Գլյուկոկորտիկոիդների (ԳԿ) վերաբերյալ ներկայում կան շատ իրարամերժ կարծիքներ: «Հորմոնների» վերաբերյալ «առասպելների» պատճառով շատ հիվանդներ հրաժարվում են դրանք ընդունելուց, իսկ բժիշկները՝ նշանակելուց:
Առասպել N1. Հաշվի առնելով ԳԿ կողմնակի ազդեցությունները՝ կարելի է դրանց փոխարեն նշանակել ուրիշ, ոչ պակաս արդյունավետ դեղամիջոցներ:
Փաստ. Ներկայումս ԳԿ հանդիսանում են ամենահզոր և ամենաարագ ազդող հակաբորբոքային, իմունային բորբոքումը ճնշող միջոցներ, երբեմն դրանք անփոխարինելի են:

Առասպել N2. ԳԿ նշանակման ժամանակ պետք է սկսել փոքր դեղաչափից, իսկ անարդյունավետության դեպքում՝ բարձրացնել այն:
Փաստ. Ի տարբերություն այլ միջոցների՝ ԳԿ նշանակվում են համաձայն «սկսի՛ր բարձրից և գնա՛ արագ» սկզբունքի, այսինքն պետք է նշանակվեն ադեկվատ դեղաչափով, որը հետագայում պետք նվազեցնել:

Առասպել N3. ԳԿ նման են թմրանյութերի. կախյալությունը անխուսափելի է:
Փաստ. ԳԿ հանման անհնարինությունը հիմնականում կապված է դրանց սխալ նշանակման և/ կամ դեղաչափի շատ արագ նվազեցման հետ: Բացի դրանից, կան ԳԿ, որոնք ունեն կուտակային ազդեցություն (տրիամցինոլոն), դրանցից հրաժարվելը շատ դժվար է: Քրոնիկ օգտագործման համար նախընտրելի են պրեդնիզոլոնը և մեթիլ-պրեդնիզոլոնը:

Առասպել N4. ԳԿ հակացուցված են հղիության ժամանակ:
Փաստ. Իրոք, հղիության ժամանակ ԳԿ օգտագործումը ցանակալի չէ, սակայն եթե հղիության ժամանակ զարգացել է ռևմատոլոգիական հիվանդության սրացում, միայն դրանց կիրառման շնորհիվ է հնարավոր պահպանել հղիությունը, իսկ որոշ դեպքերում՝ հղիի և նորածնի կյանքը:

Առասպել N5. ԳԿ չի կարելի նշանակել երեխաներին, քանի որ դրանք առաջացնում են աճի դանդաղում:
Փաստ. ԳԿ կարող են առաջացնել աճի դանդաղում, սակայն եթե չնշանակել դրանք յուվենիլ արթրիտի սրացման ժամանակ, էլ ավելի արտահայտված աճի դանդաղում կառաջացնի ինքը՝ հիվանդությունը:
 


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016