Պրոկտոլոգիական խնդիրները տարածված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Դրանք հանդիպում են և՛ երիտասարդների, և՛ տարեցների մոտ: Խնդրի վաղ ախտորոշման ու բուժման դեպքում, կարելի է խուսափել հետագա բարդություններից: «Ընդհանուր վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ն այս թեմայով զրուցեց Էրեբունի բժշկական կենտրոնի պրոկտոլոգ-վիրաբույժ Արտակ Վարդանյանի հետ:
-Բժիշկ Վարդանյան, որո՞նք են ամենատարածված պրոկտոլոգիական խնդիրները: Կնշե՞ք այն ախտանշանները, որոնց պատճառով պետք է դիմել բժշկի:
-Մեր հասարակության շրջանում ամենատարածված պրոկտոլոգիական խնդիրն են՝ թութքը, հետանցքի ճաքերը, ինչպես նաև խուղակները: Դրանց հաջորդում են հաստ աղիքի ուռուցքները:
Պրոկտոլոգիական խնդիրների ամենահաճախ հանդիպող գանգատներից են՝ ցավը հետանցքի շրջանում, փորկապությունը, կղանքի հետ արյան ու լորձի առկայությունը:
-Խնդրի առկայության դեպքում ախտորոշման ինչպե՞ս մեթոդներ գոյություն ունեն:
-Ախտորոշման մոթոդները բազմաթիվ են: Սկզբից կատարվում է զննում, այնուհետև, անհրաժեշտությունից ելնելով՝ հետանցքի մատնային զննում, որին հաջորդում է գործիքային ու լաբորատոր հետազոտությունները: Գործիքային ախտորոշման մեթոդների մեջ մտնում են՝ կոլոնոսկոպիան, իրիգոսկոպիան, ռետրոմանոսկոպիան, ԿՏ անգիոգրաֆիան: Լաբորատոր ախտորոշման մեջ մտնում են այն բոլոր մեթոդները, որոնք կատարվում են վիրաբուժական հիվանդների համար:
-Նշեցիք, որ թութքն ամենահաճախ հանդիպող պրոկտոլոգիական խնդիրներից է: Որո՞նք են առաջացման պատճառները, և ովքե՞ր են ռիսկի խմբում:
-Թութքի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն ամենատարածվածը՝ ուղիղ աղիքի ստորին հատվածում ճնշման բարձրացումն է: Դրանց ելնելով՝ կարող ենք ասել, որ ռիսկի խմբում այն մարդիկ են, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ՝ վարորդները, գրասենյակային աշխատանք կատարողները: Հղիների մոտ այս խնդիրը նույնպես շատ արտահայտված է, երբ փոքր կոնքի անոթներում կանգ է առաջանում: Հղիների դեպքում աշխատում ենք կոնսերվատիվ բուժում իրականացնել: Ծննդաբերությունից հետո իրականացնում ենք կրկնակի զննումներ, քանի որ ավելի հաճախ թութքային հանգույցները հետծննդաբերական շրջանում հետ են քաշվում ու քչերի մոտ է վիրահատության անհարժեշտություն առաջանում:
Փորկապությունը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ այս խնդրի առաջացման հարցում: Ինչպես մյուս բոլոր հիվանդությունների դեպքում՝ մեծ դեր ունի նաև ժառանգական գործոնը:
-Խնդրի լուծման ինչպիսի՞ եղանակներ գոյություն ունեն: Որո՞նք են ավելի հաճախ կիրառվում:
-Թութքի բուժման եղանակները ժամանակակից բժշկության մեջ շատ տարբեր են: Կախված թութքի բարդությունների աստիճանից՝ դրանք կարելի բաժանել երեք խմբի` կոնսերվատիվ՝ դեղորայքային բուժում, էնդոսկոպիկ, ինչպես նաև ռադիկալ վիրահատական մեթոդներ: Ավելի նախընտրելի և հաճախ կիրառվող եղանակը կոնսերվատիվ բուժումն է: Կարող ենք ասել, որ ամեն երրորդ մարդ կյանքի ըթացքում ստանում է դեղորայքային բուժում թութքի դեմ, բայց ոչ բոլորն են ենթարկվում վիրահատության:
-Բուժումից հետո խնդրի կրկնվելու ինչպիսի՞ հավանականություն կա: Ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին:
-Հիվանդության կրկնվելու հավանականությունը կախված է բուժման եղանակից, որն ընտրվում է ցուցումներից ելնելով: Եթե հիվանդը դիմում է արյունահոսության գանգատով՝ դեղորայքային բուժման միջոցով կարելի է նվազեցնել արյունահոսությունների հաճախականությունը: Այս դեպքում չենք կարող ասել, որ հիվանդությունը կրկնվում է: Լիարժեք բուժում կարող է համարվել թութքային հանգույցների վիրաբուժական հեռացումը: Միայն լիարժեք կատարված վիրահատության դեպքում հիվանդը կարող է ամբողջովին ազատվել այս խնդրից: Այսօր կիրառվող տարբեր կիսավիրահատական՝ էնդոսկոպիկ մեթոդներ լիարժեք ապաքինում չեն ապահովում:
Բուժումից հետո հիվանդները պետք է հետևեն աղիների նորմալ գործունեությոանը, սա ներառված է, բոլոր հիվանդներին տրվող խորհուրդների ցանկում: Անհրաժեշտ է բացառել նստակյաց կյանքը, ինչը նպաստող գործոն է համարվում: Խրհուրդ է տրվում հետվիրահատական շրջանում՝ երեք ամիսը մեկ անգամ դիմել բժիշկ-պրոկտոլոգին:
-Ինչպե՞ս կարելի խուսափել պրոկտոլոգիական խնդիրներից: Որո՞նք են հիմնական հակացուցումները:
-Պրոկտոլոգիական խնդիրներից խուսափելը գրեթե անհնար է, քանի որ կյանքի ընթացքում լինում է ժամանակաշրջան, որ մարդը բախվում է այդպիսի գանգատների հետ: Թութքային բարդությունների առաջացման հարցում կարող է նպաստել նաև ալկոհոլի չարաշահումը, ինչը կարող է հանգեցնել արյունահոսություններ ու տրոմբոզի առաջացմանը: Կարող ենք նշել առողջ ապրելակերպը, սննդային ռեժիմի կարգավորումը՝ սուր համերով՝ կծու, թթու ուտելիքների սահմանափակումը: Դրանք նպաստում են թութքի առաջացմանը՝ հատկապես բարդությունների զարգացմանը:
Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
29 հունվար, 2018