Դեկտեմբերի 5-ին, «Հեռանկարային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, կայացավ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերի 30-ին և նպատակ ունի ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հասարակությանը լիարժեք և փաստարկված տեղեկատվություն տրամադրել:
«Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի շրջանակներում «Հեռանկարային զարգացման կենտրոնի» երիտասարդ թիմն իրականացրել է տեղեկատվական ակցիաներ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության 5 մարզերում՝ կազմակերպելով այցեր առևտրի կենտրոններ, իրականացնելով քննարկումներ ծխելու վնասակար ազդեցության վերաբերյալ:
Նախագծի գործընկեր «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» աջակցությամբ ստեղծվել է նաև վիճակագրություն մեր երկրում ծխախոտի օգտագործման և դրա մասին հասարակության իրազեկության մակարդակի վերաբերյալ, ինչը խիստ անհրաժեշտ է ծխելու վնասակար սովորության դեմ առավել համակարգված և թիրախային պայքար մղելու գործում:
1600 մարդկանց շրջանում արված հարցումները փաստում են, որ ՀՀ-ում ծխում է ամեն 3-րդ բնակիչը՝ տղամարդկանց 63.4, իսկ կանանց 9.3%-ը:
- Ցավոք, վերջին տարիներին ավելացել է ծխող կանանց թիվը: Ըստ մեր հարցումների՝ հայ կնոջ ծխելն անընդունելի է համարում հարցված մարդկանց շուրջ 62%-ը: Սա մեծամասամբ պայմանավորված է հասարակության մոտ կաղապարային ընկալումներով, քանի որ հարցվածների մեծ մասի կարծիքով` նորմալ է, երբ տղամարդը ծխում է,- ասում է «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի փորձագետ-սոցիոլոգ Անգելինա Մակարյանը:
Ծրագրի հիմնական առաքելությունն է հասարակության իրազեկումը հատկապես երկրորդային ծխի վնասակար ազդեցության մասին:
Պասիվ ծխելն առաջացնում է գրեթե նույն հիվանդությունները, ինչ ակտիվ ծխելը` շնչառական համակարգի ուռուցքներ, քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, վերին շնչուղիների բորբոքումներ, կոնյունկտիվիտ:
- Բացի սեփական առողջությունը վտանգելը, ծխողն այս կերպ խիստ վնաս է հասցնում նաև իր մտերիմների առողջությանը, սա , կարծում եմ, հանցանքի համարժեք է, հատկապես, երբ տուժողը երեխաներն են: Մեզ շատ կանայք են դիմում, ում ամուսինները չափազանց շատ են ծխում, և իրենք որևէ կերպ չեն կարողանում կանխել երևույթը: Պասիվ ծխելու հետևանքով, հատկապես երեխաների, դեռահասների մոտ առաջանում են շատ լուրջ խնդիրներ, և բացատրել ծնողին, որ իր երեխայի ասթմատիկ խնդիրները կամ լորձաթաղանթի անընդհատ գրգռվածությունը կապված է իր արարքի հետ, բավական բարդ է: Ծնողը, որպես երեխայի մոտ կրկնվող անգինաների, բորբոքումների պատճառ, երբեք չի դիտարկում իր ծխելու փաստը: Պասիվ ծխելու հետևանքով նաև ընկճվում է երեխայի իմուն համակարգը, - ասում է ծրագրի բժիշկ փորձագետ, թերապևտ Աննա Մարտիրոսյանը:
Ծխող մարդկանց մոտ, ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղծկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղծկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է , քան չծխող անձանց մոտ:
Ծխելը բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:
Մասնագետները հաշվարկել են, որ պասիվ ծխելու դեպքում, 8 ժամվա ընթացքում օրգանիզմին հասցվում է նույն վտանգը, ինչպես ակտիվ ծխելու դեպքում, եթե անձն ամեն 5 ժամը մեկ ծխի մեկ գլանակ:
Ծրագրի շնորհանդեսի հյուրերի շարքում հիմնականում ավագ դպրոցի աշակերտներ էին, ուսանողներ... Ծրագրի մասնակից Փոքրիկ Իշխան կրթահամալիրի սաները նույնիսկ սեփական նախաձեռնությամբ պատրաստել էին պաստառներ՝ այդ կերպ ներկայացնելով իրենց վերաբերմունքը և բողոքը ծխելու, շրջապատի մարդկանց և սեփական առողջությունը վտանգելու նկատմամբ:
«Հեռանկարային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Գևորգյան.
Աշխատել եք հիմնականում պատանիների, երիտասարդների հետ: Բա՞րդ է աշխատել նրանց հետ, ի՞նչ արդյունք ունեք:
- Դեռահասների, դպրոցականների ներգրավվածությունն այս ծրագրում կարևորում եմ այնքանով, որ նրանցից շատերը դեռևս ծխելու փորձ չեն կատարել, ավելի հակված են լսել, փոխել ներկա իրավիճակը:
Ծրագրի մասնակից երիտասարդները ոգևորված էին նախաձեռնությամբ: Կարծում եմ՝ բավական է մարդու հետ խոսել իրեն հասկանալի, մատչելի լեզվով, անկեղծորեն լսել նրանց մտահոգությունները, և գործընթացում ներգրավումը շատ հեշտ է դառնում:
Քննարկումների ժամանակ նկատեցինք նաև շատ հետաքրքիր հարցադրումներ: Եվ ամենաուրախալին այն է, որ ծրագրին մասնակցող մի քանի ծխող տղաներ արդեն 15 օր է՝ չեն ծխում:
Կազմել եք նաև վիճակագրություն, ինչի բացն իսկապես կար: Շնորհավորում ենք:
- Շնորհակալություն: Մենք միշտ պատրաստ ենք տեղեկատվություն տրամադրելու հարցում, բոլորը կարող են ծանոթանալ,օգտվել:
Նախագիծը հաջողված համարու՞մ եք:
- Այո, ուրախությամբ կարող եմ ասել, որ այն ունեցավ հաջողություն: Այստեղ կարևորն այն է, որ ծրագիրն իրականացվի նվիրումով, գիտակցումով:
Ցավոք, ծխող մարդկանց թիվն ավելացման միտում ունի մեր երկրում և այս կերպ նաև ահազանգ ենք հնչեցնում , ուղղված խնդրի բարձրաձայնմանը:
Ի դեպ, «Հեռանկարային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրի բոլոր մասնակիցներին, հատկապես կամավորներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք իրականացնելու համար,- ասում է Թամարա Գևորգյանը:
Նախագծի գործընկերներն են Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Doctors.am առողջապահական տեղեկատու կայքը:
Հիշեցնենք նաև , որ «Հեռանկարային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը մինչ այս նախագիծն իրականացրել է.
• Թրեյնինգներ և վերապատրաստումներ հետևյալ թեմաներով.
- Ինքնակառավարումը՝ հաջողության գրավական
- Տվյալների կառավարում- Տվյալների շրջանառության փուլերը և հարցաթերթի կազմման սկզբունքները
- Աշխատանք գտնելու մեխանիզմները և հարցազրույցի էթիկա
- Կոնֆլիկտների կառավարում
• Հանրային քննարկումներ հետևյալ թեմաներով.
- ԶԼՄ-ների ազդեցությունը երիտասարդների աշխարհայացքի ձևավորման վրա,
- Սելեկցիոն աբորտների տարածվածությունը և բացասական հետևանքները ՀՀ դեմոգրաֆիական պատկերի վրա,
- Հայկական հեռուսատեսության դերը սփյուռքում հայապահպանության իրականացման գործում,
- Կանանց ներգրավվածությունը կառավարման տարբեր մակարդականերում,
- Մարդու իրավունքների խնդիրները ՀՀ-ում:
Աղբյուրը՝ Doctors.am
08 Դեկտեմբերի 2014