Դեպրեսիան բավականին տարածված խնդիր է մեր հանրության շրջանում։ Ահա թե ինչու շատ կարևոր է տեղեկացված լինել վերջինիս մասին, իսկ դրա նշանները տեսնելու դեպքում դիմել մասնագետի օգնությանը։ Ամենակարևոր հարցերի պատասխանները ներկայացնում է հոգեբան Գոհար Գասպարյանը։
-Դեպրեսիայի ի՞նչ տեսակներ կան և որո՞նք են դրանց հիմնական պատճառները։
-Դեպրեսայի տեսակներն իսկապես շատ են, պատճառները ևս շատ-շատ են։ Հիմնականում ժառանգականությունն է պատճառ հանդիսանում, բացի դրանից երկարատև սթրեսները, որոնց մարդկանց մեծ մասն ուղղակի ուշադրություն չի դարձնում, ու դա ավելի է խորանում՝ գնալով դեպի դեպրեսիա։ Դեպրեսիայի պատճառ կարող էլ լինել հենց մարդու անհատականությունը։ Մարդկանց տեսակներ կան, որոնք հակված են դեպրեսաների։ Այլ պատճառ են նաև ծանր հիվանդությունները, մարդու գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները և այլն։
-Դուք խոսեցիք սթրեսից, որը կարող է հանգեցնել դեպրեսիայի։ Հասարակության որոշ շերտեր սթրեսն ու դեպրեսիան նույնականացնում են, սակայն իրականում դրանք ամբողջապես տարբեր երևույթներ են։ Կխնդրեմ խոսեք դրանց տարբերություններից։
-Սթրեսը ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ շատ փոքր բանից, որը մարդը կարող է շատ արագ հաղթահարել, իսկ սթրեսների շարունակականությունը կարող է բերել դեպրեսիայի։ Դեպրեսիան մենք բնութագրում ենք որպես հոգեկան վիճակ, որը չենք համարում միայն հոգեկան խնդիր, այլ ինքը նաև սոմատիկ է, որը խախտում է մարդու սոցիալական բարեկեցությունը։
-Ի՞նչ պետք է անել դեպրեսիաները հաղթահարելու համար։
-Շատ լավ կլինի, որ դիմենք հոգեբանների, սակայն սխալն այն է, որ մենք չենք դիմում մասնագետի օգնությանը։ Մեզ մոտ սովորաբար կա ընդունված մի «մեթոդ», որով մարդկանց մեծ մասն առաջնորդվում են․ «Լավ դե կանցնի, ես կհաղթահարեմ, տենց փոքր բաների համար հոգեբանի դիմելու անհրաժեշտություն չկա»։ Սա սխալ մոտեցում է, սխալ է ինքնաբուժությամբ զբաղվելը, հաղթահարման գործընթացի ձգձումը, որովհետև դրանք ավելի են սրում իրավիճակը։ Ամեն դեպքում, եթե մի քանի տարի առաջվա հետ ենք համեմատում, ներկայումս բավականին շատ են մարդիկ, որոնք այցելում են հոգեբանի ու փորձում իրենց խնդիրներին լուծում տալ։
-Եվ վերջում, կարծրատիպ կա, որ հոգեբանի հետ աշխատանքը էմոցիոնալ առումով բավականին բարդ է, ի՞նչ է պետք, որպեսզի մարդը որոշում կայացնի ու այցելի հոգեբանի։
-Այո՛, կա այդպիսի խնդիր։ Այստեղ կարևորը վստահության գործոնն է։ Եթե մարդը իր համար բոլոր կարծրատիպերը կոտրել է, առանց որևէ մեկի ստիպելու, գիտակցաբար գնացել է հոգեբանի մոտ ու սկսել է մասնագետին վստահել, արդյունքում խնդիրների հաղթահարման գործընթացը շատ դյուրին է լինում։
Հոգեբան Գոհար Գասպարյանի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու և նրա հետ կապվելու համար անցե՛ք հղումով։
https://www.doctors.am/doctor/gohar-gasparyan