Հղիության ընթացքում քաշ հավաքելը նորմալ է, սակայն պետք է խուսափել չափից դուրս շատ գիրանալուց, քանի որ դա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի առաջացման, ինչպես նաեւ ռիսկեր առաջացնել երեխայի առողջության համար:

Որո՞նք են ռիսկերը

Շաքարային դիաբետով մայրերի դեպքում մեծ է հավանականությունը, որ երեխաները կլինեն ավելի խոշոր, կունենան շնչառական խնդիրներ, իսկ ավելի մեծ տարիքում նրանց մոտ կարող է զարգանալ շաքարային դիաբետ կամ քաշի ավելացում:

Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ հղիության ընթացքում շաքարային դիաբետ ունեցող մայրիկների կեսը  հաջորդ տասը տարիների ընթացքում ձեռք է բերում երկրորդ տիպի շաքարային դիաբետ:

Քանի՞ կիլոգրամն է համարվում նորմա

Հղիության ընթացքում քաշի ավելացումը յուրաքանչուրի մոտ տարբեր է լինում: Սակայն, որպես կանոն, քաշի ավելացումը պետք է տատանվի 11-15 կիլոգրամների միջեւ:

Եթե նախքան հղիությունը Դուք նիհար եք եղել, ապա քաշի ավելացումը կարող է տատանվել 12-18 կգ միջեւ:

Ինչպե՞ս խուսափել քաշի ավելացումից

Պետք է ուշադրության դարձնել, թե որքան արագ եք Դուք քաշ հավաքում: Արագ տեմպերով քաշի ավելացումը, հատկապես՝ հղիության առաջին ամիսներին, նույնպես շաքարային դիաբետի ռիսկեր է պարունակում:

Նորվեգացի գիտնականները հետազոտել են կանանց՝ նրանց առաջին եւ երկրորդ հղիությունների ընթացքում:  Պարզվել է, որ այն կանայք, որոնք քաշ են հավաքել առաջին հղիության  ընթացքում, ավելի հակված էին շաքարային դիաբետ ունենալ իրենց երկրորդ հղիության ընթացքում:

Առողջությունը պահպանելու եւ շաքարային դիաբետի ռիսկերը նվազեցնելու համար պետք է պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել:

Իհարկե, պետք է հետեւել նաեւ սննդակարգին: Տեխնիկապես Դուք «երկու անձի համար չեք ուտում», ինչպես ընդունված է կարծել: Մինչեւ երկրորդ եռամսյակը կարիք չկա ավելացնել ընդունվող կալորիաների քանակը: Եվ նույնիսկ դրանից հետո Դուք պետք է ավելացնենք ընդամենը 300 կալորիա: Դա կարող է իր մեջ ներառել երկու բաժակ կաթ, խնձոր, երկու ճաշի գդալ գետնանուշի կարագ կամ կես չափաբաժին հումուս: Երեխայի ծնվելուց հետո կերակրող մայրերն օրական լրացուցիչ 500 կալորիայի կարիք են ունենում:

Մի ՛ շտապեք վերադառնել Ձեր՝ մինչ հղիությունն ունեցած քաշին: Համբերատար լինելը դժվար է, բայց՝ անհրաժեշտ: Ձեր օրգանիզմը բազում փոփոխություններ է կրել հղիության ընթացքում, ուստի ժամանակ է անհրաժեշտ այն կարգի բերելու համար: Դա կարող է նույնիսկ մեկ տարուց ավելի տեւել: Սակայն Դուք կարող եք սկսել մարզվել ծննդաբերությունից վեց շաբաթ անց:

Եթե հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո Ձեր ավելորդ քաշի հետ կապված մտահոգություններն անհանգստացնում են Ձեզ, ապա ճիշտ կլինի խոսեք Ձեր բժիշկի հետ: Միասին դուք կարող եք մշակել առողջ սննդակարգ եւ վարժությունների համալիր:


 

Աղբյուրը՝  Clevelandclinic.org