Հոկտեմբեր ամիսը «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնի համար կարևորվեց աշխարհահռչակ գիտնական Ռենե Ֆրիդմանի այցով:

Նա Ֆրանսիայում ծնված առաջին արհեստական բեղմնավորված երեխայի, սաղմի վրա նախաիմպլանտային ախտորոշումից հետո առաջին ծնունդի  գիտական «հայրն» է:

-Ռենե Ֆրիդմանը ոլորտի այն դեմքերից է, ով չունի ներկայացնելու կարիք: Նա առաջիններից էր, որ կիրառեց արտամարմնային բեղմնավորման նորագույն մեթոդները: Սկսած 1993-94 թվականներից մենք ինտենսիվ կապի մեջ ենք՝ համագործակցում ենք բժշկական և գիտական տարբեր հարցերով, հանդիպում ենք տարբեր երկրներում գիտաժողովների ժամանակ:

1993-94 թվականներին՝ մութ և ցուրտ տարիներին նա մեր հրավերով եկել էր Հայաստան, և դեռևս այդ ժամանակից սկսած մենք նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել վրարտադրողական բժշկությունը, հասցնել այն միջազգային մակարդակի, իրականացնել արտամարմնային բեղմնավորում, ինչը այդ տարիներին երազանք էր թվում, - ասում է «Fertility Center» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Հայկական վերարտադրողականության ասոցացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:

Բժշկի խոսքով՝ Ռենե Ֆրիդմանը մշտապես համագործակցել է իրենց հետ՝ նույնիսկ մինչև «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնի բացումը և մասնակցել է հենց պրակտիկ աշխատանքներին:

Բացի այն, որ բժիշկն օգնում է զույգերին զգալ ծնողական բերկրանքը, նրա մասնակցությունն անգնահատելի է նաև գիտաբժշկության մեջ: Ամենամյա գիտաժողովներին բժիշկ Ֆրիդմանն ունենում է իր մասնակցությունը, կիսվում իր փորձով հայ բժիշկների հետ:

-Հայաստանում վերարտադրողական առողջության վիճակն անհամեմատ բարելավվել է, սա շատ կարևոր է: Ես եղել եմ այստեղ նաև 10 տարի առաջ, և վիճակն իսկապես ցավալի էր: Ուրախ եմ, որ այսօր Հայաստանը մասնակցում է միջազգային գիտաժողովների, համալսարանում պատրաստում է այս ուղղվածության մասնագետներ, փորձում է լինել իրադարձությունների կենտրոնում, - ասում է Ռ. Ֆրիդմանը:

Պրոֆեսոր Ֆրիդմանի խոսքով՝ անչափ կարևոր է պահպանել վերարտադրողական առողջությունը՝ կանխարգելելու համար խնդիրների առաջացումը, վարել առողջ կենսակերպ, չծխել: Նա կարևորում է նաև ե

րիտասարդ կանանց այն գիտակցումը, որ տարիքի հետ վերարտադրողականությունը նվազում է:

- Սա քաղաքակրթության ամենացավալի վնասներից է, երբ մարդիկ ծնող դառնալը հետաձգում են, և վերջին տարբերակը դառնում է արհեստական բեղմնավորումը, - ասում է բժիշկ Ֆրիդմանը:

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Հայկական վերարտադրողականության ասոցացիայի հետ համատեղ Ռենե Ֆրիդմանը ևս մասնակցել է «Արագիլ» բարեգործական հիմնադրամի ստեղծմանը, որը   հնարավորություն է տալիս ֆինանսապես անապահով զույգերին փորձել արհեստական բեղմնավորման ԱՄԲ մեթոդը և որի շնորհիվ գումար է տրամադրվել 140 զույգի, հղի է  արդեն 51 կին, ծննդաբերել են 26-ը: Բարեգործական ծրագրի շրջանակներում ծնված երեխաներից 8-ը ծնվել են հենց «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնում:

-Մենք դեռևս շատ ծրագրեր ունենք պրոֆեսոր Ֆրիդմանի հետ: Նա հայ ժողովրդի բարեկամն է և ոլորտի բժիշկների ավագ ընկերը, գործընկերը, - ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Ռենե Ֆրիդմանի այցն այս անգամ տևեց մեկ շաբաթ, և նախօրոք հերթագրված շատ կանայք կարողացան ստանալ նրա մասնագիտական խորհրդատվությունը և բժշկական միջամտությունը:

Հիշեցնենք, որ  Սաղմի փոխանցման «Ֆրիդմանի» կատետերները կրում են նրա անունը և կիրառվում են ողջ աշխարհում: Արժանացել է բազմաթիվ կառավարական և միջազգային պարգևների: Անպտղության թեմայով ավելի քան 200 հրապարակումների և 20 գրքերի հեղինակ:

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am