Ստենֆորդի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել՝ աշխատավայրում ռիսկային պայմաններում կանայք առավել շատ են զգում անհանգստություն, քան տղամարդիկ: Ռիսկային է համարվում անհայտ ելքով ցանկացած իրավիճակ: Այդպիսի իրավիճակներում ամեն ինչ կախված է ոչ միայն արհեստավարժությունից, այլ նաև հաջողությունից: Ռիսկը հաճախ կապում են ֆինանսական միջոցների կամ կյանքի սպառնալիքի հետ: Սակայն մենք ռիսկի ենք դիմում նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավայրում նոր միտք ենք ներկայացնում աշխատակիցներին կամ ստանձնում որևէ բարդ առաջադրանք: Հետազոտողները պարզել են, թե ինչպես են նման իրավիճակներն ազդում տղամարդու և կնոջ վրա, պատմում է Medical News Today-ը:
 
Գիտնականների առաջին հետազոտության մասնակցել են 18-81 տարեկան ամերիկացիներ: Նրանց առաջարկվել է բազմաթիվ իրավիճակներ, որոնք կարող են ստեղծվել աշխատավայրում: Մի քանիսում պետք էր ռիսկի դիմել, իսկ մյուսներում՝ ոչ: Օրինակ՝ կամավորները ներկայացնում էին խորհրդակցություն: Որոշ մասնակիցների ենթադրյալ գործընկերներն ըմբռնումով էին մոտենում վատ մտքերին, իսկ ուրիշները՝ խիստ քննադատում էին դրանք: Այնուհետև փորձարկվողներին խնդրեցին նկարագրել, թե ինչպես նրանք կգործեին իրավիճակներից յուրաքանչյուրում, և ինչպես իրենց կզգային: Հետո նրանք լրացրեցին անհանգստության թեստեր: Հետազոտողները հայտնաբերել են, որ ռիսկային իրավիճակներում հայտնված կանանց մոտ անհանգստության մակարդակը 13.6%-ով ավելի բարձր է եղել՝ մյուս կանանց համեմատ: Տղամարդկանց մոտ նշանակալի տարբերություն չի գրանցվել:
 
Հաջորդ հետազոտության ժամանակ գիտնականները գնահատել են, թե ինչպես է ռիսկային իրավիճակն անդրադառնում կանանց և տղամարդկանց կողմից առաջադրանքի կատարման վրա: Մասնակիցներին տրվել է 20 ստանդարտ թեստային հարցեր: Նրանցից յուրաքանչյուրին ասվել է, որ կարող է գումար դնել պատասխանի դիմաց: Այն կարող էր իրավիճակը դարձնել ռիսկային: Կամավորներին ասվել էր՝ նրանք կստանան 15 դոլար, եթե գումար չդնեն, իսկ եթե դնեն, ապա կունենան 5-55 դոլար շահելու հնարավորություն ՝ կախված դրված գումարի չափից և պատասխանի հստակությունից: Հետազոտողները հայտնաբերել են, որ ռիսկային իրավիճակում կանայք 11%-ով ավելի վատ են պատասխանում, քան տղամարդիկ: 
 
Նմանատիպ հետազոտություն կատարվել է նաև ուսանող-ինժեներների վրա: Միջանկյալ քննության ժամանակ ուսանողները պետք է ասեին, թե որքան են համոզված իրենց պատասխանների ճշտմարտացիության մեջ: Այն ստեղծում էր լարված իրավիճակ, քանի որ ուսանողները կարող էին միավոր կորցնել՝ կախված իրենց ինքնավստահությունից: Բարձր վստահությունը ճիշտ պատասխանների դեպքում հանգեցնում էր առավել բարձր միավորների, իսկ այն դեպքում, երբ սխալ պատասխաններում վստահությունը  շատ էր, ապա՝  ցածր արդյունքների: Մասնակիցները այս քննությանը կարող էին ստանալ 33-100% գնահատական:
Եթե նրանք միանգամից պատասխանում էին, որ վստահ չէին իրենց ոչ մի պատասխանի վրա, ապա ինքնաբերաբար ստանում էին 50%: Կանանց արդյունքները միջինում 4%-ով ցածր էին: Վերջնական քննության ժամանակ, երբ ռիսկի դիմելու կարիք չկար, կանանց և տղամարդկանց պատասխանների միջև տարբերություն չի գրանցվել:
 
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել՝ եթե կինն անում է նույնը ինչ տղամարդը, ապա հավանական է, որ ձախողման դեպքում նրան ավելի շատ կդատապարտեն և ձախողման պատճառը կվերագրեն իր ոչ կոմպետենությանը, այլ ոչ՝ անհաջողությանը: Հետազոտող Սյուզան Ֆիսկը գտնում է՝ արդյունքները վկայում են այն մասին, որ կանայք ռիսկի պատճառով կարող են ավելի հաճախ բախվել դժվարությունների աշխատավայրում, քան տղամարդիկ: Նրանք կարող են խուսափել նման իրավիճակներից, կամ անհանգստության պատճառով կարող են վատ կատարել աշխատանքը ի տարբերություն տղամարդկանց, ինչ կարող է ազդել նրանց առաջադիմության վրա: Դա բացատրում է այն, թե ինչու են կանայք ավելի հազվադեպ լինում ղեկավարի պաշտոնում, որին հաճախ նախորդում է մասնագիտական աճը և ծառայողական առաջխաղացումը՝ կապված ռիսկի հետ: Սյուզան Ֆիսկն ասում է, որ ղեկավարները պետք է ավելի քիչ ռիսկի ենթարկեն իրենց աշխատակցուհիներին՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց արդյունավետությունը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medicalnewstoday.com