Ծնվելուց հետո առաջին ժամերին մեզ հայտնի սպորտային դոպինգ-հորմոնի՝ էրիթրոպոետինի (ոսկրածուծում կարմիր մարմնիկների գոյացումը խթանող հորմոն) երեք չափաբաժնի ներերակային ներարկումը նշանակալի իջեցնում է անհաս երեխայի գլխուղեղի ախտահարման ռիսկը: Այս արդյունքներն են ցույց տվել Ժնևի համալսարանի (Շվեյցարիա) բժշկական ֆակուլտետի մասնագետների խմբի կողմից կատարված հետազոտությունը: Աշխատանքը հրատարակվել է Journal of American Medical Association (JAMA) ամսագրում:
 
Եվրոպայում ամեն տարի նախքան հղիության 32-րդ շաբաթը լույս աշխարհ են գալիս ավելի քան 400 հազար երեխաներ (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում նման երեխաների թիվը տարեկան կազմում է մոտ 2.6 միլիոն): Անհասությունը հանգեցնում է առողջության երկարատև բացասական հետևանքների, ներառյալ՝ նյարդա-հոգեկան զարգացման հապաղումը գլխուղեղի սպիտակ նյութի անհասության հետևանքով, որը կարգավորում է նյարդային հաղորդականության տարածումը: Ժամանակակից ոչ ինվազիվ մեթոդները, օրինակ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, թույլ են տալիս ամենասկզբից հետևել նորածնի գլխուղեղի ախտահարումը:
 
Մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոետինը՝ էրիթրոցիտների զարգացումը խթանող ֆիզիոլոգիական խթանիչը, լայնորեն կիրառվում է անեմիայի բուժման ժամանակ, անհասների մոտ՝ նվազեցնում է արյան փոխներարկման անհրաժեշտությունը, և մի շարք սպորտաձևերում հայտնի է որպես դոպինգ: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոետինն ունի նաև նյարդապաշտպան էֆեկտ:
 
Պրոֆեսոր Պետրա Հյուփի գլխավորած խմբի գիտնականները՝ ուսումնասիրելով անհաս նորածինների նյարդային համակարգի վրա մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոետինի ազդեցությունը՝ վերլուծել են 165 երեխայի գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները: Նրանցից 77-ը ծնվելուց հետո 42 ժամվա ընթացքում ստացել են ներերակային ներարկմամբ հորմոնի երեք դեղաչափ, իսկ մնացածին արվել է պլացեբո ներարկում: Արդյունքում հաստատվել է, որ այն խմբում, որտեղ ստացել են բուժում, ավելի հազվադեպ է նկատվել սպիտակ նյութի ախտահարում, ինչպես նաև ֆունկցիայի խանգարում: «Մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոետինի բարենպաստ ազդեցությունն ուղեղի վրա առաջին անգամ է, որ այսքան ակնհայտ է դրսևորվում»,- նշել է աշխատանքի հեղինակներից Ռուսիա Լեհտերը:
 
Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել են 2005-2012 թվականներին Շվեյցարիայում ծնված 495 անհաս երեխա: Հյուփիի խմբի աշխատանքի երկրորդ և գլխավոր մասը նպատակաուղղվելու է երկու և հինգ տարեկան երեխաների նեյրոկոգնիտիվ զարգացմանը: Ինչպես բացատրել է Հյուփին, եթե բացահայտված դրական էֆեկտը հաստատվի, ապա անհաս երեխաների կյանքի առաջին ժամերին մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոետինի կիրառումը կարող է պաշտպանել գլխուղեղի ախտահարումից և երկարատև բացասական հետևանքներից:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru