Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մինչև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:


Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես: Ստորև կարդացեք ավելին` օրգանիզմի վրա ծխելու հետևանքների մասին:


Ծխախոտը անդառնալիորեն վնասում է ձեր առողջությունը: Ծխելու ոչ մի ապահով միջոց չկա: Փոխարինելով ծխախոտը սիգարով, ծխամորճով կամ նարգիլեով՝ չեք խուսափի առողջական խնդիրներից:
Ծխախոտը պարունակում է մոտ 600 բաղադրիչ, որոնցից շատերը կարող են հայտնաբերվել նաև սիգարների և նարգիլեի մեջ: Ըստ Ամերիկյան Թոքաբանության Ասոցիացիայի, երբ այդ բաղադրիչները այրվում են, առաջացնում են ավելի քան 7000 քիմիկատներ: Այդ քիմիական նյութերից շատերը թունավոր են, և դրանցից առնվազն 69-ը քաղցկեղածին են:
Միացյալ Նահանգներում ծխողների մահացության ցուցանիշը երեք անգամ ավելի է` չծխողների համեմատ: Փաստորեն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) պնդում են, որ ծխելը Միացյալ Նահանգներում «մահվան ամենատարածված կանխելի պատճառն է»: Սովորաբար ծխելու ազդեցությունը անմիջապես չի արտահայտվում, բարդությունները և վնասները կարող են ի հայտ գալ երկար տարիներ անց: Լավ լուրն այն է, որ ծխելը թողնելը կարող է բերել այդ ազդեցությունների վերացմանը:


Կենտրոնական նյարդային համակարգ
Ծխախոտի բաղադրիչներից մեկը նիկոտին կոչվող նյութն է: Նիկոտինը վայրկյանների ընթացքում հասնելով ուղեղին՝ ստիպում է ձեզ ավելի աշխույժ զգալ: Բայց քանի որ այդ ազդեցությունը կարճաժամկետ է, ապա որոշ ժամանակ անց դուք ավելի հոգնած եք ձեզ զգում: Նիկոտինը շատ արագ սովորություն է ստեղծում, ինչի արդյունքում մարդիկ ծխելն այնքան դժվար են դադարեցնում:
Նիկոտինից ֆիզիկապես հրաժարվելը կարող է խաթարել ձեր կոգնիտիվ գործառությունը և առաջաղնել անհանգիստ, գրգռված և ճնշված վիճակ: Կարող է նույնիսկ հանգեցնել գլխացավերի և քնի խանգարումների:


Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են`

  • էմֆիզեմա
  • քրոնիկական բրոնխիտ
  • թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն
  • թոքերի քաղցկեղ

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:


Սիրտ-անոթային համակարգ
Ծխելը վնասում է ձեր ամբողջ սիրտ-անոթային համակարգը: Նիկոտինը բերում է անոթների պատի հաստացման, ինչը սահմանափակում է արյան հոսքը: Ժամանակի ընթացքում անոթների շարունակվող նեղացումը, ինչպես նաև դրանց վնասումը, կարող է առաջացնել ծայրամասային անոթների հիվանդություններ:
Ծխելը նպաստում է նաև արյան ճնշման բարձրացմանը, թուլացնում արյան անոթների պատերը և բարձրացնում թրոմբագոյացման հավանականությունը: Այս բոլորն իրենց հերթին մեծացնում են կաթվածի առաջացման ռիսկը:
Ծխողների մոտ հաճախ նկատվում է սրտային հիվանդության վատթարացում, եթե նրանք արդեն սրտի, անոթների ստենտավորման վիրահատություն կամ սրտի կաթված են ունեցել:
Ծխելը ազդում է ոչ միայն ձեր, այլև շրջապատի սիրտ-անոթային համակարգի վրա: Պասիվ ծխողները ենթարկվում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման միևնույն ռիսկին:


Ծածկույթային համակարգ (մաշկ, մազեր, եղունգներ)
Ծխելու առավել ակնհայտ նշաններն արտահայտվում են մաշկի փոփոխությունների տեսքով: Ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը փոխում են մաշկի կառուցվածքը: Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը զգալիորեն մեծացնում է քաղցկեղային բջիջների (մաշկի քաղցկեղի) առաջացման վտանգը:
Եղունգները ևս զերծ չեն մնում ծխելու վնասակար հետևանքներից: Ծխելը մեծացնում է եղունգների սնկային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նիկոտինն ազդում է մազերի վրա նույնպես: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ այն մեծացնում է մազաթափության վտանգը և նպաստում ճերմակելուն:


Մարսողական համակարգ
Ծխելը մեծացնում է բերանի, կոկորդի, ըմպանի, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Ծխելն ազդում է  նաև ինսուլինի վրա`առաջացնելով ինսուլինային կայունություն: Դա բերում է երկրորդ տիպի  շաքարային դիաբետի և դրա բարդությունների զարգացման:


Վերարտադրողական համակարգ
Նիկոտինն ազդում է դեպի սեռական օրգաններ արյան հոսքի վրա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Տղամարդկանց դեպքում դա կարող է պասիվացնել սեռական վարքը: Կանանց դեպքում կարող է հանգեցնել սեռական անբավարարվածության: Ծխելը կարող է նաև նվազեցնել տղամարդկանց և կանանց սեռական հորմոնների մակարդակը: Սա կարող է հանգեցնել սեռական ցանկության նվազեցմանը:


Վերջաբան
Ծխելուց հրաժարվելն իհարկե դժվար է, բայց ձեր բժիշկը կարող է օգնել կազմել ծրագիր:  Կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ: Դուք նաև կարող եք դիմել ծխելուց հրաժարվելու ռեսուրսների կենտրոններ, լսել այլ մարկանց խորհուրդները, պատմություններ և այլն: Ծխելուց հրաժարվելու դեպքում կան ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ օգուտներ: Քանի որ ծխելը ազդում է օրգանիզմի յուրաքանչյուր համակարգի վրա, ապա դրանից հրաժարվելը ամենակարևոր քայլը կդառնա դեպի երկար և երջանիկ կյանք:

 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am