2014թ.-ի մարտ ամսից «Արմենակ   և  Աննա  Թադեոսեաններ»  բժշկական կենտրոնում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության օժանդակությամբ իր գործունեությունը սկսեց իրականացնել մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնը սպասարկում է մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաների:
 
Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելեց նորաստեղծ կենտրոն՝ ծանոթանալու համար կենտրոնի զարգացումներին և գործող ծառայությունների որակին: Շրջելով կենտրոնում, ծանոթանալալով մասնագետների և բուժսպասարկում ստացող երեխաների հետ, գնահատելով կենտրոնի ներուժը՝ Ռալֆ Յիրիկյանը բարձր գնահատեց ստացված արդյունքները և հետագա շարունակական համագործակցության ցանկություն հայտնեց: 
 
Ներկայումս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ կենտրոն է հաճախում 15 երեխա, իսկ ևս 5 երեխայի ֆինանսական ծախսերը հոգում է Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը:
Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ և հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալ համակարգված` բժշկահոգեբանամանկավարժական օգնություն:
 
Կենտրոնում գործում են հետևյալ կաբինետները՝
 
  • Հիդրոթերապիա
  • Ֆիզիոթերապիա
  • Էրգոթերապիա
  • Լոգոպեդ
  • Հատուկ մանկավարժ
  • Հոգեբան
 
 
Բացի անհատական աշխատանքներից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքներին, որոնք անց են կացվում հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: Շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության կենտրոնում ստեղծվեց նաև բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաներն իրենց ազատ ժամանցի ողջ ընթացքում գտնվում են հատուկ վերապատրաստում անցած դայակների խնամքի, հոգատարության ներքո:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության օժանդակությամբ հնարավոր դարձավ կենտրոնում երեխաների և սպասարկող անձնակազմի համար կազմակերպել երկանգամյա սնունդ և կահավորել ննջասենյակները: