Հաճախ քնի խանգարում ասելով՝ մարդիկ հասկանում են անքնությունը կամ քնի պակասը, մինչդեռ սրանց կողքին անտեսված է մի խնդիր, որն էականորեն ազդում է կենսակերպի վրա եւ երբեմն նույնիսկ կարող է վտագավոր լինել կյանքի համար: Խոսքը քնկոտության մասին է:

Քնի համաշխարհային օրվա շուրջ (ս․թ․ մարտի 19-ը) Doctors.am-ը զրուցել է «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի տնօրեն և Քնի խանգարումների կենտրոնի ղեկավար, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, ՀՀ ԱՆ Նյարդաբանության գծով խորհրդատու, բ.գ.թ., նյարդաբան Սամսոն Խաչատրյանի հետ: 

Քնկոտության պատճառները եւ տեսակները

Քնկոտությունը տարբեր պատճառներ ունի, եւ կարող է պայմանավորված լինել ինչպես գիշերային քնի պակասով, անքնությամբ, այնպես էլ նյարդային համակարգի այլ շեղումներով:

Քնկոտության ամենատարածված օրինակներից է նարկոլեպսիան: Սա առաջանում է այն դեպքում, երբ բջիջների խումբը, որն ապահովում է քնից արթուն վիճակի անցումները, վնասվում է:

Նարկոլեպսիայի ժամանակ մարդը դառնում է ոչ պրոդուկտիվ, աշխատավայրում քունն անընդհատ տանում է, կարող է հենց համակարգչի մոտ նստած քնել, չի կարողանում դիմադրել քնելու անհագ ցանկությանը: Կա նաեւ այսպիսի մի երեւույթ՝ կոչվում է քնի գրոհ: Մարդն առույգ է, արթուն եւ հանկարծ կտրուկ անցում է կատարում դեպի քունը՝ կարծես գիտակցության կորուստ ունենա: 

Կան նաեւ նարկոլեպսիայի այլ նշաններ, օրինակ՝ քնի պարալիզը, երբ մարդն արթնանում է եւ չի կարողանում շարժվել, խոսել, միակ բանը, որ ստացվում է, շնչելն է: Քնի պարալիզը նաեւ հանդիպում է որպես առանձին քնի խնդիր:

Նարկոլեպսիան մեկ այլ հետաքրքիր նշան ունի. դրական հույզերի ժամանակ, անեկդոտ լսելիս կամ երբ հանկարծակի դրական բան է տեղի ունենում, մարդը կարող է կորցնել մկանային ուժը եւ, մնալով գիտակության մեջ, թուլանալ եւ ընկնել: Այդ երևույթը կոչվում է կատապլեքսիա:

Առաջնային քնկոտություն կարող է հանդիպել նաև այլ հիվանդությունների ժամանակ մեջ կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ՝ դեպրեսիային: Մոտ 80-90 տոկոս դեպքերում դեպրեսիային բնորոշ է անքնությունը, սակայն ավելի քիչ տոկոս դեպքերում դեպրեսիան կարող է ուղեկցվել նաեւ քնկոտությամբ: Քնկոտությամբ ընթացող այլ հայտնի հիվանդություններից է քնի ապնոէն կամ շնչադադարը, որի ժամանակ գիշերային քունն այնքան ընդհատված և վատ որակի է, որ ցերեկային ժամերին այդ մարդիկ կարող են նույնպես ունենալ շատ ծանր քնկոտություն և քնի գրոհներ։ Այդ քնելու հակումը վտանգավոր դրսևորումներ կարող է ստանալ, օրինակ մեքենային ղեկին քնելու տեսքով և այլն։

Առաջնային քնկոտության շատ ավելի հազվադեպ հիվանդություններ կան: Դրանցից մեկն էլ Կլայն-Լեւինի համախտանիշն է՝ կրկնվող քնկոտության համախտանիշը, երբ մարդը կարող է լինել լիովին առողջ, առույգ, սակայն մի քանի օրով մտնել քնի մեջ:

Հետաքրքիր է, որ այս մարդիկ ունենում են վարքային փոփոխություններ՝ դառնում են ագրեսիվ, դյուրագրգիռ, հաճախ բարձրանում է սեռական ակտիվությունը, շատ են ուտում կամ, հակառակը, հրաժարվում են ուտելուց: Այս խանգարումն ունի նաև այլ անվանում՝ քնած գեղեցկուհու համախտանիշ, և հանդիպում է շատ հազվադեպ, մոտավորապես 1-2 դեպք մեկ միլիոն բնակչության մեջ։

Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել եւ պարզել, որ այս հիվանդության առաջին նկարագրությունը կատարվել է մեր «Սասնա Ծռեր» էպոսում՝ Մսրա Մելիքի օրինակով, երբ Սասունցի Դավիթը պետք է կռվեր Մելիքի հետ, սակայն նա քնած էր: Հայտնի դրվագ է, երբ Սասունցի Դավիթը, դիմելով զինվորին, ասում է՝ կանչիր տիրոջդ, որ կռվենք, իսկ զինվորը պատասխանում է՝ «Նա քնել է երեք օր եւ պետք է դեռ քնի չորս օր»: Այսինքն՝ բոլորին հայտնի էր, որ Մսրա Մելիքը երբեմն ունենում է նման քուն, որը տեւում է յոթ օր: Մեր այս ուսումնասիրությունը հոդվածի տեսքով հրապարակվել է Քնի համաշխարհային ասոցիացիայի Sleep Medicine պաշտոնական գիտական հանդեսում:

Ինչպե՞ս հասկանալ, որ գործ ունենք քնկոտության հետ եւ ոչ թե պարզապես հոգնածության

Ամեն հոգնող մարդ չէ, որ քնկոտ է: Հասարակություններ կան, որտեղ հստակ տարանջատված է սա : Մեզ մոտ դա հավասարաչափ է դիտարկվում, այսինքն՝ եթե հոգնած ես, պիտի քնկոտ լինես:

Հոգնած մարդը կարող է քնկոտ չլինել, պարզապես պառկել, հանգստանալ եւ վերականգնվել՝ առանց քնելու: 
Քնկոտության ախտորոշման համար մենք ունենք համապատասխան գործիքային հնարավորություններ՝ պոլիսոմնոգրաֆիա, որի ժամանակ կատարվում է ուղեղագրություն, սրտագիր, շնչառական տվյալների գրանցում, դիրքերի տեսագրում:

Ինչպես հաղթահարել քնկոտությունը

Եթե անքնության դեպքում պետք է նշանակենք քնաբեր ՝քունը շատացնելու նպատակով, այս դեպքում հակառակն է՝ պետք է նշանակենք այնպիսի դեղ, որն արթնացնող է: Ցավոք, Հայաստանում այս պահին դեռ չունենք անհրաժեշտ դեղորայքային խումբը, բայց մենք դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարությաունըն և հուսով ենք որ հարցը լուծում կստանաաշխատում է այդ ուղղությամբ:

Կան նաեւ ոչ դեղորայքային մոտեցումներ: Օրինակ՝ խորհուրդ ենք տալիս օրվա մեջ մեկ կամ մի քանիերկու ժամ քնել, նույնիսկ եթե մարդն աշխատում է, խոսել տնօրինության հետ, որպեսզի աշխատավայրում համապատասխան պայմաններ ապահովվեն: Դա կօգնի, որ օրվա երկրորդ կեսն ավելի թարմ անցկացնի այդ անձը։


Աղբյուրը՝ Doctors.am