Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է: Հարկավոր է լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար և ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:
Լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) Հնդկաստանում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:Շատ կարճ ժամանակում դիֆթերիայի տարածման ռիսկային խումբը նոր երկրներ են համալրել՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն և այլն:

 

Դիֆթերիան սուր բակտերիալ վարակ է, որը բնորոշվում է հարուցչի ներդրման տեղում ֆիբրինոզ փառերի առաջացմամբ, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով` պայմանավորված էկզոտոքսինի արյան մեջ ներթափացմամբ, ինչպես նաև վերջինիս արդյունքը հանդիսացող ինֆեկցիոն-տոքսիկ շոկով, միոկարդիտով, պոլինևրիտով և նեֆրոզով:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, անգամ փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարվելը:

Ախտանշաններ

  • Ցավ կոկորդում,

  • Հազ,

  • Բարձր ջերմություն,

  • Քթից արտադրություն,

  • Դժվարաշնչություն,

  • Բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում,

Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք, առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ անգամ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան:

«Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը: Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաև պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են»:

Դիֆթերիայի հարուցիչը կայուն է արտաքին միջավայրում, չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ և կարող է երկարատև պահպանվել վարակված առարկաների վրա: Խոնավության և լույսի պայմաններում վերջիններս արագ ինակտիվանում են: Ախտահանիչ լուծույթների ազդեցությունից ոչնչանում են 1-2 րոպեում, իսկ եռացնելիս անմիջապես:

Գոյություն ունեն հարուցչի տոքսիգեն և ոչ տոքսիգեն շտամներ: Մարդու համար ախտածին են համարվում այն շտամները, որոնք արտադրում են էկզոտոքսին: Բացի էկզոտոքսինից կորինեբակտերիաներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են մի շարք տոքսիկ բաղադրամասեր (նեյրամինիդազա, հիալոտոնիդազա, հեմոլիզին, նեկրոտիզացնող և դիֆուզ գործոններ), որոնք առաջացնում են շարակցական հյուսվածքի քայքայում (դիֆուզ գործոն):

Մուտքի դռներում, որոնք կարող է լինել բերանաըմպանի, քթի, կոկորդի, երբեմն` աչքի և սեռական օրգանների լորձաթաղանթը, ինչպես նաև վնասված մաշկը, վերքային և այրվածքային մակերեսները, շփաբորբերը, պորտային փոսը, հարուցիչը բազմանում է` արտադրելով էկզոտոքսին: Հիվանդության առաջացման համար կարևոր նշանակություն ունի հակատոքսիկ իմունիտետի լարվածությունը: Եթե օրգանիզմում հակատոքսինի խտությունը մեծ է` հիվանդություն չի առաջանում, այլ դիտվում է բակտերիակրություն:

Բարդություններ: Լինում են դիֆթերիայի յուրահատուկ և ոչ յուրահատուկ բարդության ձևեր: Յուրահատուկ բարդություններն առաջանում են դիֆթերիայի տոքսիկ ձևերի դեպքում: Դրանցից են միոկարդիտները, մոնո և պոլիներիտները, նեֆրոտիկ համախատանիշը:

Նեֆրոտիկ համախատանիշը: Այն զարգանում է հիվանդության սուր շրջանում և բնորոշվում մեզում ի հայտ եկող փոփոխություններով: Երիկամի ֆունկցիայի խանգարումները կլինիկորեն չեն դրսևորվում: Մեզում ի հայտ են գալիս մեծ քանակությամբ սպիտ, հիալինային և հատիկավոր գլանիկներ, լեյկոցիտներ և էրիթրոցիտներ: Ինտոքսիկացիայի նվազման հետ մեզի անալիզը նորմալանում է: Երիկամների տոքսիկ նեֆրոզը հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ազդակ է հնարավոր բարդությունների մասին:

Միոկարդիտներ: Դիֆթերիայի տոքսիկ և հիպերտոքսիկ ձևերի վաղ շրջանում սիրտ-անոթային համակարգի ախտահարումները պայմանավորված են անոթային անբավարարությամբ և սրտի տոքսիկ ախտահարմամբ (ՙինֆեկցիոն սրտի՚ համախատանիշ): Նման դեպքերում հիվանդները գունատ են,ցիանոտիկ երանգով, անոթազարկը` թույլ լեցունությամբ, թելանման, զարկերակային ճնշումն արագ ընկնում է: Հնարավոր է մահացու ելք` արագ վրա հասնող ինֆեկցիոն-տոքսիկ շոկի պատճառով:

Վաղ և ուշ պերիֆերիկ (ծայրամասային) պարալիչները դիֆթերիայի տիպիկ բարդություններից են: Վաղ պարալիչները ծագում են հիվանդության 2-րդ շաբաթում:Ախտահարվում են գանգուղեղային նյարդերը պարեզների, իսկ երբեմն էլ պարալիչների ձևով: Առավել հաճախակի է փափուկ քիմքի պարալիչը: Երեխան ուտելիս սկսում է խեղդվել, ձայնը դառնում է ռնգային, հեղուկ սնունդը թափվում է քթից: Նկատելի է քմային վարագույրի անշարժացումը և քմային ռեֆլեքսի բացակայությունը: Միակողմանի ախտահարաման ժամանակ լեզվակը թեքված է դեպի առողջ կողմը:

Դիֆթերիայի կանխարգելում

Հիվանդության կանխարգելման հիմնական ուղին պատվաստումն է:



Աղբյուրը՝ Doctors.am