմից, որին պետք է դիմել առաջին իսկ նախանշանների դեպքում: Հղի կանանց գրիպի բուժումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ շատ դեղամիջոցներ հակացուցված են ապագա մայրերին: Առաջին հերթին, պետք է շատ հեղուկ օգտագործել՝ ցանկալի է վիտամին C-ով հարուստ, իսկ նույնիսկ հղիներին թույլատրվող դեղցամիջոցները պետք է ընդունել բացառապես բժիշկի հետ խորհրդակցելուց հետո:
Հղի կնոջ իմունիտետն ավելի թույլ է, ուստի վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Նշանակում է՝ հղիության ընթացքում իմունիտետի ամրապնդումը պետք է լինի առաջնային խնդիր: Դա իր մեջ ներառում է առողջ ապրելակերպի վարում՝ ֆիզիկական ակտիվություն, առողջ սնունդ: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հասարակական վայրեր այցելելիս քթին «Օկսոլին» քսել և դիմակ կրել: Ավելորդ է նշել նաև, որ գրիպի ակտիվացման շրջանում պետք է խուսափել հյուր գնալուց և ընդունելուց, հասարակական տրանսպորտով երթևեկելուց, ինչպես նաևւ սահմանափակել հիվանդ երեխաների հետ շփումը:
Աղբյուրը՝ Cleveland clinic