Քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) ներկայում բավականին տարածված է: Ընդ որում՝ ռինոպլաստիկա իրականացվում է ոչ միայն արտաքին դեֆեկտների շտկման, այլեւ առողջական նկատառումներից ելնելով:

Քթի պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ ամենատարածված հարցերին է պատասխանել օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), պլաստիկ վիրաբույժ Էդուարդ Դանիելյանը:

Ինչպե՞ս պատրաստվել քթի վիրահատությանը

Թե՛ քթի ֆունկցիոնալ խանգարումների շտկման, թե՛ արտաքին դեֆեկտների պլաստիկ վիրահատությունից առաջ պացիենտը պետք է նախնական հետազոտություն անցնի, որի ժամանակ կատարվում է՝

  • սրտի աշխատանքի ստուգում
  • թոքերի աշխատանքի ստուգում
  • շաքարային դիաբետի ստուգում
  • հեպատիտ B-ի, C-ի ստուգում
  • զրույց անեսթեզիոլոգի հետ

Եթե ամեն ինչ նորմալ է, բժիշկը նշանակում է վիրահատության օրն ու ժամը:

Վիրահատության նախորդ օրը երեկոյան 7-ից հետո պացիենտը պետք է ոչինչ չուտի, իսկ վիրահատության պետք է ներկայանա դատարկ ստամոքսով:  

Պացիենտը վիրահատության հաջորդ օրն արդեն դուրս է գրվում հիվանդանոցից: Մեկ շաբաթ անց քանդվում են կարերը, եւ դրվում են ֆիքսվող կապերը:

Քթի վիրահատությունն արվում է ընդհանուր անզգայացմամբ եւ տեւում 1-1,5 ժամ:

Խորհուրդ. վիրահատությունից հետո զգուշացե՛ք շնչառական հիվանդություններով մարդկանց հետ շփումից, իսկ տանից դուրս գալիս, հատկապես՝ այս սեզոնին, դիմակ կրե՛ք:

Ե՞րբ է կարելի երկրորդ անգամ վիրահատել քիթը

Քթի պլաստիկ վիրահատության դիմելիս պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անատոմիական կառուցվածքը, ուստի Ձեր դեպքում հարեւանի աղջկա քթից նույնությամբ ստանալ գուցե չստացվի: Բացի այդ, վիրահատությունից հետո կարող են առաջանալ՝

  • այտուցներ
  • կպումներ
  • արյան մակարդուկներ

Այս բոլորը կարող են քթի թեքվածություն առաջացնել, որը երբեմն կարող է շատ տեսանելի լինել, եւ արդյունքում երկրորդ վիրահատության կարիք առաջանա: Կամ ստացված արդյունքը կարող է չգոհացնել պացիենտին:

Խորհուրդ. նախքան երկրորդ վիրահատությանը դիմելը, ցանկալի է նվազագույնը վեց ամիս սպասել, որովհետեւ վիրահատությունից հետո քիթն իր վերջնական ձեւը ստանում է մեկ տարվա ընթացքում:

Ժողովրդի շրջանում տարածված է «քթի միս» հասկացությունը: Ի՞նչ է դա:

«Քթի միսն» ադենոիդային հյուսվածք է. դա այն նույն հյուսվածքն է, ինչից կազմված են նշիկները:

Ադենոիդային հյուսվածքներն առկա են բոլոր երեխաների մոտ եւ լինում են երեք աստիճանի: Առաջին աստիճանի ադենոիդները խոչընդոտ չեն ստեղծում մարդու համար, սակայն երկրորդ եւ երրորդ աստիճանի ադենոիդները կարող են առաջացնել՝

  • ականջի տարբեր բորբոքումներ
  • լսողության խնդիրներ
  • քթից անընդհատ արտադրություն

Խնդիրը շտկվում է կա՛մ վիրահատական, կա՛մ կոնսերվատիվ բուժման եղանակով:

Ե՞րբ է անհրաժեշտություն առաջանում՝ կատարելու քթի միջնապատի շտկում

Եթե ունեք խնդիրներ շնչառության հետ, գլխացավ, քնի խանգարում, սրտխփոց… Հնարավոր է՝ Ձեզ մոտ առկա է քթի միջնապատի թեքվածություն կամ խեցիների գերաճ:

Քթի միջնապատի խնդիրները չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են առաջացնել թթվածնային քաղց, դա էլ իր հերթին կարող է հանգեցնել կոկորդի հիվանդությունների (անգինա, ֆարինգիտ, լարինգիտ) սրացման, ինչպես նաեւ բրոնխների հետ կապված խնդիրների:

Խնդրի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի, որը կօգնի պարզել շնչառության խանգարման աստիճանն ու հասկանալ՝ արդյոք վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է, թե՝ ոչ:


Աղբյուրը՝ Doctors.am

Պատրաստեց Շուշան Շատիկյանը