Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: 

«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության  նախարարության նախաձեռնությամբ  և  առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը: 

Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ  դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել է  0-18 տարեկանների շրջանում:  

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ: 160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ,  որոնցից  120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամանավորված մահվան դեպքեր չկան: 

«Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով  տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել  գարնանային արձակուրդները»,- ընդգծեց բանախոսը: 

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: 

Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:

 


ՀՀ Առողջապահության նախարարություն