Խուճապի գրոհ (паническая атака) ի՞նչ է դա։
 
Անհրաժեշտ է տալ 2 ձևակերպում՝

  1. Խուճապի գրոհներ-որպես սինդրոմ, որը լինում է տարբեր հոգեկան խանգարումների ժամանակ
  2. Խուճապային խանգարում-որպես առանձին խանգարում, որն արտահայտվում է միայն խուճապի գրոհներով։

Ինչը վերաբերվում է անմիջական խուճապի գրոհին, ապա դա ծայրահեղ արտահայտված նոպա է, հարաբերական կարճաժամկետ, բայց պերիոդիկ կրկնվող, որն ուղեկցվում է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական մի շարք սիմպտոմներով։
 
Որո՞նք են խուճապի գրոհի հիմնական սիմպտոմները։

Դրանք բաժանում ենք 2 խմբի՝ սոմատիկ կամ հոգեսոմատիկ և հոգեկան։

Ինչ վերաբերվում է սոմատիկային՝

  1. Գլխապույտ
  2. Հաճախասրտություն
  3. «Ցավեր» կրծքավանդակում
  4. Հևոց, օդի պակասի զգացում
  5. Խեղդվելու զգացողություն
  6. Աբդոմինալ դիսթրես (սրտխառնոց, վքնածություն, ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ և այլն)
  7. Տրոմոր
  8. Տենդի/մրսելու զգացողություն
  9. Արտահայտված քրտնարտադրություն
  10. Պարեսթեզիաներ (թմրածություն/ծակծկոց)

Շատ հաճախ այս սիմպտոմներն ի հայտ են գալիս կոմպլեքսով ու չկա կոնկրետ հերթականություն՝ տարբեր մարդիկ տարբեր սիմպտոմներ տարբեր հերթականությամբ են ֆիքսում, երբեմն էլ բոլորը միասին։
Որպես կանոն ամենահաճախը գանգատվում են սրտխփոցներից, հևոցից ու օդի պակասից, ինչպես նաև գլխապտույտից, որոնք էլ նրանց առաջինը տանում են նյարդաբանների ու սրտաբանների մոտ։

Մենք նշեցինք հոգեսոմատիկ դրսևորումները, բայց ախտորոշելու համար շատ կորևոր է ստուգել նաև հոգեկան սիմպտոմները, հակառակ դեպքում դժվար չէ բաց թողնել շատ լուրջ ֆիզիոլոգիական պաթոլոգիաներ՝ հիվանդություններ։

Հոգեկան սիմպտոմներն են՝
11. Դեռեալիզացիայի/դեպերսոնալիզացիայի զգացում- ոչ սինդրոմը, այդ սինդրոմը ինքնին այլ խնդիր է, բայց զգացողությունը նման է․Որն է դա- երբ մարդը զգում է, որ այն ամենն ինչ տեղի է ունենում շրջապատում՝ իր հետ չէ տեղի ունենում, չնայած նա հասկանում է ու գիտակցում, որ դա այդպես չէ։
12. Երկրորդ հոգեկան սիմպտոմը, որ հաճախ նկատվում է՝ վախն է, որ կկորցնի ինքնատիրապետումը կամ կխելագարվի։
13. Եվ 3-րդ ու ամենահաճախ հանդիպող սիմպտոմը՝ մեռնելու վախն է, որ հիմա կմահանա։
 
Սրանք են հիմնական 13 սիմպտոմները, որոնցով մենք ախտորոշում ենք խուճապի գրոհը։ Կան իհարկե այլ սիմպտոմներ, որոնք կարող են հանդիպել, օրինակ ականջներում խշշոց կամ այլ աղմուկներ, բայց դրանք չեն ընդգրկվում պաշտոնական դասակարգման մեջ։

Իսկ այդ 13-ից քանիսի՞ առկայության դեպքում է ախտորոշվում խուճապի գրոհ։

Առնվազն 4, բայց որպես կանոն լինում է ավելի շատ։ Ես ինքս չեմ ունեցել ոչ մի այցելու, ով ունեցել է միայն 4 սիմպտոմ։

Այսինքն, հոգեկան սիմպտոմներից մեկը պարտադիր պիտի լինի՞։

Դա պարտադիր պայման չէ, պարտադիր պայման է նշված 13-ից գոնե 4-ի առկայությունը։

Այսինքն, հնարավո՞ր է, որ մարդն ունենա բոլոր հոգեսոմատիկ դրսևորումները և ոչ մի հոգեկան սիմպտոմ։
Հնարավոր է։ Եթե լինում է նման բան, միևնույն է ախտորոշվում է խուճապի գրոհ, որպես ախտորոշվում, բայց խիստ հազվադեպ է հնարավոր նման բան, որպես կանոն գոնե 1 հոգեկան սիմպտոմ լինեում է։

Ո՞րն է խուճապի ու խուճապի գրոհի տարբերությունը. Ենթադրենք մարդը գտնվում է սթրեսային իրավիճակում և դրա ֆոնին ունի խուճապ, այս դեպքում կարո՞ղ ենք ասել որ մարդն ունի խուճապի:

Մարդ կարող է գտնվել խուճապային վիճակում՝ ունենա խուճապ ինչ որ ծայրահեղ սթրեսային իրավիճակում։ Եթե դրանք լինում են միայն ծայրահեղ սթրեսային իրավիճակներում, օրինակ կյանքի վտանգի սպառնալիքի, կամ նման դեպքերում ու չեն առաջանում սովորական առօրյա կյանքում, ապա դա խուճապային խանգարում չէ, դա նույնիսկ խուճապի գրոհ չէ, դա ուղղակի խուճապային վիճակ 

Եթե խոսում ենք մաքուր խուճապային խանգարման մասին, ապա խուճապի գրոհներն առաջանում են ընդհանուր «ֆոնի» վրա, առանց արտահայտված կամ ակնհայտ սթրեսային «ազդակի» առկայության, ընդ որում,խուճապի գրոհների միջև ընկած ժամանակահատվածում մարդու մոտ կարող է չլինի նույնիսկ բարձրացած տագնապայնություն։

Դուք նշում եք, որ խուճապի գրոհներն ընթանում են նոպայաձև, լինո՞ւմ են արդյոք դրանք երկարատև և որքա՞ն հաճախ են դրանք լինում։

Լավ հարց է, քանի որ այս հարցի պատասխանները ևս հանդիսանում են ախտորոշիչ կրիտերիաներ։
Ինչ վերաբերվում է նոպայի տևողությանը՝ այն սկսվում է շատ արագ, բառացի վարկյանի ընթցքում, հասնում է իր պիկին միջինում 5-10 րոպեների ընթացքում և շարունակվում է միջինում 30-40 րոպե։ Երբեմն, բայց շատ հազվադեպ, կարող են լինել ինչպես կարճատև՝ մինչև 5 րոպե,այնպես էլ երկարատև՝ մի քանի ժամ,բայց կրկնում եմ, շատ հազվադեպ։
Ինչ վերաբերվում է նոպաների հաճախականությանը՝ եթե մենք խոսում ենք մաքուր խուճապային խանգարման մասին, ապա նոպաները կարող են կրկնվել մի քանի օրը, շաբաթը նույնիսկ ամիսը մեկ, այսինքն տարեկան ընդհամենը մի քանի անգամ, կամ ավելի ծանր դեպքերում կարող են կրկնվել օրական մի քանի անգամ, այսպես ևս լինում է։

Ձեր նկարագրած սիմպտոմները բավականին վախեցնող են. Հնարավո՞ր է խուճապի գրոհից մահանալ։

Եթե մեր նշված հոգեսոմատիկ դրսևրումները բացառապես խուճապային խանգարման հետևանք են, ապա ոչ, իհարկե ոչ։ Բայց դրանք կարող են առաջացած լինել ոչ թե որպես հոգեսոմատիկա, այլ ֆիզիոլոգիական խնդրի սիմպտոմ, կամ նույն խուճապային խանգարումից բացի մարդն ունենա նաև օրինակ, սրտի խնդիր, այդ պատճառով նախ պետք է բացառել այլ պաթոլոգիաները։

Իսկ ո՞ր հիվանդությունների ժամանակ կարող են նկատվել խուճապի գրոհի սիմպտոմների նման սիմպտոմներ։
Քանի որ դրանք մարդու մարմնական զգացողություններ են, ապա դրանք կարող ենառաջանալ շատ տարբեր մեծ ու բազմազան հիվանդությունների ու խնդիրների հետևանքով։ Առավել տարածվածներն են սրտաբանական խնդիրները և ստամոքս-աղիքային խնդիրները, ինչպես նաև նյարդաբանական ու էնդոկրին համակարգի խնդիրները։

Այդ դեպքում ո՞ր մասնագետին պետք է դիմել, եթե նկատվում են խուճապի գրոհի սիմպտոմներին նման սիմպտոմներ։

Եթե նախկինում չեք հետազոտվել, ապա միանշանակ պետք է դիմել ոչ թե հոգեբանի, կլինիկական հոգեբանի, հոգեթերապևտի և նույնիսկ ոչ էլ հոգեբույժի, այլ անհրաժեշտ է դիմել սիմպտոմներին համապատասխան բժշկի՝ եթե սրտի շրջանի սիմպտոմներ են, ապա սրտաբանի, և համապատասխանաբար, ըստ անհրաժեշտության՝ նյարդաբանի, գաստրոէնտերոլոգի և այլն։ Նրանց կողմից պաթալոգիաների բացառելու դեպքում՝ դիմել հոգեկան առողջության ոլորտի մասնագետի։
Որպես կանոն, մարդիկ հենց այդպես էլ անում են,  օրինակ, իմ այցելուների ճնշող մեծամասնությունն արդեն դիմում է բազմազան հետազոտությունների պատասխանների հաստ թղթապանակով։ 

Իսկ խուճապային խանգարումից բացի այլ խանգարումների ժամանակ հանդիպո՞ւմ են խուճապի գրոհներ։

Այո, ու բավականին հաճախ,կարող են առաջանալ ինչպես «հոգեպես բավականին հավասարակշռված» վիճակում, այնպես էլ շատ տագնապային խանգարումների ժամանակ, օրինակ ագորաֆոբիայի ժամանակ՝ բաց տարածքներից կամ շատ մարդկանցից վախի ժամանակ, ագորաֆոբիայի պարագայում ունենք 2 ենթաախտորոշում՝ ագորաֆոբիա խուճապի գրոհներով և առանց։ Մյուս տագնապային խանգարումները, որոնց ժամանակ պարտադիր չէ, բայց կարող է առաջանալ խուճապի գրոհ, սոցիոֆոբիան է և գեներալիզացված տագնապային խանգարումը, ինչպես նաև սպեցիֆիկ տարբեր ֆոբիաների ժամանակ կարող է առաջանալ, նույնիսկ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ժամանակ։

Իսկ որքա՞ն հաճախ են խուճապի գրոհները։

Եթե նկատի ունեք մաքուր խուճապային խանգարումը, ոչ թե որպես սիմպտոմ խուճապի գրոհը, ապա բավականին քիչ, չնայած հարաբերական թվեր են, բայց մոտ 3%։

Իսկ ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում՝ կանայք թե՞ տղամարդիկ։

Մոտավորապես 2 անգամ ավելի հաճախ՝ կանայք։

Իսկ ինչպե՞ս է բուժվում խուճապային խանգարումը։

Խուճապային խանգարումը, նախ և առաջ նշեմ, որ այլ տագնապային խանգարումներից կարելի է համարել համեմատաբար ամենաբարենպաստ ելք ունեցողը։

Բուժվում է 2 եղանակով՝ դեղորայքային,այս դեպքում վերացնում ենք հիվանդության սիմպտոմները, քանի որ սրանով տառապող մարդու մոտ որպես կանոն ձևավորվում է երկրորդային վախ՝ որ կկրկնվի, ապա այն դեպքում, երբ նրանք գիտեն, որ ունեն որևէ միջոց, թեկուզ դեղորայք, որը կարող է կանխարգելել/հաղթահարել խուճապի գրոհը, շատ հաճախ ինքնաբերաբար դա կանխարգելում է հաջորդ գրոհի առաջացումը, միայն նրանով,որ նա չի վախենում ու չի անհանգստանում, քանի որ ունի հաղթահարման միջոց։
Գոյություն ունի նաև բուժման հոգեթերապևտիկ մեթոդ, որն ուղղված է մարդուն սովորեցնել ֆիզիկական ու մտածական մեթոդներով հաղթահարել խնդիրը, ինչը բերում է խուճապի գրոհների գնալով ավելի հազվադեպ դառնալուն և ի վերջո վերացմանը։
Ինչպես և մնացած տագնապային խանգարումների դեպքում, այս դեպքում նույնպես կարելի է ասել լավագույն տարբերակն է կոգնիտիվ հոգեթերապիան, որը տալիս է մնայուն արդյունք, ի հաշիվ նրա, որ այցելուն սովորում է ինքնուրույն հաղթահարել խնդիրը և նման շատ այլ խնդիրներ։

Եթե ես համարումեմ, որ իմ մոտ խուճապի գրոհի նոպա է, ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ օգնել։

Նախ և առաջ,դուք դա ոչ թե պետք է համարեք, այլ պիտի հստակ իմանաք, քանի որ ինչպես նշեցինք, դրա տակ կարող է թաքնված է լինել ֆիզիոլոգիական լուրջ խնդիր։ Դրա համար, նախ՝ հետազոտման։ Իսկ եթե վստահ եք, որ խուճապի գրոհ է, ապա ինչպես արդեն նշեցինք, 2-րդ տարբերակը, կոգնիտիվ թերապիան է, որն էլ կսովորեցնի ինքներդ ձեզ օգնել։ Իսկ որպես այդ պահին առաջին օգնություն, կարող եք կիրառել, օրինակ շնչառական ռելաքսացիոն վարժությունները։ Հաճախ հանդիպող սիմպտոմներն են՝ գլխապտույտը, խեղդվելու տպավորությունը, օդի պակասի զգացումը, որոնք փոխկապակցված են։ Օրինակ, եթե դուք հանգիստ վիճակում սկսեք ինտենսիվ շնչել, ձեզ մոտ կառաջանա գլխապտույտ, ի հաշիվ հիպերվենտիլացիայի՝ թթվածնի քանակը կավելանա, իսկ ածխաթթու գազի գազի քանակը կպակասի, ինչն էլ կառաջացնի գլխապտույտ կամ վիճակ, որի ժամանակ թվում է թե հիմա կկորցնես գիտակցությունդ/ կուշաթափվես։ Շնչառական վարժությունները սովորեցնում են կարգավորել շնչառությունը։ Կարևոր է շնչել քթով ու դանդաղ, խորը, որպեսզի թոքերն աշխատեն ողջ ծավալով և որ օդը տաքանա ու ֆիլտրվի հայմորյան ու ֆրոնտալ՝ ճակատային, ծոցերում, բացի այդ, քթով շնչելն ավելի բարդ է, և երբ խուճապի գրոհի ժամանակ մարդը կարողանում է շնչել քթով, ավտոմատ գիտակցում է, որ նա կարողանում է կառավարել՝ վերահսկել շնչառությունը, ոչ թե, որ դա իր վերահսկողությունից դուրս է, իսկ խուճապի գրոհի ժամանակ առաջանում է նման տպավորություն ու խեղդվելու վախ, ինչն էլ սրում է խուճապի գրոհի արատավոր օղակը։ Միևնույն ժամանակ կարգավորվում է թթվածնի ու ածխաթթու գազի կոնցենտրացիան։ Կան նաև այլ մեթոդներ, որպես առաջին օգնություն այդ պահին, օրինակ ուշադրության կենտրոնացումն այլ բանի վրա կամ վախ հույզի փոխարինումն այլ հույզով, բայց ինչպես արդեն նշեցինք, դրանք մանրամասն սովորում են թերապիայի ընթացքում։

Ռաֆայել Պետրոսյան, հոգեթերապևտ,  կլինիկական հոգեբան