Մոտենում է այդքան սպասված ամառը, որին ընդառաջ կարևոր է չմոռանալ փոքրիկների մաշկի խնամքի առանձնահատկությունները։ Թեմային անդրադարձել է Wigmore Clinic-ի մանկաբույժ Մագդա Սարուխանյանը:
Բոլորին հայտնի է, որ արևի ազդեցությամբ մաշկում առաջանում է վիտամին D, որը կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Առաջացած Վիտամին D-ի քանակը կախված է ինչպես արևի ազդեցության տևողությունից, այնպես էլ մաշկի գունավորումից։
Բաց գույնի մաշկ ունեցող երեխաները կարող են բավարար վիտամին D սինթեզել՝ նույնիսկ դրսում կարճ ժամանակահատված գտնվելով, բայց ունեն մաշկի վնասման բարձր վտանգ։
Մուգ մաշկով երեխաներին վիտամին D սինթեզելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քանի որ մաշկում ունեն մելանին կոչվող գունանյութի ավելի մեծ պարունակություն։ Վերջինս արևից պաշտպանության բնական միջոց է։
Պետք է հիշել, որ արևի չափից ավելի ազդեցությունը կարող է վնասել ոչ միայն մաշկը, այլ նաև աչքերը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ է պայմանավորված նաև մաշկի քաղցկեղի առաջացումը (մելանոմա). ահա թե ինչու են կարևոր արևապաշտպան միջոցառումները։
Արևի կողմից ճառագայթվող լույսի մի մասը բաղկացած է անտեսանելի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթներից, որոնք էլ առաջացնում են մաշկի վնասում։ ՈւՄ ճառագայթները փոխազդում են մաշկում գտնվող մելանինի հետ: Արևայրուքն առաջանում է այն ժամանակ, երբ ՈւՄ ճառագայթների ազդեցությունը գերազանցում է մելանինի պաշտպանական հատկությանը։
Ի տարբերություն արևի լույսի՝ ՈւՄ ճառագայթումը հնարավոր չէ զգալ կամ տեսնել։ ՈւՄ ճառագայթները կարող են առաջացնել վնասում առանց մեր գիտակցման, ահա թե ինչու է կարևոր արևապաշտպան միջոցառումների կիրառման հարցում ջերմաստիճանով չկողմնորոշվելը։
Արևապաշտպան քսուքը չի կարող ամբողջապես պաշտպանել ՈւՄ ճառագայթումից, հետևաբար այն չպետք է լինի միակ պաշտպանիչ գործողությունը։
Մաշկի վնասումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում՝
- Դրսում գտնվել առավոտյան և երեկոյան ժամերին՝ ստվերում:
- Կրել հագուստ, որը հնարավորինս փակում է մաշկը, ընտրել թեթև, բաց գույնի հագուստ:
- Մարմնի չծածկված հատվածներին օգտագործել արևապաշտպան քսուք 30 և ավել SPF- ով (արևից պաշտպանող ինդեքս):
- Արևապաշտպան քսուք ընտրելիս պիտակի վրա ուշադրություն դարձնել «լայն ազդեցություն» արտահայտությանը, ինչը նշանակում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն և´ Ա , և´ Բ ճառագայթներից։ Ընդ որում՝արեւապաշտպան քսուքը պետք է ունենա «ջրակայուն» մակնշում։
- Օգտագործել արևապաշտպան քսուքը տանից դուրս գալուց 20-30 րոպե առաջ և կրկնել 2 ժամը մեկ, ինպես նաեւ լողից, սրբիչով մաշկը չորացնելուց կամ քրտնելուց հետո։
- Արեւապաշտպան քսուքն օգտագործելուց առաջ շատ փոքր քանակ քսել երեխայի իրանին։ Եթե կարճ ժամանակ անց որեւէ ալերգիկ ռեակցիա չի առաջացել, ապա օգտագործել քսուքը։ Եթե առաջացել է մաշկի տվյալ հատվածի ցան կամ կարմրություն, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։
- Քթի, կզակի, ականջների, ուսերի շրջանում օգտագործել Ցինկի օքսիդ պարունակող քսուք՝ լրացուցիչ պաշտպանության համար։
- Մինչև 6 ամսական երեխաներին հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից, նրանք պետք է լինեն ստվերում՝ ոտքերը և ձեռքերը ծածկող բարակ, բաց գույնի հագուստով, ուսերին ստվեր առաջացնող գլխարկով։ Եթե հնարավոր չէ իրականացնել նշված միջոցառումները, օգտագործել քիչ քանակությամբ արևապաշտպան քսուք դեմքին եւ ձեռքերի դրսային մակերեսին՝ 15 SPF -ով։
- Ընտրել գլխարկ, որը ստվեր կառաջացնի դեմքի, մեջքի, պարանոցի, աչքերի, ականջների շրջանում։
- Կրել ՈւՄ ճառագայթից պաշտպանող շերտով ակնոց։
Եթե, այնուամենայնիվ, առաջացել է արևայրուք, կատարել հետևյալ միջոցառումները՝
-տալ առատ հեղուկներ
-սառեցնել մաշկը թրջոցներով կամ լոգանքով
-ցավի դեպքում տալ ցավազրկող դեղամիջոց /օր.՝ իբուպրոֆեն, պարացետամոլ/։
Աղբյուրը՝ Doctors.am