Արդեն լայն տարածում է ստացել որոշ «հոգեբան»-ների կողմից անթույլատրելի՝ հոգեբանական էթիկայի նորմերի բազում խախտումներով, որոշ դեպքերում հոգեբանական աշխատանքի հետ աղերս չունեցող գուրծունեության ծավալումը։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, լինելով առաջինը, և ըստ էության պրակտիկ հոգեբանության պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող հոգեբանական գործունեության բոլոր դրսևորումների համար։ Մենք անհանգստացած ենք նման մասնագետների ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում վտանգավոր գործունեությամբ և տեղեկացնում ենք այն հնարավոր վտանգավոր քայլերի մասին, որոնց դեպքում օգտակար է անմիջապես հեռանալ նման մասնագետներից։ Պատկերավոր լինելու համար վերնագրել ենք,ՓԱԽ Ե՛Ք «հոգեբան»-ից, եթե,
Ձեր հրավերով համաձայնում է խորհրդատվություն իրականացնել սրճարանում, զբոսայգում կամ այլ հասարակական վայրում:
Ձեզ հրավիրում է սուրճ խմելու և առաջարկում սրճարանում խորհրդատվություն իրականացնել:
Առաջարկում է կամ համաձայնում է զուգահեռ աշխատել ընտանիքի տարբեր անդամների (բացառությամբ ընտանեկան կամ զույգերի թերապիա)կամ ընկերների և բարեկամների հետ:
Ձեզ համեմատում է իր կամ իր ծանոթների հետ:
Բացահայտ իր կողմ կամ դեմ լինելն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
Խոսում է Ձեզ անհասկանալի տերմիններով:
Հիվանդություն է ախտորոշում և դեղեր նշանակում:
Այցելուին ընդունում է ոչ ապահով միջավայրում(խորհրդատվության տարածքում կարող է իրենց լսեն կամ այլ մարդ մտնի սենյակ):
Այցելուի հետ աշխատում է մեկայլ այցելուի ներկայությամբ:
Նույն ժամին զուգահեռաբար աշխատում է երկու և ավելի այցելուի հետ (միաժամանակյա աշխատանքի սեանս ցուցադրում):
Այցելուի հետ աշխատանքի ժամանակ պատասխանում է հեռախոսի զանգերին, ինքն է զանգում կամ հեռախոսում ինչ-որ բան է փնտրում։
Առանց այցելուի թույլտվության ձայնագրում է հանդիպումը։
Քննադատում կամ խրախուսում է այցելուի այս կամ այն արարքը։
Գնահատականներ է տալիս, պիտակավորում է, ամոթանք տալիս։
Սեփական կյանքի օրինակները, դրվագները պարտադրում է այցելուին։
Քարոզներ է կարդում, «դաստիարակչական» աշխատանք տանում
Փորձում է ցուցադրել, որ ինքն այցելուից ավելի բանիմաց է, օգտագործում է «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» և նման արտահայտություններ։
Խտրական վերաբերմունք է ցուցաբերումայցելուի կրոնական, սեռական, ռասսայական կամ որևէ այլ կողմնորոշման նկատմամբ։
Արժեզրկող, գնահատողական վերաբերմունք է դրսևորում այցելուի հանդեպ, օգտագործում է «թեթև տար» և նման արտահայտություններ։
Անհիմն հուսադրում է, երաշխիքներ է տալիս, օգտագործում է«լավ կլինի»,«կանցնի կգնա» և նման արտահայտություններ։
Խորհուրդներ է տալիս, օգտագործում է «գնա մազերդ այս գույնի ներկի, քանի որ իմ մայրիկի մազերն այդ գույնի են»,«Դու ինձ լսիր, սպասիր, տես՝ ես քեզ ինչ եմ ասում»կամ նման արտահայտություններ։
Սեռական ոտնձգությունների դիմում, սեռական հարաբերությունների առաջարկ է անում այցելուին կամ ցանկացած այլ կերպ խախտում մարմնական սահմանը՝ չափազանց մոտ է նստում, հպվում է,..
Համաձայնում է աշխատել ներկա կամ նախկին սեռական զուգընկերոջ հետ։
Համաձայնում է գնալ տուն կամ որևէ այլ վայր, այցելուին հանդիպել իբրև նրա բարեկամներից որևէ մեկի ծանոթ և, առանց նրան տեղեկացնելու իր մասնագիտության մասին, փորձում իրականացնել«հոգեբանական» աշխատանք։
Այցելուին հրավիրում է տուն։
Ընդունում կամ տալիս է նվերներ։
Խնդրում ենք ուշադիր լինել, և եթե հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կասկածելի է թվում,չեք հասկանում նրա որևէ խոսք, վերաբերմունք, վարմունք, գրեք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։ Հոգեբանական գործունեություն իրականացնող բոլոր մասնագետներին ևս մեկ անգամ հորդորում ենք անվերապահորեն հետևել հոգեբանի էթիկական կոդեքսին։