Մայիսի 15-ին Diagnostica Stago ընկերությունը Հայաստանում իր պաշտոնական դիստրիբյուտոր «Կոնցեռն-էներգոմաշ» ընկերության հետ համատեղ՝ Երևանում անցկացրեց կոնֆերանս, որին ներկա էին լաբորատոր ախտորշման մասնագետներ, սրտաբաններ, անոթաբաններ, գինեկոլոգներ և այլ մասնագիտացմամբ բժիշկներ:

Diagnostica Stago-ն ֆրանսիական ընկերություն է, որն արտադրում է բժշկական լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ՝ հեմոստազի հետազոտություններ անցկացնելու նպատակով: Ընկերության ներկայացուցիչները կոնֆերանսի առաջին հատվածում ներկայացրեցին Diagnostica Stago-ի արտադրանքը, մասնավորապես՝ Start Max կիսաավտոմատ փոքր սարքը եւ լրիվ ավտոմատիզացված STA Compact Max-ը:

Doctors.am-ի հետ զրույցում Diagnostica Stago ընկերության տարածքային վաճառքի մենեջեր Գոտիե Ստինկոն նշեց, որ իրենց համար կարևոր է Հայաստանում գտնվելն ու հայ մասնագետներին սարքավորումները ներկայացնելը.

«Diagnostica Stago-ն հանդիսանում է եզակի ընկերություն՝ արտադրելով լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, որոնց չափման մեթոդը վիսկոզոմետրիան է և էլեկտրո-մեխանիկական դետեկցիան (VBDS) : Ինչո՞ւ է մեզ հետաքրքիր աշխատել Հայաստանում. Որովհետև այստեղ այս շուկան գնալով զարգանում է, և նման սարքավորումների պահանջարկը մեծանում է: Ուրախ ենք ցուցաբերել մեր օժանդակությունը՝ հայ մասնագետներին ներկայացնելով մեր նորարարությունները: Շատ կարևոր է շփվել հաճախորդների հետ, լսել նրանց կարծիքները. դրանք թույլ են տալիս մեզ ավելի կատարելագործվել»,- շեշտեց նա:


 
«Կոնցեռն-էներգոմաշ» ընկերության կլինիկական լաբորատոր սարքերի բաժնի ղեկավար Վարուժան Աբովյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Diagnostica Stago-ն իսկապես իր տեսակով եզակի է, որի առաջին կիսաավտոմատ սարքը Հայաստանում տեղադրվել է ԵՊԲՀ «Մուրացան» լաբորատորիայում՝ 2008 թվականին: Նրա  խոսքով՝ վերջին մի քանի տարում Հայաստանում նմանատիպ սարքավորումների ավտոմատիզացման միտում է նկատվում: Հարցին, թե որոնք են Diagnostica Stago ընկերության արտադրանքի առավելությունները, Վ. Աբովյանը պատասխանեց.
 
«Առավելություններից ամենաառաջինն ու կարևորը՝ չափման և արդյունքների ճշգրտություն: Ավելի ճշգրիտ, քան լաբորատոր բժշկի կողմից կատարվող ոչ ավտոմատիզացված մեթոդով արվող թեստերը:

Երկրորդը՝ նախաանալիտիկ խնդիրների բացառում, այսինքն՝ չկա մարդու անմիջական ազդեցություն, բացառված է մարդկային գործոնը:
 
Երրորդ՝ ժամանակի արդյունավետ օգտագործում, այսինքն՝ ավելի արագ պատասխան, ինչը թույլ կտա խնայել թե՛ բժշկի, թե՛ պացիենտի ժամանակը: Diagnostica Stago ընկերության սարքավորումները թույլ են տալիս մի քանի հիվանդի համար միևնույն ժամանակում կատարել մակարդելիության տարբեր թեստեր : 
 
Եվ, վերջապես, չորրորդ՝ ստանդարտիզացիա: Բոլոր Stago պլատֆորմներն օգտագործում են նույն չափման տեխնոլոգիաները: Դա նշանակում է, որ ավտոմատ սարքերի և կիսաավտոմատ սարքերի դեպքում կունենանք միևնույն որակը: Ինչո՞ւ է սա կարևոր. քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարեցտարի խստացնում է IVD (in vitro diagnostics) ախտորոշման սարքերի և թեստերի նկատմամբ պահանջները: Այդ պահանջներից է այն, որ տվյալ ընկերության սարքերով կատարված թեստերի պատասխանները պետք է համապատասխանեն հիվանդության կլինիկային, ինչի համար հիմք են հանդիսանում տվյալ սարքերով, ռեագենտներով և ծախսանյութերով կատարված բազմաթիվ կլինիկական փորձարկումները»: 

Մեզ հետաքրքեց նաեւ՝ արդյոք հայ մասնագետներն ունեն բավարար փորձ եւ գիտելիքներ՝ նման սարքավորումների հետ աշխատելու, ինչին ի պատասխան, Վարուժան Աբովյանը նշեց.

«Մեր ամենակարեւոր առաքելությունն է տալ գիտելիքներ, եւ այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ նման դասընթացներ, որակի հսկման թրեյնինգներ ենք անցկացնում՝ հրավիրելով մասնագետների, որոնք աշխատում են մեր սարքերով: Զինում ենք լաբորատոր մասնագետներին հեմոստազում առկա նոր պարամետրերի կիրառման գիտելիքներով, ուսուցանում ենք, թե ինչպես օգտագործել սարքերը, որպեսզի համապատասխանեն միջազգային ստանդարտներին»:
 
Կոնֆերանսի երկրորդ հատվածում հայ եւ արտասահմանցի մասնագետները հանդես եկան զեկույցներով: Մասնավորապես, լաբորատոր սարքավորումների մասնագետ Սիրին Շերիֆը ներկայացրեց դասախոսություն՝ «Ինչպիսի գործիքներ են առկա արյան մակարդելիության թեստերի նախաանալիտիկ խնդիրները կանխելու համար» թեմայով: Նա նաեւ ներկայացրեց Diagnostica Stago-ի առաջարկը՝ լաբորատորիաների խնդիրների լիարժեք լուծան հարցում:


 
Դոցենտ, բ.գ.թ., Վալդաս Բանիսը (Վիլնյուսի համալսարանի Բժշկական ֆակուլտետի Ֆիզիոլոգիայի, Մանրէաբանության եւ Բժշկական լաբորատորիայի ամբիոն) ընթերցեց երկու դասախոսություն՝ «Լաբորատորիաներում նախաանալիտիկ գործոնների ազդեցությունը արյան մակարդելիության թեստերի վրա եւ դրանց պահպանման կարեւորութունը առավել ճշգրիտ պատասխաններ ստանալու համար» եւ «Ուղիղ ազդեցության պերօրալ եւ այլ հակամակարդիչների մոնիթորինգը բուժման ընթացքում» թեմաներով, իսկ բ.գ.թ., Հեմոֆիլիայի եւ Թրոմբոֆիլիայի կենտրոնի պատասխանատու (ՀՀ ԱՆ «Ռ. Հ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն ՓԲԸ) Հեղինե Խաչատրյանի դասախոսությունը նվիրված էր «Թրոմբոֆիլիաներ. Հակամակարդիչների տեսակները, կիրառումը եւ մոնիթորինգը» թեմային:



Աղբյուրը՝ Doctors.am
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի