ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։
Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը կազմում է 7209, նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հաշվառված է 2671 անձ, կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով՝ 4532 անձ և կոկաինի գործածման հետևանքով՝ 6 անձ։ Հաշվառված անձանցից 4166-ը 28-49 տարեկան են, 1446-ը՝ 50-64, 1450-ը` 19-27, 135-ը` 65 և բարձր տարիքի և 12-ը` մինչև 18 տարեկան:


Հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը։