Ինչպե՞ս է ծխելը ազդում մաշկային հիվանդությունների վրա

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 6,5 վայրկյանում 1 մարդ մահանում է սիգարետ ծխելով պայմանավորված հիվանդությունից։ Քաղցկեղի առաջացման և ծխելու միջև կապը հայտնաբերվել է 1964 թվականին: Այդ ժամանակից ի վեր ծխելու հետ կապված հիվանդությունների ցանկը միայն աճում է։ Պարզվում է ծխելը ազդում է նաև արտաքին տեսքի վրա, առաջացնելով մաշկի հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր խոսել ենք բժիշկ-մաշկաբան, տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանի հետ։

 

Ի՞նչով է ծխելը վնասկար հենց մաշկաբանական տեսանկյունից։

Ինչպես գիտենք՝ ծխելու հետևանքով արյունատար անոթները նեղանում են, որի հետևանքով մաշկը չի ստանում բավարար քանակով սննդարար նյութեր, վիտամիններ, միկրոէլեմնտներ և, իհարկե, թթվածին։ Թթվածնաքաղցի, թերսնուցման և ազատ ռադիկալների վնասող ազդեցության հետևանքով դիտվում է մաշկի վերափոխման և վերականգնման ունակությունների անկում։ Քայքայվում են էլաստինային, կոլագենային թելիկները՝ բերելով մաշկի առաձգականության կորստի։ Մաշկը թուլանում է, կախվում, բարակում և չորանում։ Ծխողների մոտ վաղ տարիքում առաջանում են հարակնային, շուրջբերանային, քիթ – շրթունքային հատվածների կնճիռներ։ Մաշկը ձեռք է բերում դեղնաշագանակագույն երանգ։ Մաշկի գույնը դառնում է անհամասեռ, առաջանում են գերգունակային բծեր։ Մազարմատներում և եղունգների մատրիքսում արյան շրջանառության խանգարման, թթվածնաքաղցի, ազատ ռադիկալների վնասակար ազդեցության հետևանքով առաջացանում են մազաթափություն, մազի երանգի փոփոխություն և օնիխոդիստրոֆիաներ։

Մաշկային հիվանդությունները կարող են սրվել և բարդանալ ծխելու հետևանքով։

Ծխող մարդկանց մոտ կրկնապատկվում է մաշկի քաղցկեղի (մելանոմա, տափակ բջջային քաղցկեղ) ռիսկը, քանի որ սիգարետի ծխի մեջ գտնվում են բազմաթիվ վնասակար և կանցերոգեն նյութեր։ Բարձրանում է նաև մաշկի և լորձաթաղանթների նախաքաղցկեղային նորագոյացությունների առաջացման և չարորակացման հավանականությունը։ Ծխելը մի քանի անգամ մեծացնում է ուռուցքների արագ մետաստազավորումը։ Բացի քաղցկեղածին ազդեցությունից, սիգարետ ծխելը բացասաբար է ազդում ցանկացած խրոնիկ և սուր մաշկախտների (պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ, սեբորեա և այլն) ընթացքի վրա։ Մաշկախտներն ավելի ծանր են ընթանում, առավել դժվար են ենթարկվում բուժման, հաճախ են կրկնվում։

Ի՞նչպես կարելի է նվազեցնել նման հիվանդությունների առաջացման ռիսկը։

Որպեսզի ունենաք գեղեցիկ, առողջ մաշկ և այն երկար ուրախացնի ձեզ իր երիտասարդ և թարմ տեսքով, պետք է հրաժարվեք ծխելու վատ սովորությունից։ Իսկ եթե հոգեբանական կախվածությունը մեծ է և չեք կարողանում հրաժարվել ծխելուց, ապա ցանկալի է անցնել ավելի քիչ վնասակար այլընտրանքային տարբերակների, օրինակ նիկոտինային մաստակների, սպեղանիների կամ ծխախոտի տաքացման համակարգերի, որոնք ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նվազեցնում են հիվանդությունների առաջացման ռիսկերը։