Մելանոման գունակագոյացնող բջիջների (մելանոցիտներ) չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է վերջիններիս անվերահսկելի աճով:

Հանդիպման հաճախականությունը:

Մելանոման մաշկի չարորակ նորագոյացությունների մեջ կազմում է մինչև 5 %, սակայն մահացությամբ ամբողջ աշխարհում,  վերջիններիս մեջ առաջին տեղում է :

Համաճարակաբանությունը

Վերջին 30 տարիներին, սպիտակամորթ պոպուլյացիայում, մելանոմայով հիվանդացությունը աճել է մոտ 2 անգամ և ներկայումս ԱՄՆ-ում չարորակ նորագոյացությունների մեջ 6-րդ տեղում է իր հանդիպման հաճախականությամբ: Ամենաբարձր հիվանդացությունն Ավստրալիայում (34,9 / 100 000) և Նոր Զելանդիայում է (35,84 / 100 000):

ԱՄՆ-ում, 2017 թ. հետազոտության արդյունքներով մինչև 49 տարեկան հասակը, մելանոման ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ (կան.-1 / 155, տղ.- 1 / 220), 50-ից բարձր տարիքային խմբում, ընդհակառակը, տղամարդկանց մոտ (կան.-1 / 44, տղ.- 1 / 28):

Մելոնոմայի ախտորոշման միջին տարիքը 63 տարեկանն է:

Ախտածագումը

Մելանոմայի ախտածագման մեջ մեծ նշանակություն ունի ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթումը, գերազանցապես, մանկական և երիտասարդ տարիքում:

Պատճառագիտությունը:

Մելանոմայի զարգացման ռիսկի գործոններ:

  • Նևուսների / խալեր / փոփոխություն (գլխավոր նախազգուշացնող ախտանիշներից է ),
  • Գունակային քսերոդերմա
  • Ատիպիկ / դիսպլաստիկ նևուս
  • Ընտանեկան ծանրացած անամնեզ
  • 100 –ից ավել հասարակ նևուսների առկայություն
  • Նախկինում ունեցած մելանոմա կամ այլ մաշկի չարորակ նորագոյացություններ ( բազալ և տափակ բջջային քաղցկեղ )
  • Արական սեռ
  • 50-ից բարձր տարիք
  • Բնական և արհեստական ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթներ
  • Մեծ / հսկա / բնածին նևուս ( >20 սմ տրամագծով )
  • Իմունիտետի պակասուրդ /դեֆիցիտ /
  • Լուսազգայունության I և II լուսատեսակի մաշկ
  • Բնակություն լեռնային գոտրիներում:

Ինչպես կանխարգելել մելանոմայի առաջացումը

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արհեստական լույսի աղբյուրներից,
  • Կիրառել լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ ( ինչպես քսուքների, այնպես էլ հագուստի, ակնոցի տեսքով ),
  • Կատարել մաշկի ինքնազննում` հատկապես մեծ քանակությամբ խալերի առկայության և ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի դեպքում: Խորհուրդ է տրվում ինքնուրույն զննել մաշկի գունակային գոյացությունները և որևէ փոփոխություն ( ասիմետրիա, սահմանների անկանոնություն, գույնի անհամաչափություն, տրամագծի փոփոխություն, տարրերի գույնի , ձևի և չափերի միասնական փոփոխություն) կամ նոր գոյացություն նկատելու պարագայում անպայման դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի,
  • Կատարել հարցում առաջին սերնդակցության հարազատների շրջանում, հատկապես, եթե անամնեզում ունեն ատիպիկ նևուսներ:

Ախտորոշումը

Ներկայումս ամենավստահելին ախտահյուսվածաբանական մեթոդն է, որը համարվում է ինվազիվ մեթոդ:

Ոչ ինվազիվ հետազոտությունների մեջ ոսկե ստանդարտը դերմատոսկոպիայի մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի մելանոման զարգացման ամենավաղ փուլում:

Կանխատեսումը

Ինչքան վաղ է ախտորոշվում մելանոման, այնքան կանխատեսումը բարենպաստ է:

Երբ մելանոմայի բուժումը սկսվում է մինչև ավշային հանգույցներում մետաստազների առաջացումը, ապա 5 և ավելի տարվա վերապրելիության հավանականությունը հասնում է 94-97 %-ի, ավշահանգույցներում մետաստազների դեպքում նվազում է մինչև 38-78 %, իսկ ներքին օրգանների մետաստազավորումից հետո չի գերազանցում 20 %-ը:

Նյութը տրամադրեց մաշկավեներաբան Դավիթ Հարությույանը։

Բժիշկն աշխատում է  «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում։

Կապվելու համար՝ 099 655552։