Բեյլորի համալսարանի գիտնականները անց են կացրել 164 ուսանողների առցանց-հարցում: Ուսանողների մոտ 60%-ը խոստովանել է, որ հնարավոր է, որ իրենք կախում ունեն իրենց հեռախոսից, հաղորդում է Psych Central պարբերականը: Ոմանք ասել են, որ անհանգստություն են զգում, երբ հեռախոսն անհետանում է իրենց տեսադաշտից: Ուսանողուհիներն օրական միջինը տաս ժամ են հատկացրել բջջային հեռախոսին, այն պարագայում, երբ տղաները՝ մոտ ութ ժամ: Բացի այդ, երիտասարդները իրենց ժամանակի մեծ մասը հատկացրել են բջջային հեռախոսների տարբեր ֆունկցաիներին:
Ուսանողներն օրական միջին հաշվով 94.6 րոպե են անցկացրել SMS հաղորդագրություն գրելով: Ուսանողները 48.5 րոպե ծախսել են էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու, 38.6 րոպե՝ Facebook-ը ստուգելու, 34.4 րոպե ինտերնետ-սերֆինգի և 26.9 րոպե երաժշտություն լսելու համար: Pinterest-ը և Instagram-ը առաջացրել են մեծ կախվածություն: Մասնագետների կարծիքով ինտերնետի և խաղերի օգտագործումը կախվածություն չի առաջացրել:
Աղջիկները առավել շատ ժամանակ են տրամադրել իրենց բջջային հեռախոսներին, ինչը հակասում է այն ավանդական տեսակետին, որ տղամարդիկ ավելի շատ են տարված տեխնոլոգիայով: Գիտնականները գտնում են, որ աղջիկներն ավելի հաճախ են բջջային հեռախոսներ կիրառում սոցիալական փոխհարաբերությունների նպատակով, օրինակ՝ որպեսզի հարաբերություններ ստեղծեն, և հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի միջոցով շփվեն լուրջ թեմաների շուրջ: Երիտասարդ տղաներն ուղարկել են մոտավորապես նույն քանակությամբ նամակներ, սակայն ծախսել են առավել քիչ ժամանակ:
«Դա կարող է նշանակել, որ տղաներն ուղարկում են ավելի կարճ և հակիրճ հաղորդագրություններ, քան աղջիկները: Երիտասարդները բջջային հեռախոսները հաճախ օգտագործում են զվարճանքների և հարմարության համար, սակայն նրանք որոշ ժամանակ անց են կացնում նաև սոցցանցերում»,-ասում է հետազոտող Ջեյմս Ռոբերտսը: Երիտասարդներն օգտվել են այնպիսի կայքերից, ինչպիսիք են՝ Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը: Նրանք հաճախ օգտվել են Twitter-ից՝ նորություններին և սպորտային իրադարձություններին հետևելու, կամ ուղղակի ժամանակ սպանելու համար:
Հեռախոսներով չափից շատ տարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Ոմանց համար այն ձանձրալի իրականությունից փախուստի միջոց է, մյուսներն այն օգտագործում են արտագրության համար: Բջջային հեռախոսից կախումը հաճախ դառնում է դասախոսների, ընտանիքի անդամների և գործատուի հետ կոնֆլիկտի պատճառ: Մարդկանց բջջային հեռախոսը երբեմն հարկավոր է անհարմար դրությունից դուրս գալու համար՝ տպավորություն ստեղծելով, որ նրանք պատասխանում են զանգի, հաղորդագրություն են ուղարկում կամ ուղղակի ստուգում հեռախոսը: Գիտնականներն ասում են, որ բացասական հետևանքներից խուսափելու համար պետք է հասկանալ, թե որ ֆունցիաներն են օգտակար և որոնք՝ ոչ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ psychcentral.com