Տագնապ, հուսալքություն, բարկություն, մեղքի զգացում, անզորություն, վախ՝ այս օրերին նման հույզեր ու ապրումներ ունենալը անխուսափելի է թվում։
Ի՞նչ անել հոգեպես կայուն վիճակում մնալու համար։
Կիսվում ենք Ձեզ հետ մի քանի կարևոր քայլերով՝ հույս ունենալով, որ դրանք կօգնեն Ձեզ։
Հետևե՛ք ինֆորմացիոն հոսքին, սակայն ամեն վայրկյան լրահոսը մի՛ թարմացրեք, քանի որ դա կարող է էլ ավելի մեծացնել տագնապն ու լարվածությունը։
Ընտրե՛ք Ձեզ համար վստահելի մի քանի ինֆորմացիոն աղբյուր և սահմանափակեք լուրերին հետևելու ժամանակը, օրինակ՝ դա կարող է լինել առավոտյան և երեկոյան։
Պահպանեք մտերիմների հետ կապը։ Եթե կան մարդիկ, որոնց հետ շփվելիս կարող եք կիսել Ձեր ապրումները և ստանալ աջակցություն, ապա անպայման արեք դա, քանի որ այդպես կունենաք ապահովության զգացում։
Ինքնախնամքը կարևոր է։ Առաջին հերթին, որքան հնարավոր է բավարարեք Ձեր կարիքները՝ քնել, սնվել, անել այնպիսի բաներ, որոնք թույլ կտան Ձեզ ավելի լավ զգալ՝ Ձեր նախասիրություններին համապատասխան։
Աջակցե՛ք մյուսներին։ Սա կարող է օգնել հաղթահարել անզորության զգացումը և վերագտնել կորցրած իմաստները։
Սակայն կարևոր հիշեցում՝ եթե այս պահին չունեք բավարար ռեսուրսներ մյուսներին օգտակար լինելու համար, ապա հոգ տարեք Ձեր մասին։
ֆիզիկական ակտիվություն։ Սովորական զբոսանք, յոգա, մարզասրահ հաճախել՝ այս ամենը սթրեսի և տագնապի դեմ լավագույն միջոցներից է։ Օրական նվազագույնը երեսուն րոպե ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ ազդեցություն կունենա հոգեկան առողջության վրա։
Դիմե՛ք հոգեբանի օգնությանը։ Եթե նկատում եք, որ սեփական ուժերն և ռեսուրսները չեն բավարարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար, ապա տրամաբանական է դիմել մասնագետի օգնությանը։
Բոլորիս մաղթում ենք ուժ և տոկունություն, իսկ ամենակարևորը՝ սեր մեր անձի և մյուսների հանդեպ։