Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ քնի վիճակն, իր հերթին, բարդ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում։

Արթնության վիճակը ևս միշտ նույնը չէ, կախված ուղեղի աշխատանքի բնույթից, հոգնածության աստիճանից և այլ գործոններից:

 


Մարդն իր կյանքի մոտ 113ը անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցության ակտիվության այս կամ այն մակարդակի վրա։ Եթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ 20 տարի նա քնած է լինում։ Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք: 


Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։


 Մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, "արագ" (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։ Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։

Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։

Քնած մարդու հոգեկան գործունեությունը    դառնում է ավելի արագընթաց և  հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ուղեղն, այո, հանգստանում է, բայց հանգստանում է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

 


 Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։

Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ, "դանդաղ" (կամ օրթոդոքսալ) և "արագ" (պարադոքսալ կամ երազային) քուն։

 

"Արագ" քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկնրները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը "երազ է տեսնում", բայց չեն ասում, թե նա "երազ Է լսում", թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ է։

 


"Դանդաղ" քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։  

 


Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է։ Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդը փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է շրջապատող աշխարհից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում, որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է։ Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ։ նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ լսելով իր անունը:

 


Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։


Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում են, երազներ են տեսնում։ Մեր վերապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ, եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։ Համենայն դեպս նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները:


Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտնվում են քնի "պարադոքսալ" փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։ Դա ապացուցվել է հատուկ հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց ընտրականորեն զրկում էին քնի երազային փուլերում գտնվելու և երազ տեսնելու հնարավորությունից։ Հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է և նա պատասխանում է. "Այս գիշեր ես շատ ամուր եմ քնել և երազ չեմ տեսել"։
 Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։ Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել։
Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային (արագ) փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։ Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն  առավոտյան հիմնականում մոռացվում են։

Մենք կարող ենք հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ փուլից: Երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։ 
Ինչո՞ւ են երազներն այդքան արագ մոռացվում։
Քնից արթնանալուց հետո մարդկանցից շատերը կամ համոզված պնդում են, թե երազներ չեն տեսել, կամ էլ ասում են, որ զգում են, որ երազներ տեսել են, բայց թե ինչ՝ չգիտեն, չեն հիշում։

 

Երազները մեծ մասամբ, իսկապես, շատ արագ մոռացվում են։ Ինչո՞ւ։


Ամենից առաջ նշենք, որ ինչպես և ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գիտելիքները, երազները նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման :
Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխատանքի հոգեբանական օրենքներին։ Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության խորքերում։ Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել։ Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չի լինում դրանք վերհիշել։  

 


Հնարավո՞ր է, արդյոք, իմանալ մարդու հոգեբանական առանձնահատկությունները նրա երազները վերլուծելու ճանապարհով։


Այո, հնարավոր է. հենց երազների մեկնաբանությունն է մարդուն իմանալու և ճանաչելու արգասավոր ուղիներից մեկը։ Բայց այն քիչ է օգտագործվում, քանի որ բարդ ուղի է, մեծ գիտելիքներ, փորձ և հոգեբանական ինտուիցիա է պահանջում։
Անշուշտ, մարդու երազներում դրսևորվում են նրա բնավորության այն գծերից շատերը, որոնք նրա վարքում այս կամ այն չափով դիտվում են նաև արթուն վիճակում:   Երազների վերլուծության շնորհիվ մարդն իր մասին կարող է այնպիսի բաներ իմանալ, որոնք առանց այդ մեթոդի օգտագործման նրան երբեք հայտնի դառնալ չէին կարող։

 


Ինչպիսի՞ կապ կա երազների և հիշողության միջև։


Այդ կապը շատ սերտ է և անմիջական։ Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ։

Այսպիսով երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են։

 


 Նիրհը բնության կողմից մարդուն տրված այն եզակի միջոցն է, որը հնարավորություն է տալիս թափանցել երազների թագավորությունը: Դա այն կիսարթուն վիճակն է, որի մեջ յուրաքանչյուր ոք հայտնվում է օրը երկու անգամ քուն մտնելուց անմիջապես առաջ և արթնանալուց անմիջապես հետո: Նիրհի ժամանակ կարծես բացվում է նեղ մի անցք դեպի ենթագիտակցություն և ուղեղի այն խորքային կառույցները, որոնք ղեկավարում են օրգանիզմի կենսաբանական գործընթացները։ Այդ իսկ պատճառով եթե ուզում եք կառավարելի դարձնել ձեր երազները, նախ պետք է սովորեք գիտակցաբար պահպանել նիրհի վիճակը։ Դրան կարող եք հասնել միայն մարզումների միջոցով։ Փորձեք ամեն անգամ քուն մտնելուց առաջ կենտրոնանալ այն պահի վրա, երբ ձեզ դեռ զգում եք նիրհի վիճակում, երբ դեռ կարող եք ձեր ցանկությամբ դուրս գալ այդ վիճակից և, ասենք, վառել լույսը։ Փորձեք նաև որսալ քնին անցնելու պահը։ Ապա սկսեք երկարացնել նիրհի ժամանակը ինչպես քնելուց առաջ, այնպես էլ արթնանալուց հետո։  

 


Երեխաների հետ աշխատանքի բազմամյա փորձը ցույց Է տալիս, որ գրեթե բոլոր
երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և փորձում են ինչ-որ ձևով պայքարել ղրանց դեմ։ Նման դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն հանգստացնել : Եթե դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և մինչև վերջ տեսնել այն։  

 


Որպես կանոն, գիշերվա ընթացքում մարդը 7-8 երազ է տեսնում, բայց հիշում է միայն 1-2-ը։ Երբ կսովորեք երազներ պատվիրել, կհիշեք միայն պատվիրած երազը։
Կգա ժամանակը, և դուք քնելիս այլևս ոչնչի մասին չեք մտածի, իսկ ենթագիտակցությունն ինքը ձեզ կնվրրի այն երազը, որի կարիքն ունեք դուք տվյալ պահին։