Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար:
Doctors.am-ը տասը հարց է ուղղել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Ավագյանին, որոնք, կարծում ենք, ամենաշատն են հետաքրքրում հղի կանանց:
1. Ե՞րբ է պետք հղիության թեստ անել
Եթե կինը նախկինում դաշտանային ցիկլի հետ կապված որեւէ խանգարումներ չի ունեցել, անգամ մեկ օր ուշացում ունենալու դեպքում կարող է արդեն սկսել անհանգստանալ՝ հղի է, թե՝ ոչ, եւ փորձել պարզել դա հղիության թեստի միջոցով: Եթե պատասխանը դրական է, բնականաբար, պետք է դիմել բժիշկի եւ կանգնել հաշվառման: Եթե պատասխանը բացասական է, պետք է սպասել մի քանի օր եւ նորից կրկնել թեստը: Ցանկալի է հաշվառման կանգնել 9 շաբաթականից սկսած:
2. Հնարավո՞ր է հղի լինել եւ ամիսներ շարունակ չիմանալ այդ մասին
Շատ հազվադեպ կարող է պատահել, որ կինը հղի լինի եւ դաշտան տեսնի: Միայն այդ դեպքում նրա մտքով կարող է չանցնել, որ գուցե հղի է: Սակայն նա պետք է չունենա նաեւ հղիության որոշ նշաններ՝ սրտխառնոց, փսխումներ, ինքնազգացողության փոփոխություն, քաշի ավելացում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում:
3. Ինչի՞ց է պետք հրաժարվել հղիության ընթացքում
Հղիությունը հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Պարզապես պետք է հրաժարվել նախկինում առկա վատ սովորույթներից՝ ալկոհոլ, նիկոտին: Պետք է սնվել առողջ, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք: Քնի ռեժիմը նույնպես կարեւոր է:
4. Եթե հղի կինը հիվանդանում է, պե՞տք է դեղեր խմի
Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, եթե որեւէ շնչառական կամ այլ հիվանդություն կա: Անգամ սովորական հարբուխը հղի կնոջը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան ոչ հղի կնոջը, որովհետեւ հղի կնոջ օրգանիզմը ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում:
Որոշ դեղամիջոցներ նախատեսված են հղի կանանց համար, բայց դրանք պետք է խմել բացառապես բժիշկի ցուցումով: Չի կարելի խմել այն դեղերը, որոնք կինը խմել է մինչ հղիությունը:
5. Որքա՞ն է կարելի քաշ հավաքել հղիության ընթացքում
Թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամը, որը նորմալ է: Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը:
Որոշ դեպքերում, օրինակ, երբ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ կան, կամ հորմոնների տատանումների արդյունքում հղի կինը կարող է ավելի շատ քաշ հավաքել: Այդ դեպքում նա պետք է էնդոկրինոլոգի հղկողության տակ գտնվի:
6. Ճի՞շտ է, որ հղի կինը պետք է ուտի երկու հոգու փոխարեն
Պետք է հասկանալ, որ դու սնվում ես երկու հոգու համար, ոչ թե երկու հոգու փոխարեն: Դրանք տարբեր բաներ են: Պետք է հաշվի առնել, որ պտուղը մորից ստանում է կալցիում, երկաթ, յոդ: Երեխան սնվում եւ զարգանում է կնոջ օրգանիզմի հաշվին, այսինքն՝ պետք է մտածել շատ ավելի առողջ եւ ճիշտ սնվել հղիության ընթացքում, քան մինչ հղիությունը, երբ ինքդ քեզ համար էիր սնվում:
7. Եթե կինը գեր է եղել մինչ հղիությունը, հղիանալուց հետո պե՞տք է նիհարի
Ցանկալի չէ դիետաների հետեւել հղիության ընթացքում: Գեր կանայք, հատկապես նրանք, որոնց մոտ ճարպակալում է ախտորոշված, պետք է մինչ հղիանալը փորձեն ազատվել ավելորդ քաշից, քանի որ ճարպակալումով կանայք դժվար են հղիանում, կարող են նույնիսկ անպտղություն ունենալ: Բայց եթե արդեն հղի են, պետք է սահմանափակեն անառողջ սնունդը, հատկապես՝ ածխաջրերի օգտագործումը:
8. Կարելի՞ է սպորտով զբաղվել հղիության ընթացքում
Սպորտից լրիվ հրաժարվել պետք չէ, հատկապես, եթե կինը նախկինում ֆիզիկական ակտիվ կյանք է վարել, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ վարժություններ, օրինակ՝ ծանրության բարձրացում, որովայնային պրես, հակացուցված են հղիության ժամանակ: Կան հատուկ վարժություններ՝ նախատեսված հղիության տարբեր ժամկետների համար:
9. Ո՞ր դեպքերում է կնոջը կեսարյան հատում ցուցվում
Կեսարյան հատումը վիրահատություն է, որն ունի խիստ բժշկական ցուցումներ: Եթե կինը կանգնած է հաշվառման, եւ գինեկոլոգը գիտի նրա այս կամ այն խնդրի մասին՝ օրինակ, նեղ կոնք, տեսողության հետ կապված խնդիրեր եւ այլն, ապա կարող է որոշել կեսարյան հատում իրականացնել: Սակայն երբեմն կեսարյան անելու անհրաժեշտությունն առաջանում է ծննդաբերության ընթացքում, երբ, օրինակ, կնոջ ծննդաբերական ուղիները պատրաստ չեն լինում ծննդաբերության, արյունահոսության վտանգ կա, մոր կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում եւ այլն:
Շատ հղիներ ծննդաբերության ցավերից վախենալով, մտածում են կեսարյան անելու մասին, բայց իմ խորին համոզմամբ՝ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով, եթե չկան կյանքին սպառնացող խնդիրներ: Պետք չէ վախենալ ծննդաբերությունից: Այդ մի քանի ժամը մոռացվում է, իսկ կեսարյան հատման սպին ամբողջ կյանքում մնում է:
10. Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության առաջին եռամսյակում
Սեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը