Ինչ է վահանաձև գեղձի կիստան

Էնդոկրին խանգարումների շարքում վահանաձև գեղձի հանգույցներն (հանգուցավոր խպիպ) ամենատարածվածն են, գլխավորապես՝ յոդի պակասուրդային տարածաշրջաններում: Վահանաձև գեղձի հանգույցները բնորոշվում են գեղձի հյուսվածքի հավելյալ աճով, գեղձի ներսում մեկ կամ ավելի գոտիների կիստոզ կազմափոխմամբ (դեգեներացիա): Հանգույցները սովորաբար հայտնաբերվում են պատահաբար կամ այլ նպատակներով կատարված հետազոտությունների արդյունքում, օրինակ՝ վահանձև գեղձի ուլտրաձայնային կամ ռադիոիզոտոպային հետազոտության արդյունքում:

Վահանձև գեղձի հանգույցների բուժումը դեռևս վիճահարույց է. սակայն, այժմ հասանելի են ոչ վիրահատական՝ նվազագույն ինվազիվ բուժման եղանակներ, օրինակ՝ հանգույցների ռադիոհաճախական աբլացիա կամ պերկուտան էթանոլային ներարկում:

Ուլտրաձայնային ուղղորդմամբ պերկուտան էթանոլային ներարկման մեթոդն աշխարհում ավելի քան 10 տարի կիրառվում է միակ, տաք, թունավոր և անգամ սառը հանգույցների բուժման նպատակով: Սակայն, լավագույն բուժական արդյունքները գրանցվում են վահանձև գեղձի միակ կիստաների դեպքում: Մինչդեռ հանգույցների բուժման լավագույն մեթոդը ռադիոհաճախական աբլացիան է:

Ներկայումս ՊԷՆ մեթոդը կիրառվում է բարորակ, մեծաքանակ հեղուկ բաղադրիչով կիստոզ կամ խառը կիստոզ-կարծր բնույթի հանգույցների բուժման նպատակով: Պերկուտան էթանոլային ներարկումը բուժման խնայող, անվտանգ և ամբուլատոր կարգով իրականացվող մեթոդ է:

Ինչ է վահանաձև գեղձի կիստայի պերկուտան էթանոլային ներարկումը

Վահանաձև գեղձի պերկուտան էթանոլային ներարկումը՝ ՊԷՆ, վահանաձև գեղձի կիստոզ և խառը՝ կիստոզ-կարծր բնույթի բարորակ հանգույցների բուժման ոչ վիրահատական եղանակ է: Էթանոլի տեղային ներարկումն առաջացնում է վանաձև գեղձի կիստոզ հանգույցների ծավալի կրճատում՝ բջջային ջրազրկման (դեհիդրատացիա) և սպիտակուցային բնազրկման (դենատուրացիա) միջոցով, որոնք հանգեցնում են ռեակտիվ ֆիբրոզի զարգացման:

Ինչպես է կատարվում վահանաձև գեղձի կիստայի ՊԷՆ

Պերկուտան էթանոլային ներարկումը նվազագույն ինվազիվ միջամտություն է, կատարվում է ամբուլատոր կարգով, տեղային անզգայացման և ներերակային սեդացիայի պայմաններում: Ուղղորդվելով ուլտրաձայնային հետազոտության պատկերներով՝ ինտերվենցիոն ռադիոլոգը համապատասխան չափի ասեղով մուտք է գործում վահանաձև գեղձի հանգույց/կիստա:

Կիստայի պարագայում նախ կատարվում է պարունակության ասպիրացիա, այնուհետև ասեղի միջով ներարկվում է էթանոլ:

Հանգույցի դեպքում անմիջապես ներարկվում է էթանոլը, որի ազդեցության արդյունքում էլ կիստան կրճատվում է և անհետանում:

Վտանգները

Պերկուտան էթանոլային ներարկումը հիվանդների համար համեմատաբար անվտանգ, հանդուրժելի, արդյունավետ և մատչելի միջոց է: Միջամտությունից հետո հազվադեպ հանդիպող հիմնական կողմնակի դրսևորումներն են տեղային ցավը՝ ճառագայթումով դեպի ծնոտ և հետականջային շրջան, ձայնի անցողիկ խանգարումը, դեմքի կարմրումը, գլխապտույտը, մեկօրյա տենդը և հեմատոման (արյունակույտ):
 


Աղբյուրը՝ Irg.am