Վահանաձև գեղձի հիվանդությունները մեր երկրում մեծ տարածում ունեն: Շատ հաճախ հանդիպում են տարբեր բորբոքային բնույթի հիվանդություններ, գոյացություններ, որոնք 5-ից 15 տոկոս  դեպքերում չարորակ են: Ինչպես «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ին տեղեկացրեց Աղաբեկյան ախտորոշիչ կլինիկայի ճառագայթաբան Լուսինե Աղաբեկյանը, չարորակ գոյացությունների վաղաժամ հայտնաբերման համար՝ շատ կարևոր է ամբողջական պատկերացում ունենալ հետազոտության մեթոդների վերաբերյալ ու ճիշտ հերթականությամբ կիրառել դրանք:
Հաճախ կարելի է ականատես լինել, երբ հիվանդն իրեն համարում է առողջ՝ միայն հորմոնալ հետազոտությունների անփոփոխ պատասխանների պատճառով: Ճառագայթաբանի խոսքով՝ վահանաձև գեղձի գոյացությունների առկայության դեպքում՝ հիվանդների 90 տոկոսի մոտ հորմոնալ հետազոտություններն անփոփոխ են: Վահանձև գեղձի գոյացությունների հայտնաբերման համար առաջին հերթին անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն: Եթե ՈՒՁՀ ժամանակ հայտնաբերվել է գոյացություն, անհրաժեշտ է հետազոտել այն նաև էլաստոգրաֆիկ ռեժիմով, ու կասկածելի, կարծր գոյացության հայտնաբերման ժամանակ կատարել բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա:
Բժիշկն առանձնացնում է երկու խնդիր, որոնք ամենահաճախն են հանդիպում ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների շրջանում: Առաջին՝ կարծիք կա, որ էլաստոգրաֆիան հանդիսանում է ուլտրաձայնային հետազոտությունից ավելի մանրամասն ու ճշգրիտ հետազոտություն: Իրականում՝ Էլաստոգրաֆիան հնարավորություն է տալիս մանրամասն նկարագրել տարբեր կտրվածքներում տվյալ գոյացության կարծրությունը, ինչը նախկինում հնարավոր էր միայն պալպացիայի (շոշափման) միջոցով: Կարծր գոյացությունները հիմնականում լինում են չարորակ, իսկ էլաստիկ գոյացությունները հիմնակակնում բարորակ են: Սակայն, գոյացության բնույթի լիարժեք գնահատականի համար պետք է զուգակցել ուլտրաձայնային մեթոդով ստացված ինֆորմացիան էլաստիկության վերաբերյալ ինֆորմացիայի հետ, և միայն այս դեպքում է ստացված տեղեկատվությունն արժեքավոր: Եթե այս երկու մեթոդների կիրառման արդյունքում բժիշկը ստանում է տվյալներ, որոնք բնորոշ են բարորակ գոյացություններին, ապա կանխվում է անհիմն բիոպսիա կատարելու անհրաժեշտությունը: Իսկ եթե ստացված տվյալները բնորոշ են չարորակ գոյացություններին, ապա անհրաժեշտ է կատարել բարակ ասեղային բիոպսիա, պարզաբանելու համար գոյացության բջջաբանական կազմը:
Այստեղ ավելի հաճախ առաջանում է հաջորդ հարցը, որը հիմնականում տարածված է հիվանդների շրջանում՝ արդյո՞ք վտանգավոր է պունկցիոն բիոպսիան: Ճառագայթաբանն ընդգծեց, որ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան բացարձակ անվտանգ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս բացահայտել գոյացության բջջաբանական կազմը, ինչը չափազանց կարևոր է հաստատելու համար վիրահատության անհրաժեշտությունն ու մշակել՝ բուժման ընթացակարգը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
30Նոյեմբերի, 2017