Գինեկոլոգին այցելելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ եք ակնկալում ընդունելությունից: Պրոֆիլակտի՞կ զննում։ Կա՞ն գանգատներ: Եթե ունեք շատ հարցեր, գրի առեք դրանք։ Շատերը հուզմունքից պարզապես մոռանում են ինչ-որ բան հարցնել։ Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, հիշե՛ք, թե երբվանի՞ց և ինչի՞ հետ եք կապում ձեր գանգատները:

Եթե ունեք որևէ հիվանդություն և անհրաժեշտ է հսկողություն, ապա նպատակահարմար է վերցնել վերջին հետազոտության (ՈՒՁՀ) արդյունքները կամ հիվանդության էպիկրիզը (հատկապես այլ կլինիկաներից):

Եթե ընդունել եք որևէ դեղամիջոց կամ օգտագործել մոմիկներ, գրի առեք դրանց անունները կամ լուսանկարեք փաթեթավորումը։ Հաճախ ընդունելության ժամանակ միասին փորձում ենք հիշել «այն դեղին կոճակները» կամ «այդպիսի կապսուլները, որոնք ներմուծվում են հեշտոց»։ Հատկապես դա կարևոր է, եթե ունեք ալերգիա կամ դեղամիջոցի վատ տանելիություն:

Անհրաժեշտ չէ այցելել զննման և վերցնել քսուք բնականոն դաշտանի ընթացքում։ Արդյունքը, մեղմ ասած, անիմաստ կլինի։ Սակայն, եթե ունեք երկարատև կամ առատ արյունահոսություն և դա պատճառ է դառնում դիմելու համար, ապա սպասելու կարիք չկա, ընդհակառակը, պետք է դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի բուժումը:

Ընդունելությունից առաջ պահպանեք հիգիենայի ձեր ամենօրյա ռեժիմը։ Ոչ մի շիթային կամ ցնցուղային լվացում հեշտոցում, ոչ մի հակասեպտիկ մշակում։ Մյուս ծայրահեղությունը՝ մի քանի օր լոգանք չընդունել, որպեսզի բժիշկը ամեն ինչ հասկանա, նույնպես սխալ է։

Կարևոր է վստահել բժշկին և տալ նրան ձեզ հուզող հարցերը մասնագիտական պատասխան ստանալու համար։

Կարևոր հիշեցում՝ եթե անգամ չկան գանգատներ, ապա ցանկալի է տարեկան մեկ անգամ դիմել գինեկոլոգի օգնությանը կանխարգելիչ նպատակներով:

Royal Clinic-ի գինեկոլոգ Յուլիա Կուրիլենկո