Ժամը, որը մարդը տեսնում է ժամացույցին, եւ ժամանակի ընկալման զգացողությունը միանգամայն տարբեր բաներ են: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնական Ադրիան Բեժանը:
Գիտնականը նշում է, որ ֆիզիկական ժամանակը կայուն է եւ չափելի, սակայն ժամանակի զգացողությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում:
Ժամանակի ընկալումն անընդհատ փոխում է՝ կախված մարդու տարիքից եւ նրանից, թե որքան է մարդը հանգստանում:
Ըստ Ադրիան Բեժանի՝ որքան մարդը մեծանում է, այնքան արագ է անցնում ժամանակը: Դրա հիմքում ընկած է այն, թե ինչպես է ուղեղը մշակում տեսողական պատկերները:
Տարիքի հետ մարդու մոտ տեղի է ունենում տեսողական պատկերների մշակման արագության փոփոխություն, որը պայմանավորված է տեսողության եւ ուղեղի հետ կատարվող փոփոխություններով: Հետագայում տեղի է ունենում նաեւ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհների փոփոխություն: Այս ամենը հանգեցնում է զգացողության, որ ժամանակն արագ է անցնում:
Այս փաստը կապված է աչքերի արագ շարժման հետ, որը տեղի է ունենում մեկ վայրկյանում մի քանի անգամ՝ միեւնույն ուղղությամբ: Այդ շարժումների արանքում ուղեղը մշակում է ստացված տեսողական ինֆորմացիան: Երեխաների մոտ ֆիկսացիայի այդ փուլերը կարճ են տեւեում, եւ նրանք ստանում են ավելի շատ պատկերներ, ինչի արդյունքում նրանց թվում է, որ ժամանակը դանդաղ է ընթանում: Տարիքի հետ պատկերների մշակման արագությունը դանդաղում է՝ առաջացնելով զգացողություն, որ ժամանակն արագ է անցնում:
Ոչ միայն մարդու տարիքը, այլեւ հոգնածությունը կարող է ազդել ժամանակի՝ արագ անցնելու զգացողության վրա: Հոգնած վիճակում ուղեղը փորձում է միաժամանակ տեսնել պատկերը եւ մշակել այն, բայց չի կարողանում արդյունավետ գործել:
Աղբյուրը՝ Doctors.am