Մյունխենի համալսարանի գիտնականները մշակել են դաջվածքի տեխնիկա, որը փոխում է գույնը՝ կախված արյան քիմիական բաղադրությունից, եւ թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել օրգանիզմում գլյուկոզայի, ալբումինի եւ pH-ի մակարդակների տատանումներին, գրում է BBC-ն:
Հայտնագործությունը էականորեն կարող է հեշտացնել այն մարդկանց կյանքը, որոնք ունեն շաքարային դիաբետ կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ:
Գլյուկոզայի, ալբումինի եւ pH-ի մակարդակներն ընտրվել են որպես հիմնական ցուցիչներ, քանի որ հենց դրանք են ամենից հաճախ ահազանգում օրգանիզմի նորմալ աշխատանքի խաթարման մասին: Ալբումինը սպիտակուց է, որը մտնում է արյան բաղադրության մեջ: Դրա ցածր մակարդակը վկայում է երիկամների կամ լյարդի խնդիրների, իսկ բարձր մակարդակը՝ սրտի հետ կապված խնդիրների մասին:
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն անընդհատ ստուգում են շաքարային դիաբետով հիվանդները, իսկ pH-ի բարձր կամ ցածր մակարդակը կարող է վկայել մի շարք հիվանդությունների մասին, որոնք լրացուցիչ հետազոտություններ են պահանջում:
Այս երեք բաղադրիչների մակարդակները հնարավոր է պարզել արյան քննության միջոցով, որը կատարվում է լաբորատոր պայմաններում: Սակայն գերմանացի գիտնականներին հաջողվել է ստեղծել այնպիսի ներկեր, որոնք մաշկի վրա փոխում են գույնը՝ կախված տարաբնույթ նյութերի կոնցետրացիայից: Օրինակ, արյան մեջ շաքարի մակարդակը դեղին գույնին կանաչ երանգ է հաղորդում, որն ավելի է մգանում գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը զուգահեռ:
Հետազոտությունը դեռ չի ավարտվել, քանի որ այն դեռ միայն խոզերի վրա է փորձարկվել: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են փորձարկել դաջվածքները մարդկանց վրա: