Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիր

Արդեն մեկ տարուց ավելի է (2015թ. հունվարի 1), ինչ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է և հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, ինչպես նաև բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում հիվանդի կյանքը փրկել` ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելու միջոցով: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը հանրության կողմից ստացել է «կյանք փրկող ծրագիր» անվանումը:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: Հատկանշական է այն հանգամանքը, որ «կյանք փրկող» այս ծրագրում ընդգրկված են նաև այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության արտոնություն ունեցող որևէ սոցիալական խմբում:

Հայաստանի Հանրապետությունում սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները նախկինում իրականացվում էին`

  • բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց,
  • սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների դեպքում:

Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500 մլն դրամը (մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազար դրամ կիրառելու պայմաններում) հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի,  նախնական հաշվարկների համաձայն և միջինացված տվյալներով, վիրահատել 660-690 անձանց:

Ծրագրում ընդգրկված են այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սիրտ-անոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում, և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։

Նշենք, որ ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում իրականացվող բժշկական ծառայության որակին և դրա համապատասխանությանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին։

Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական 10 հաստատություններում («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», Գյումրիի, Գորիսի բժշկական կենտրոններ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, «Արամյանց բժշկական կենտրոն», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ») բժշկական օգնության և սպասարկման որակը և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում։

Հիշեցնենք, որ սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրման ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից։

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյան

     -Ծրագիրը ինքս համարում եմ լուրջ ձեռքբերում ինչպես ՀՀ առողջապահության ոլորտում, այնպես էլ մեր ազգաբնակչության համար սոցիալական խնդրի լուծման գործում, քանի որ սա ծայրահեղ վիճակում հայտված մարդկանց փրկության միջոց է և  չի տարբերակում շահառուների սոցիալական վիճակը: Անկախ սեռից, տարիքից և սոցիալական ապահովվածությունից, ծրագրից կարող են օգտվել բոլոր այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բժշկական ցուցում: Ծրագրի շրջանակում իրականացվող վիրահատությունները հնարավորություն են տալիս սահմանափակել ինֆարկտի օջախը, խուսափել շատ ու շատ բարդություններից և ոչ միայն փրկել, այլ նաև նշանակալիորեն երկարացնել մարդու կյանքը:

Ծրագրի կարևորագույն նպատակն է հնարավորինս սեղմ ժամանակահատվածում կարողանալ բացել փակված անոթը, որը սրտամկանի ինֆարկտի պատճառն է, վերականգնել արյան հոսքը սրտամկանի տվյալ հատվածում: Այս իմաստով խիստ կարևոր նշանակություն ունի ժամանակահատվածը՝ ինֆարկտի պահից մինչև անոթի բացման պահը: Ժամանակակից սրտաբանության չափանիշների համաձայն՝ ընդունված է անոթը բացել առաջին 90-120 րոպեների ընթացքում, առավելագույնը՝ 12 ժամում: Եվ հենց օպերատիվությունն ապահովելու նպատակով շատ կարևոր է ունենալ տարածքային ընդգրկուն քարտեզ: Հայաստանի ամենահեռավոր կետերում՝ հյուսիսից մինչև հարավ, մենք ունենք համապատասխան կենտրոններ (Գորիսի և Գյումրիի բժշկական կենտրոնները), որտեղ կարելի է իրականացնել սրտի անհետաձգելի վիրահատություններ: Երևանի և հարակից մարզերի բնակիչները սպասարկվում են մայրաքաղաքի բուժհաստատություններում:

Ծրագրի իրականացման գործում կարևորում եմ նաև շտապօգնության ծառայության դերը՝ ինչպես քաղաքային, մասնավոր, այնպես էլ՝ մարզային: Այս դեպքում կարևոր է հատկապես, որ կանչի մեկնած բժիշկը կարողանա ճիշտ ախտորոշել ST- էլեվացիայով սրտամկանի ինֆարկտը, ցուցաբերել առաջին բուժօգնությունը և հնարավորինս սեղմ ժամանակահատվածում հիվանդին տեղափոխել կլինիկա:

«Stent for life» («Ստենտ՝ հանուն առողջության») ծրագիրը աշխարհի զարգացած երկրներում իրականացվող և անգնահատելի արդյունավետություն ունեցող ծրագիր է, և այսօր ուրախ եմ փաստել, որ նախաձեռնությունը մեր երկրում ևս մեծ արձագանք և հաջողություն գրանցեց:  Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանում սրտամկանի ինֆարկտից մահացությունը (4-5% հիվանդանոցային մահացություն) այսօր  արդեն նվազել և հասել է Արևմտյան եվրոպայի ամենազարգացած երկրների ցուցանիշներին: Մահացության դեպքերի նվազման հետ մեկտեղ նվազել է նաև հաշմանդամության հանգեցնելու դեպքերի թիվը: Այդ մարդկանցից շատերը վիրահատությունից հետո նույնիսկ վերադառնում են աշխատանքի, ապրում լիարժեք կյանքով:

Ամփոփելով 2015 թվականի արդյունքները՝ պետք է ասեմ, որ ծրագիրն արդարացրեց բոլորիս սպասումները. վիրահատվեցին ավելի քան 1300 հիվանդներ, փրկվեցին բազմաթիվ կյանքեր: Նախատեսվում է, որ 2016 թվականին սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը կլինի շարունակական, և նույն հաջողությամբ կշարունակենք աշխատանքը՝ ձգտելով ապագայում ներգրավվել նաև համաեվրոպական «Stent for life» ծրագրում»:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
Կազմեց Ամալյա Գրիգորյանը