Քաղցր ըմպելիքների թվին ոչ միայն գազավորված հյութերն են պատկանում, այլեւ ցանկացած տեսակի հյութեր, որոնց մեջ շաքար կա: Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, թե դա ինչ տեսակի շաքար է՝ սովորական ռաֆինացված, որն օգտագործում ենք կենցաղում, թե գլյուկոզա, ֆրուկտոզա եւ այլ շաքարաներ, որոնք լայնորեն կիրառվում են արտադրության մեջ: Դրանք բոլորը բացասաբար են անդրադառնում մեր օրգանիզմի վրա:
Պաշտոնապես քաղցր է համարվում այն ընպելիքը, որի 100 մլ-ն 10-11 գ շաքար է պարունակում (մոտավորապես 2 թեյի գդալ):
Ինչպես արդեն նշեցինք, շաքարի տեսակը նշանակություն չունի, այսինքն, երբ դուք քամում եք թարմ մրգերը՝ հյութ ստանալու համար, դա նույնպես մեծ քանակությամբ շաքար է պարունակում, մասնավորապես՝ գլյուկոզա, ֆրուկտոզա եւ սախարոզա: Չնայած դրանց միանգամայն բնական լինելուն, ընկնելով օրգանիզմ, դրանք ազդում են նույն կերպ, ինչ կերպ որ ազդում են այն շաքարները, որոնք որպես հավելում են ավելացվում մեր կողմից կամ արտադրության ընթացքում:
Եվ չնայած սրան, բնական հյութերը, ֆրեշերը, սմուզիները հասարակության կողմից ընկալվում են որպես ոչ վնասակար հյութեր եւ չեն ասոցացվում գազավորված ըմպելիքների հետ: Միգուցե դա նրանից է, որ այդ հյութերը, բացի շաքարից, պարունակում են նաեւ անտիօքսիդանտներ, վիտամիններ եւ հանքանյութեր:
Դե ինչ, ինչպես ասում են՝ ընտրությունը ձերն է: