Կրծքագեղձի տարբեր գոյացությունները գնահատելու համար՝ սոնոգրաֆիան արդյունավետ ու գրագետ ճառագայթային ախտորոշման եղանակ է: Սովորաբար, գոյացությունների 80 տոկոսը վտանգավոր չեն և ունեն միայն հսկման կարիք: Կրծքագեղձի գոյացությունների առաջացման պատճառները հայտնի չեն, ենթադրվում է, որ հորմոնալ փոփոխությունները որոշակի դեր ունեն այդ հարցում:
Դա ֆիբրոզ հյուսվածքի ու բազմաթիվ փոքր կիստաների առաջացումն է մեծացած կաթնագեղձերում: Հանդիպում է գրեթե կանանց 50 տոկոսի մոտ, հատկապես 20-ից 50 տարեկան հասակում: Սա արտահայտվում է կրծքերում ընդհանուր ցավի զգացումով, շոշափելիս փոքր կիստոզ գոյացություններով, հնարավոր է նաև ուռածության զգացում կրծքերում, որոշ դեպքերում՝ մուգ կանաչ արտադրություն պտուկներից: Կիստայի չափերը փոփոխական են՝ լինում են 1 սմ-ից պակաս: Ուռուցքային պրոցեսի առկայությունը ժխտելու համար անհրաժեշտ է կատարել սոնոգրաֆիա: Կիստայի առկայության դեպքում, եթե նկատվում է չափի փոփոխություն՝ 1 սմ-ից ավելի, ապա խորհուրդ է տրվում կատարել բիոպսիա: Հատկանաշական է, որ այս գանգատներն ի հայտ են գալիս դաշտանից առաջ, իսկ դաշտանից հետո դրանք թեթևանում են: Կանանց խորհուրդ է տրվում խուսափել սթրեսներից, նվազեցնել սուրճի և աղի կիրառումը, սնվել բանջարեղենով ու մրգերով, սահմանափակել ճարպային կերակուրները:
Հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնք հիմնականում են տարածված են 35-ից 50 տարեկան կանանց շրջանում: Երբ կիստաներն արագ մեծանում են, լինում է ցավի զգացում: Կիստաները կարող են վերանալ ինքնուրույն կամ բժշկական միջամտությամբ: Սոնոգրաֆիկ հետազոտությունը բավարար է կիստաների հայտնաբերման համար: Այս հետազոտության միջոցով կարող ենք տեսնել հեղուկ պարունակությունը, հարթ եզրերն ու էխոգեն ստվերը: Այն որոշում է նաև կիստայի պարզ կամ բարդ լինելը, և տարբերակում՝ տվյալ կիստաները չարորակ ուռուցքային գոյացություններից:
Կաթնածորանների պապիլոման հանդիպում է հատկապես 35-ից 50 տարեկան կանանց մոտ և արտահայտվում է պտուկներից արյան արտազատմամբ: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս ծորանների լայնացումն ու էպիթելյալ գոյացության առկայությունը ծորանների մեջ:
Չարորոակ ուռուցքներն առաջանում են ցանկացած տարիքում: Դրանք հիմնականում անցավ, պինդ ու անշարժ գոյացություններ են: Արտահայտվում են արյան արտազատուկով պտուկներց ու կրծքի, պտուկի փոփոխություններով (ներքաշում, մեծացում, քոր, կարմրություն): Ճառագայթային հետազոտությունը ցույց է տալիս գոյացության պինդ կառուցվածքն ու անհարթ եզրերը, գունավոր դոպլեր հոսքը, ուռուցքի ուղղահայաց դիրքը: Սոնոգրաֆիայի միջոցով հսկվում է ուռուցքի ընթացքը, չափերն ու գնահատում ենք լիմֆատիկ հանգույցների ներգրավումը չարորակ պրոցեսի մեջ:
Սոնոգրաֆիայի առավելությունները կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման հարցում՝
• ճառագայթում չկա, արագ է և անցավ, ցուցված է նաև հղիներին,
• տարբերակում է չարորակ ուռուցքը բարորակ գոյացություններից ու կիստաներից,
• թույլ է տալիս հսկել գոյացության չափերը,
• ժամանակին ախտորոշելու դեպքում՝ կարելի է խուսափել բարդ վիրահատական միջամտություններից,
• գունավոր դոպլեր հատկության շնորհիվ՝ հնարավ է հայտնբերել գունավոր հոսքը, այսինքն՝ արյան սնուցումը չարորակ ուռուցքի կենտրոնական մասերում,
• ավելի ճշգրիտ է գոյացությունները հայտնբերում 30 տարեկանից ցածր երիտասարդ կանանց մոտ, որոնց կրծքագեղձի հյուսվածքը շատ խիտ է,
• երբեմն ախտորոշում է այն գոյացությունները, որոնք չեն հայտնաբերվում մամոգրաֆիայի միջոցով, հատկապես այն դեպքերում, երբ ուռուցքներ ու կալսիֆիկատներ չկան, ինչպիսին է օրինակ՝ լոբուլյար կարցինոմա կոչվող ուռուցքը,
• ՄՌՏ-ի նման հայտնբերում է մետաստազային ավշային հանգույցները թևատակում, որը խոսում է չարորակ ուռուցքի տարածման մասին:
Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
30Նոյեմբերի, 2017