Այս օրերին հոգեբաններնը նույնպես ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ են...շատերը՝ ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով, և այդ հոգեբաններից մեկն էլ «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի տնօրեն, հոգեբան Լիլիթ Խաչատրյանն է, ով այս օրերին հանգիստ չունի….

«Մասնագիտական հոգեբանական աջակցություն ցուցաբերելու որոշումս կայացրել եմ, երբ հասկացա, որ համաճարակի դեմ պայքարն առաջին հերթին հոգեբանական պատրաստվածություն, սթրեսակայունություն, տոկունություն և  լավատեսություն է պահանջում: Ինձ համար աններելի կլիներ այս օրերին չլինել այն մարդկանց կողքին, ովքեր համաճարակի և արտակարգ իրավիճակի պայմաններում կորցրել են դիմակայելու ունակությունը, հայտնվել են անելանելիության, անհուսության, վախի և տագնապի անհաղթահարելի հոգեվիճակում:

Սիրելով  և անչափ արժեվորելով մասնագիտությունս՝ բոլոր հնարավոր միջոցներով (առցանց, հեռախոսային կապ ) ամեն րոպե փորձում եմ աշխատել մարդկանց հետ, ովքեր կորոնավիրուսով հիվանդ են կամ դրա  կասկածով  մեկուսացվել են:

Ինձ համար մեծագույն բավարարվածություն է, երբ հոգեբանական աջակցման կարիքի մեջ հայտնված մարդն օգնության արդյունքում վերագտնում է իր ուժերը,  հավատը, լավատեսությունը, հավասարակշռությունը:»

Ինչո՞ւ հոգեբան

Մանկուց երազել եմ մասնագիտության այն ոլորտը, որտեղ մարդուն օգնելը առանցքային է: Դեռահաս տարիքից բառապաշարումս գերակշռում էին  «հոգեբանական», «հոգեբանորեն», «հոգեպես» բառերը: Հարազատներս նույնիսկ զավեշտի էին վերածում դա և հասունությանն էին վերագրում: Վստահ եմ, որ մարմնի առողջությունը նույնքան կարևոր է, որքան հոգեկան առողջություն: Հոգեպես տանջվող մարդու  «երանի մի տեղս ցավեր իմանայի՝ որտե՞ղս է ցավում, գնայի բժշկի»  արտահայտությունն ինձ ուղղորդել է, որ մարդկանց կարողանամ ցույց տալ, որ հոգու ցավն ու տառապանքն ունեն բուժում. Պարզապես պետք է դիմել հոգեբանի: Լինել հոգեբան, լինել մարդու հոգեկան ապրումների, հոգեկան ներաշխարհի, ողջ անցյալի և ներկայի պատմության ուղեկիցը,, մեծագույն արժեք է ինձ համար, մեծագույն սեր և պատասխանատվություն: