Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում՝ Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 220 մահճակալով հագեցած, ՀՀ առողջապահության երրորդ մակարդակի արժանացած այս բուժհաստատությունը իր աշխատանքի հիմքում ներդրել է համապարփակ, հասանելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։ Մեկամյակի կապակցությամբ «Ուիգմոր»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի հետ հարցազրույցը ստորև։
- Զավեն, ինչպիսի՞ն էր ճանապարհը՝ 2017թ․-ին բացված «Ուիգմոր Քլինիք»-ից մինչև առանձին հիվանդանոց։
- Հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ չեմ սխալվի, եթե պատասխանեմ, որ, իրականում, անցած ճանապարհը չափազանց հեշտ էր․ այո՛, մի զարմացեք այս ձևակերպումից։ Պատճառը մարդիկ են, ովքեր հավատացին գաղափարին, կիսեցին «Ուիգմոր»-ի արժեքները, և միասին այս ճանապարհն անցանք։ Կառուցել բազմապրոֆիլ հիվանդանոց մի թիմի հետ, որը կիսում է գաղափարներդ, ունի նույն արժեհամակարգերը, գնահատում է բաց և համակարգային կառավարման մշակույթը, հեշտ է և ոգեշնչող։
- Կանանց և երեխաների հիվանդանոցի գաղափարն ինչպե՞ս ծնվեց․ շուկայի կամ ժամանակի թելադրա՞նք էր, թե՞ սեփական մասնագիտական, գուցե անձնական երազանք։
Չէի անվանի երազանք մի բան, որն ընդամենը պահանջում է կենտրոնացում, հետևողական աշխատանք և ռեսուրսների ճշգրիտ կառավարում։ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի ստեղծումը, այո, և՛ շուկայի, և՛ ժամանակի թելադրանք էր։ Մինչ օրս մեր երիտասարդ պետությունը ձևավորել է պետության կենսագործելու համար պահանջվող բոլոր մինիմալ համակարգերն ու ինստիտուտները։ Եվ, կարծում եմ, հասել ենք զարգացման մի կետի, որտեղ այլևս մեծ ասելիք ունի որակը։ Այսօր միայն բարձր որակի ծառայություններ ստեղծելու շնորհիվ է հնարավոր շուկայում դիրքեր ամրապնդել․ սա ոչ միայն առողջապահության բնագավառին է վերաբերում։
- Անդրադառնալով հիվանդանոցի առաջին տարեդարձին՝ ո՞ր ձեռքբերումներով կամ կարևոր իրադարձություններով եք առավել հպարտանում:
- Հպարտություն է տեսնել գաղափարակիցների բանակ, որն ամենօրյա քրտնաջան և կարգապահ աշխատանքով ապացուցում է, որ մեր երկրում նույնպես հնարավոր է բարձրորակ և առաջադեմ բժշկական օգնություն և ծառայություն մատուցել։
- Հաճախ խոսվում է «Ուիգմոր»-ի առաքելությունից՝ միջազգային նշաձող սահմանել Հայաստանի մանկաբուժական ոլորտում․ ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է «Ուիգմոր»-ի այս գաղափարը գործնականորեն արտահայտվում։
Մեր նպատակն է հենց մեր հայրենիքում զարգացնել բարձր որակի և ապացուցահեն բուժօգնություն՝ համաձայն բժշկական և հիվանդանոցային միջազգային չափանիշների և, որ չափազանց կարևոր է, հասանելի բոլոր երեխաների համար։
Այս նպատակով մեր գործունեության առաջին տարում մենք բազմաթիվ (6) նոր միջազգային համագործակցություն ենք հաստատել արտերկրի լավագույն բժշկական հաստատությունների հետ՝ փորձի փոխանակման և մեր բուժանձնակազմի շարունակական կրթության համար։ Իսկ պետպատվերի շրջանակում աշխատանքը մեր հիվանդանոցային և անհետաձգելի բուժօգնությունը հասանելի է դարձնում յուրաքանչյուր ընտանիքի համար։
- Գիտենք, որ վերջերս «Ուիգմոր»-ը շատ կարևոր և ոլորտի համար եզակի համագործակցություն է սահմանել․ կպատմե՞ք դրա մասին։ Ինչպե՞ս այն կայացավ։ Ի՞նչ դեր է այն խաղալու ընդհանուր մանկաբուժական ոլորտի, նաև հիվանդանոցի մասնագետների համար։
- Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ենք նախաձեռնել Արևմուտքի և ԱՄՆ լավագույն բուժհաստատությունների հետ՝ նոր գիտելիք և փորձառություն բերելով Հայաստան։
Նոյեմբերի 2-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցներից մեկի՝ Valley Children’s healthcare-ի հետ՝ նպատակ ունենալով էականորեն բարելավել մեր երկրում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը։
Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է․ միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում։
- «Ուիգմոր» երեխաների հիվանդանոցը սեպտեմբերին վերանվանվեց՝ ««Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց», և ունի արդեն նաև կանանց առողջության հետ կապված համալիր ծառայություններ մատուցող բաժանմունք։ Նաև հայտնի է, որ պլանավորվում է ընդլայնել ծառայությունները և բացել ծննդատուն․ կպատմե՞ք ինչ ծառայություններ են լինելու ներկայացված։
- Աշխարհի զարգացած շատ երկրներում կանանց և երեխաների առողջությունը դիտվում է որպես կարևոր և շարունակական ամբողջականություն՝ առողջ կին, առողջ երեխա և առողջ հասարակություն սկզբունքով։ Այո, մոտ ապագայում կունենանք նաև արհեստական բեղմնավորման և ծննդօգնության ծառայություններ։
- Թեպետ հիվանդանոցը շատ երիտասարդ է, բայց արդեն ունի հավատարիմ հաճախորդներ, որոնք մշտապես հենց «Ուիգմոր»-ն են ընտրում․ կարծում ենք, նրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ կունենաք։
Այս մեկ տարվա ընթացքում մեր հիվանդանոցում ընդունել ենք շուրջ 72 հազար բուժառուի, հետևաբար, պատմությունները բազմաթիվ են։ Սակայն մեր նպատակն է ոչ թե հավաքել սեփական պատմություններ, այլ «Ուիգմոր»-ում ունեցած անձնական փորձը դրական հիշողություն դարձնել հենց բուժառուների և նրանց ընտանիքների համար։ Հասարակության մեջ հիվանդանոցները այլևս չպիտի ընկալվեն մի միջավայր, որտեղ տիրում է վախի, անորոշության, անվստահության մթնոլորտը․․․ Մենք մեր աշխատանքով և ընտանիքակենտրոն մոտեցումով փոխում ենք այդ ընկալումները։
- Իրականացրել եք բազում կրթական ծրագրեր Երևանում և Հայաստանի մարզերում, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչին հատուկ ուշադրություն եք դարձնում․ կպատմե՞ք դրանց մասին։
- Թե՛ մեր անձնակազմի, թե՛ Երևանի և մարզերի գործընկերների համար կրթական ծրագրեր իրականացնելու հանդեպ «Ուիգմոր»-ի հատուկ ուշադրությունը պայմանավորված է մեր այն խորին համոզմամբ, որ դրական փոփոխության և կայուն զարգացման հնարավոր է հասնել միայն համակարգային մոտեցմամբ և մտածողությամբ։
Համաձայնե՛ք, կրթությունը առողջապահության ոլորտի զարգացման հիմնաքարերից է․ միայն շարունակաբար կրթվելով, գիտելիքը իրար փոխանցելու մշակույթ կերտելով, համակարգը զարգացնելով է հնարավոր հասնել դրական փոփոխությունների։
Այս տարվա ընթացքում մեր կրթական ծրագրերի շրջանակներում «Ուիգմոր»-ի թիմից 21 մասնագետ փորձի փոխանակման հնարավորություն է ստացել արտերկրի առաջատար հիվանդանոցներում՝ Եվրոպայում և ԱՄն-ում; «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կրթության և սոցիալական ծրագրերի բաժնի հետ համատեղ մեր բժիշկները այցելել են Հայաստանի բոլոր մարզերը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կրեդիտավորված դասընթացներ իրականացնելով 662 բժիշկների, առաջնային օղակի 826 բուժքույրերի, մանկապարտեզների և դպրոցների 482 բուժքույրերի, 121 մանկավարժների համար։ Բոլոր մարզային այցելությունների ընթացքում մեր մասնագետները նաև անհատույց խորհրդատվություն են մատուցել 985 փոքրիկ բուժառուի։
- Որո՞նք են այն արժեքներն ու սկզբունքները, որ առաջնորդում են Ձեզ՝ որպես տնօրեն, Ձեր որոշումների կայացման գործընթացում:
- Կառանձնացնեի հավասարությունը։ Որպես ղեկավար դա ինձ համար առաջնային արժեք է․ «Ուիգմոր»-ի բոլոր աշխատակիցներն ունեն հավասար և արժանապատիվ իրավունքներ, բոլոր բուժառուները ստանում են բժշկական հավասարաչափ և մաքսիմալ ուշադրություն՝ անկախ տարատեսակ «ազդեցության» փորձերից։
Նյութի աղբյուրը՝ www.armenpress.am