Քաղցկեղն աշխարհում հիվանդացության ու մահվան հիմնական պատճառներից է: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հիվանդանում են քաղցկեղով և մահանում: Սակայն մարդկանց մեծամասնությունն արհամարհում է քաղցկեղի վաղ ախտանիշները` դրանք ավելի մեղմ հիվանդությունների վերագրելով: Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնական Քեթրին Վիթաքերը և իր թիմը ուսումնասիրել են 50տ-ից բարձ տարիքի 1724 պացիենտի տվյալներ:
 
Մասնակիցները պատասխանում էին հարցին՝ արդյո՞ք ունեցել են 17 ախտանիշներից մեկը, որոնցից 10-ը տագնապի ախտանիշներին են դասվում Cancer Research UK-ի կողմից: Այդ ախտանիշներից են օրինակ` անբացատրելի հազը, խալի արտաքին տեսքի փոփոխությունը, անբացատրելի կրկնվող արյունահոսությունները, կայուն փոփոխությունները աղիների աշխատանքում, քաշի անբացատրելի կորուստը, կուլ տալու դժվարությունները և լիմֆատիկ հանգույցների մեծացումը:
 
Մասնակիցներին չէր ասվում, թե թվարկված ախտանիշներից որո՞նք են համարվում վտանգի ախտանշաններ:
Այս հետազոտության արդյունքում պարզվեց, որ հետազոտության մասնակիցներից  53%-ի մոտ վերջին 3 ամիսների ընթացքում եղել է վտանգի գոնե մեկ ախտանիշ:
 
Ամենատարածված ախտանիշներն են եղել հազը, աղիների աշխատանքի փոփոխությունները, իսկ քաշի կորուստն ու կուլ տալու դժվարությունները ամենահազվադեպ հանդիպողներն էին:
Հետազոտողները անակնկալի եկան՝ պարզելով, որ մասնակիցներից միայն 2% էր իր մոտ վտանգի ախտանշաններ հայտնաբերելով կասկածել, որ պատճառը կարող է քաղցկեղը լինել:
 
Այսպիսով, հետազոտության արդյունքները հուսադրող չեն. մարդկանց մեծամասնությունն ուշադրություն չի դարձնում քաղցկեղի պոտենցիալ ախտանիշներին և ժամանակին չի դիմում բժշկի` սեփական առողջությունը լուրջ վտանգի ենթարկելով:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru