Ալերգիան օրգանիզմի փոփոխված,  գերբարձր պատասխանն է սպիտակուցային բնույթ կրող այն նյութերի հանդեպ, որոնք առողջ մարդկանց համար անվտանգ են: Կարևոր է հասկանալ, որ ալերգիան մեկ երևույթ կամ մեկ հիվանդություն չէ. այն հիվանդությունների մեծ խումբ է, հետևաբար, դրա ախտորոշումը և բուժումը տարբեր են լինում:

Ալերգիկ ուրբանիզացիա

Ժամանակակից բժշկության մեջ ալերգիան՝ որպես հիվանդություն առաջին անգամ ամբողջությամբ  նկարագրվել է մոտ 200 տարի առաջ (1819թ., Ջոն Բոսքոթ): Այնուհետ Չարլզ Բլեքլեյ անունով մի բժիշկ, հարդախոտի մշակման ժամանակ ենթադրեց, որ իր ալերգիայի պատճառը ծաղկափոշին է. հավաքելով  խոտերն ու պահելով տարայում, ձմռանը նա կրկին բացեց տարան և ի հայտ եկավ նույն խնդիրը: Բժիշկն այդ երևույթը կոչեց «հարդախոտային տենդ»: Այն, փաստորեն, ժամանակակից բժշկության մեջ սեզոնային ալերգիայի ապացուցողական առաջին  օրինակը դարձավ: 

200 տարվա մեջ հազվադեպ հանդիպող հիվանդությունն այսօր դարձել է մոլորակի բնակչության շուրջ 25%-ի կյանքի անբաժան մասը: Աճն աննկարագրելի է և լիովին համըկնում է ուրբանիզացիոն գործընթացի հետ: Դրանից ելնելով՝ ձևավորվել է առաջին հիպոթեզերից մեկը.  ալերգիկ երևույթների առաջացումը կապված է հիգիենիկ պայմանների բարելավման հետ: Որքան մարդու կենցաղային պայմանները լավն են՝ մաքուր և հիգիենիկ, այնքան ալերգիաներն ավելի հաճախ են հանդիպում:

Ալերգիայի բուժումը 

Ալերգիան մեկ երևույթ կամ մեկ հիվանդություն չէ և մեկ հաբով չի բուժվում: Այն իմունային համակարգի  պատասխանի խանգարում է, հետևաբար, մինչև խանգարումը չշտկվի՝ ալերգիան չի վերանա: Սեզոնային ալերգիաների  դեպքում, օրինակ, երկարատև բուժման պարագայում հնարավոր է վերացնել այն (ալերգեն-յուրահատուկ իմունոթերապիա՝ շուրջ 3 տարի 6-7 ամիս տևողությամբ կուրսերով): Մյուս դեպքերում բուժումը, ցավոք, չի ենթադրում առողջացում: Բժշկության տեսանկյունից պացիենտին ցանկացած ձևով օգնելը ևս բուժում է համարվում: 

Ալերգիայի մասին թյուր պատկերացումները հատկապես շատանում են, երբ պասիվանում են մասնագիտական համայնքները:

Բուժման ի՞նչ մեթոդներ գոյություն ունեն

Ալերգիայի բուժման գործընթացը կարելի է երկու փուլի բաժանել: Առաջինը հետևանքների դեմ պայքարն է: Դեղորայքային տարբեր խմբերով կարելի է իրականացնել բուժման այս տարբերակը: Երկրորդ մեթոդը ալերգեն-յուրահատուկ իմունոթերապիա կոչվածն է: Այս մեթոդի  իմաստն այն է, որ, ալերգիա առաջացնող նյութերի օգտագործմամբ, «ստիպում ենք» իմուն համակարգին՝ նորմալ պատասխանի, բժշկագիտական լեզվով ասած՝ իմուն տոլերանտություն ենք ձևավորում ընդդեմ տվյալ ալերգենի։ 

Ուրախությամբ պետք է փաստենք, որ ՀՀ–ում կան պայմաններ (ոչ կատարյալ) նման ախտորոշում և բուժում անցկացնելու համար:

Ախտորոշում

Ցավոք, Հայաստանում դեռ շատ մասնագետներ ախտորոշման հիմքում դնում են սեփական դիտարկումները, հնացած պատկերացումները, այլ ոչ լաբարատոր պայմաններում ստացված արդյունքները: Վերջին տարիներին մեծ դեր ունեցավ արյան շիճուկում իմունոգլոբինների քանակական չափման «ոսկե ստանդարտի» (ImmunoCAP) ներդրումը, ինչը նոր էջ բացեց Հայաստանի ալերգոլոգիայի մեջ, թույլ տալով թևակոխել մոլեկուլյար ալերգոլոգիայի դարաշրջան: Սա անհատականացված  և խիստ ճշգրիտ մեթոդ է: 

Ինչպես գիտենք, ալերգիաների 80% դեպքերը միջնորդվում են իմունոգլոբին E-ով, այսինքն ամեն ալերգենի հետ շփումից հետո արտադրվում է խիստ յուրահատուկ իմունոգլոբուլին E ընդդեմ տվյալ ալերգենի։ ImmunoCAP–ի միջոցով կարելի է հատնաբերել սպեցիֆիկ իմունոգլոբինները և փաստել, որ խնդիրն առաջացել է տվյալ ալերգենից` այսինքն գտնել պատճառը: Ընդ որում, եթե նախկինում եղած մեթոդներն ինչ-որ չափով լուծում էին տվյալ խնդիրը, այժմ մենք հնարավորություն ենք ստանում էլ ավելի առաջ գնալ և հստակ հասկանալ ալերգենի որ կոմպոնենտի (մոլեկուլի) հանդեպ է արտադրվել իմունոգլոբուլինը, ինչն ունի հսկայական նշանակություն պատճառագիտության և հետագա բուժման մեջ։

Դեղ ու դարման՝ ալերգիայի դեմ

Դեղորայքները բազմազան են, բայց կարելի է խմբավորել:  Պացիենտների մեծ մասը դեղերի մասին պատկերացում ունի ոչ թե մասնագետի, այլ դեղատների միջոցով: Սխալ բուժման և ինքնաբուժության հետևանքով օրգանիզմը կարող է սովորել այդ պրեպարատներին և դրանք, լավագույն դեպքում կարող են անարդյունավետ դառնալ, այնպես, ինչպես անտիբիոտիկներով ինքնուրույն «բուժվելու» դեպքում: 

Նկատվում է նաև չապացուցված արդյունավետությամբ դեղամիջոցների կիրառում: Դրանցից մեկը բոլոր ալերգիկներին հայտնի նատրիումի թիոսուլֆատն է, որը զարգացած երկրների դեղամիջոցների ցանկում նույնիսկ ներառված չէ. այն կիրառելի է միայն որոշ թունավորումների ժամանակ և բացարաձակ ոչ մի ցուցում չունի ալերգիաների դեպքում կիրառման համար: Ըստ հիպոթեզի՝ այն պետք է օրգանիզմից դուրս հաներ ալերգեններն ու օգներ լյարդի նյութափոխանակության կարգավորմանը, բայց, բնականաբար, դա չի կարելի համարել ալերգիա բուժող դեղամիջոց՝ անկախ կիրառումից: Ցավոք սրտի, այն նշանակվում է նաև բժիշկների կողմից:

Հոմեոպաթիան՝ ընդդեմ ալերգիայի

Շատ կուզենայի ավելորդ համարել հոմեոպաթիկ պրեպարատների կիրառմանն անդրադառնալը, սակայն ահագնացող մասշտաբները թույլ չեն տալիս անտեսել նման թյուրիմացության օգտագործումը բժշկական նպատակներով։ Այդ իսկ պատճառով պետք է լրացուցիչ անգամ հորդորել, որ քաղաքացիները չդիմեն անհայտ ծագման կեղծ գիտական մեթոդների, անպայմանորեն պահանջեն առաջարկվող «դեղորայքի» մասին տեղեկատվություն (ինչ է պարունակում, ինչ քանակությամբ, որտեղ է փորձաքննվել, ով է արտադրել, ինչ հետազոտություններ կան այդ միջոցի օգտագործման մասին): 

Ցավոք քիչ չեն դեպքերը, երբ հոմեոպաթների, հեքիմների ու այլ ոչ մասնագետների կողմից կատարված միջամտություններից հետո հիմնական խնդրի լուծմանը զուգահեռ ստիպված ենք լուծել նաև առաջացած բարդությունները ։ 

Ալերգիա` ծառ ու ծաղկից 

Տարածված կարծիք կա, որ սեզոնային ալերգիաների մեծամասնությունը պայմանավորված է բարդու մանրախավով (пух), և սա կարելի է անվանել №1 «սեզոնային» միֆը։ Բանն այն է, որ բարդու մանրախավն իրենից ներկայացնում է բարդու սերմերը` պարուրված մանր թելիկներով, որոնք կազմված են ցելյուլոզայից և, հետևաբար, չունենալով սպիտակուցային ծագում, չեն կարող առաջացնել ալերգիա, սակայն մանրաթելերը կարող են դառնալ «թակարդ» այլ ծաղկափոշիների համար, որոնք խճճվելով դրանց մեջ տարածվում են և զգայուն մարդկանց մոտ առաջացնում խնդիրներ։ Այսինքն, բարդու մանրախավի մեջ կարող է լինել նույն պահին ծաղկող ծանկացած բույսի ծաղկափոշի։ Իսկ բուն բարդու ծաղկափոշին տարածվում է սովորաբար գարնան սկզբին` մարտի առաջին շաբաթներին, եթե տվյալ տարվա կլիման համապատասխանում է նորմային։

Իմունիտետ և ալերգիա

Ալերգիաները իմուն համակարգի աշխատանքի արտացոլանքն են: Նախ, ալերգոլոգիան իմունոլոգիայի մի ճյուղն է, բացի դրանից ալերգոլոգիայի ամբողջ հիմքն իմուն համակարգի ուսումնասիրությունն է: Այստեղ խնդիրը ոչ թե իմուն համակարգի  ուժեղ կամ թույլ լինելու հարցն է, ինչպես շատ հաճախ կարծում են մարդիկ, այլ ճիշտ ռեգուլյացիայի խնդիրը: 

Բոլոր առողջ մարդկանց մոտ իմուն համակարգը  ճանաչում է այդ նյութերն (ալերգենները) ու ձևավորում պատասխան, որը  ոչ մի կերպ չի դրսևորվում: Ալերգիկ մարդկանց մոտ համաչափությունը շեղվում է հակառակ ուղղությամբ, և սկսում են արտադրվել E դասի իմունագլոբունին կոչված հակամարմինները: Դրանք ամրանում են պարարտ բջիջների վրա և երկրորդ անգամ, երբ նույն ալերգենը թափանցում է օրգանիզմ, միանում է  արդեն ամրացած երկու իմունագլոբունին E-երին և մեկնարկում բջիջների դեգրանուլյացիան`կենսաբանորեն ակտիվ նյութերի ձերբազատումը: Հենց սա էլ ընկած է ալերգիկ բորբոքման ախտաբանության հիմքում:

Տնային պայմաններում «բարձրացնել իմունիտետը» 

Իմունիտետի հետ խաղերը բավականին վտանգավոր ավարտ կարող են ունենալ: Չնայած, որ ժողովրդի մեջ տարածված  միջոցների մեծ մասը իմուն համակարգի վրա չի ազդում. բայց միևնույն է, որոշ դեպքերում հնարավոր է դառնում առաջացնել որոշակի տեղաշարժեր, որոնք կարող են արտահայտվել աուտոիմուն ռեակցիաներով և ալերգիաներով։ Սակայն, ալերգիան ոչ թե բարձր կամ ցածր իմունիտետի արդյունք է, այլ օրգանիզմի շեղված պատասխան ռեակցիան:

Տուն, տեղ,  ալերգիա

Բնակության վարը ևս ալերգիկ երևույթների պատճառ կարող է դառնալ: Օրինակ, ըստ որոշ հետազոտությունների՝ էմիգրանտներն ավելի հաճախ են ալերգիաներ ունենում, քան տեղաբնակները: Սա պայմանավորված է  նրանով, որ մարդը, երկար ժամանակ մի տեղում ապրելով, սովորում է կլիմային, բույսերին, սննդին և ալերգիկ դրսևորումները գենետիկորեն պակասում են: Ըստ մեկ այլ հիպոթեզի՝ մարդկանց ակտիվ տեղաշարժը 21–րդ դարում հանգեցրեց նաև ալեգիաների հաճախացմանը: Մյուս կողմից էլ այս փաստը  նպաստում է բժշկական  տուրիզմի զարգացմանը: Որոշ բույսեր բնորոշ են կոնկրետ տարածաշրջանի և անհրաժեշտություն է առաջանում բույսերի ծաղկման շրջանում լքել այդ տարածքները: Դա, իհարկե, ժամանակավոր միջոց է, բայց երբեմն՝ խիստ արդյունավետ։ Այդ առումով Հայաստանն ունի մեծ առավելություն, որը պետք է կարողանանք օգտագործել։ 

Պետք է հստակ իմանալ՝ ինչից ես փախչում և ուր ես գնում. փոքր տարածքով երկրներոմ, ներգնա տուրզմով ալերգիայից փրկվել չի հաջողվի:

Ալերգիան դուրս հանել օրգանիզմից

Տարածված կարծիք կա, որ ալերգիան կարելի է արյան միջից հանել: Ալերգիան ինֆեկցիա չէ, այն օրգանիզմից հանել չենք կարող: Կարևոր է հասկանալ, որ խնդիրն ալերգենի մեջ չէ, այլ օրգանիզմի: Ալերգենները մարդու մարմնի մեջ չեն բնակվում։ Նորից կրկնելով նույն միտքը ,ստիպված ենք ասել, որ  ալերգիան օրգանիզմի պատասխանն է այն նյութերին, որոնք մյուսների համար անվտանգ են: 

Ժառանգական ալերգիա

Ալերգիայի համար հստակ գեներ չկան, բայց ժառանգական    նախատրամադրվածությունը մեծ դեր է խաղում: Եթե ծնողներից երկուսն ալերգիկ են, ապա 50 տոկոս հավանականությամբ երեխան ալերգիկ է լինելու: Եթե ծնողներից մեկն է ալերգիկ, ապա հավանականությունը 25 տոկոս է: Պետք է նաև նշել, որ երեխաներին փոխանցվում է խնդիրը, ոչ թե  դրա դրսևորումը: Ծնողը կարող է սնդային ալերգիա ունենալ, երեխան՝ այլ տիպի: Ապագա երեխայի ալերգիկ նախատրամադրվածությունը ճշտելու տարբերակներ, սակայն, գոյություն չունեն:


Հեղինակներ՝ Անահիտ Հակոբյան
Ամալյա Գրիգորյան
Աղբյուր՝ Doctors.am