Մայիսին Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ բժիշկների եւ գիտնականների տարվա կարեւորագույն բժշկագիտական միջոցառմանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովին։
 

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն (SIOP Asia 2023 XV Congress) այս տարի անց է կացվելու Հայաստանում մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն ու կներկայացվեն այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման եւ բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային եւ վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական եւ արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, կլինեն առանձին սիմպոզիումներ եւ սեմինար-քննարկումներ արդի ամենակարեւոր ուղղությունների վերաբերյալ։

Ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը հանդիսացող կոնգրեսը տարվա կարեւորագույն բժշկագիտական իրադարձություններից է, որի ընթացքում հարյուրավոր ականավոր բժիշկներ եւ գիտնականներ կայցելեն Հայաստան, կծանոթանան Հայաստանի բժշկագիտությանը, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ կձեւավորի տարաբնույթ համագործակցությունների հաստատման եւ զարգացման համար։

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական եւ դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից:
Այս առաքելությանն է նվիրված լինելու նաեւ 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների եւ գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից եւ այլ երկրներից։

Հիմնական ծրագրի նախնական տարբերակն արդեն իսկ տեղադրված է համաժողովի կայքում, ուր առկա է նաեւ այլ կարեւոր տեղեկատվություն (նախնական) անցկացվելիք լայնամասշտաբ միջոցառումների վերաբերյալ`https://www.siopasia2023.am/ ։ 

Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, եւ Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։
Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորն է Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ)։
Գործընկերներն են՝ Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտը, ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC)։
Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի մասին տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից՝
https://www.facebook.com/cancerarmenia
https://www.facebook.com/hematologycenterarmenia

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին
(SIOP Asia)
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն): SIOP Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման եւ բուժման բարելավմանը:
Այս տարի ամենամյա SIOP Asia֊ի 15֊րդ համագումարը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-21-ը
Երեւանում, Հայաստան։
https://siop-online.org/sp_cb/asia/

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ
Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը եւ խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։
Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաեւ կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների եւ ծնողների ներգրավումը, ինչպես նաեւ ուսուցման եւ հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում եւ հասարակություններում` ուղզված երեխաների վիճակի բարելավմանը։ SIOP-ի տեսլականն է` «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»: SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում։
https://siop-congress.org/about-siop/